Վարակազերծիչ ուլտրամանուշակագույն լամպերը կարող են վատացնել օդի որակը շինություններում, պարզել են Հելսինկիի համալսարանի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Environmental Science & Technology-ում։
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը թույլ է տալիս ոչնչացնել վարակների տարբեր հարուցիչներ, ներառյալ մանրէներն ու վիրուսները, այդ թվում SARS-CoV-2-ը։ COVID-19 համավարակը օդի ավելի մեծ ծավալներ վարակազերծելու անհրաժեշտություն առաջացրեց, բայց այդ մեթոդի ազդեցությունը մարդու առողջության վրա դեռ հայտնի չէ։
Նոր հետազոտությունում գիտնականները պարզել են, որ վարակազերծիչ ուլտրամանուշակագույն լամպերը զգալիորեն ավելացնում են որոշ գազերի եւ մանր մասնիկների խտությունը, որոնք կապված են մի քանի շնչառական հիվանդությունների հետ։
Գիտնականների կարծիքով՝ ավելի լավ է անմիջապես չմտնել այն շինություն, որտեղ վարակազերծում է կատարվել, այլ սպասել 30-40 րոպե կամ օգտագործել արդյունավետ ռեսպիրատոր։
Նրանք նաեւ նշել են, որ հետազոտության արդյունքները չի կարելի կիրառել այլ սարքերի պարագայում, քանի որ օդի որակը կախված է ուլտրամանուշակագույն ճառագայթման տեւողությունից եւ ալիքի երկարությունից, ինչպես նաեւ վարակազերծման ենթակա շինության չափից, օդափոխությունից եւ օդի որակից։ Գիտնականների եզրակացությունները վկայում են հետագա հետազոտությունների անհրաժեշտության մասին։