Ստորև ներկայացնում են Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Զբոսավարները թույլ օղա՞կ, կամ թիրախում զբոսաշրջության ոլորտի ամենաառանցքային աշխատակիցներն են։
Արդեն մի քանի օր է, ինչ իմ զբոսավար գործընկերները զանգեր են ստանում տարբեր զբոսաշրջային կազմակերպություններից՝ սպառնալիքների և մոլորությունների տեսքով։
Որոշ օպերատորներ իրենց տարիների փորձ ունեցող գործընկեր զբոսավարներին սպառնում են, որ կա՛մ նրանք կփոխեն իրենց ԱՁ-ների հարկային դաշտը, կա՛մ անգործ կմնան, իսկ որոշներն էլ, խորամանկելով, բանից անտեղյակ զբոսավարներին համոզում են, թե այլևս չկա միկրոձեռնարկություն, և բոլորը պետք է անցնեն շրջհարկի դաշտ։
Բանն այն է, որ վերջին հարկային փոփոխությունների համաձայն շաութահարկով աշխատող (խոշոր) տուրիստական ընկերությունների կողմից միկրոձեռնարկություններին արված փոխանցումները որպես ծախս չեն դիտարկվելու և հարկվելու են 18% դրույքաչափով։ Իսկ զբոսավարներն, ինչպես հասկացաք, մեծամասամբ միկրոձեռնարկատերեր են։
Դե մեր օպերատորներն էլ նստել, մտածել են, թե ինչ անեն, ոնց անեն, ում դնեն զոհասեղանին, ու եկել են որոշման, որ դա պիտի լինեն զբոսավարները։ Այն մասնագետները, ովքեր զբոսաշրջության ոլորտի թերևս ամենախոցելի աշխատակիցներն են, ովքեր ամենատուժվածն են COVID-19-ի արդյունքում, ովքեր չնայած 1+ տարվա պարապուրդին և ֆինանսական հսկայական կորուստներին, չնայած երկրում տիրող գնաճին, դոլար-եվրոյի կուրսի անասելի նվազմանը, ինչի արդյունքում բավական կրճատվել է նաև թեյավճարից եկող եկամուտները, չեն դնում իրենց աշխատավարձերի բարձրացման հարցը՝ հասկանալով նաև օպերատորների առաջ ծառացած դժվարությունները։
Իսկ այ մեր որոշ օպերատորներ նստել, հաշվարկել են, որ ավելի լավ է իրենց հարկային բեռը դնել զբոսավարների ուսերին, և դա անում են ոչ թե բանակցությունների, հակառակ կողմին լսելու, այլ հեռախոսազանգերի, սպառնալիքների, վերջնագրերի լեզվով։ Ինչպիսի՜ էթիկա, ինչպիսի՜ գործընկերական հարաբերություններ։
Ոլորտից անտեղյակ մարդկանց համար հատուկ նշեմ, որ էստեղ խոսքը չի գնում զբոսավարների հարկերից խուսափելու մասին, հակառակը։ Տարիներ առաջ հենց նույն տուրօպերատորների հորդորներով բոլոր զբոսավարները ֆիզիկական անձանցից վերածվեցին ԱՁ-ների (միկրոձեռնարկությունների)՝ ազատելով օպերատորներին եկամտահարկ վճարելու բեռից։
Այսինքն ստացվում է, որ մենք՝ զբոսավարներս, գործելով լիովին օրինական դաշտում, օգտվում ենք պետության կողմից տրված արտոնությունից, այն է՝ լինել միկրոձեռնարկատեր և ազատված լինել հարկերից, բնականաբար վճարելով բոլոր պարտադիր և սոց․վճարները։
Իսկ հիմա, մեր որոշ “սիրելի” օպերատորներ շանտաժի միջոցով փորձում են ստիպել մեր ոլորտի մասնագետներին՝ հրաժարվել պետության կողմից տրված արտոնությունից և մտնել հարկային բեռի տակ, որպեսզի հանկարծ իրենք ավել բեռ իրենց վրա չվերցնեն։ Ինչպիսի՜ խորամանկություն, ինչպիսի՜ հանդգնություն։
Ես հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունն այս խնդրին՝
Կոչ եմ անում ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA-ին կազմակերպել հանդիպում շահագրգիռ կողմերի հետ և ուշադրության կենտրոնում պահել սույն խնդիրը։
Կոչ եմ անում մեր գործընկերներին չվախենալ “անգործ” մնալուց, չընկրկել, իսկ ցանկացած հարցով խորհրդատվության և աջակցության համար անհապաղ դիմել Armenian Association of Professional Tourist Guides / AAPTG-ին։ Մենք միասին ենք
Ասոցիացիան շուտով հանդես կգա նաև պաշտոնական դիրքորոշմամբ և հայտարարությամբ։
Խնդրում եմ նաև լրագրող ընկերներիս ուշադրության արժանացնել այս խնդիրը»։