Աստվածուհի գետի ու հայոց արքաների գերեզմանի մասին․․․ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աստվածուհի գետի ու հայոց արքաների գերեզմանի մասին․․․

ԱՍՏՎԱԾՈՒՀԻ ԳԵՏԻ ՈՒ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԻՄԱՐՍ ԱՆԳԻՏԱՑԱՎ ԻՄԱՆԱԼ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ

Քանի որ մի քանի օր առաջվա հրապարակումս հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն Թուրքիայի հայ բնակչության մասով, այլև իմ վաղամեռիկ ընկեր ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊՆՅԱՆԻ հանգամանքով, ապա այդ զույգ թեմաների ընդգրկմամբ ևս մեկ պատմություն, որ գիտեն իմ ընկերներից մի քանիսը:

2016 կամ 2017 թվականն էր: Ամռան մի կեսօրի զանգում է Սարգիսը:

– Բարև: Որտե՞ղ ես,- հարցնում է ու առանց բարևի պատասխանն առնելու՝ շարունակում,- քո սենյակո՞ւմ ես, թե՞ տանը, ո՞ւր գամ: Կարո՞ղ եմ գալ, անակնկալ եմ ուզում անել:

– Պոլիտեխնիկում եմ,- ասում եմ,- հանգիստ արի:

20 րոպե չանցած սենյակիս դուռը բացվում է, և ներս է մտնում Սարգիսն իր ողջ շքեղությամբ: Բայց հետևից ներս է գալիս ևս մեկը՝ Սարգսի պես պարթևահասակ, ջլապինդ, սևահեր ու վառվռուն աչքերով մի երիտասարդ, մոտ 25 տարեկան: Բարևում եմ ոչ միայն Սարգսին, այլև երիտասարդին ու ձեռքս մեկնելով ասում՝ Միքայել:

Երիտասարդը լռում է, իսկ Սարգիսը՝ ծիծաղում.

– Հայերեն չի հասկանում, հենց հիմա գալիս ենք Էջմիածնից: Առաջին անակնկալը հենց սա է: Քո պատվին բանտում նստած ընկերոջդ անունով անունը փոխեցինք ու դրեցինք Շանթ:

«Շանթ» բառը հասկանում է երիտասարդն ու ժպտում:

– Դե, էլ մի շողոքորթիր,- ասում եմ,- հենց Շանթի պատվին էլ դրել ես ու լավ ես արել:- Խոսքը սիրելի ընկերոջս՝ Շանթ Հարությունյանի մասին է:

Սարգիսը, որ ինչպես գրեթե բոլոր սփյուռքահայերը շատ ու գեղեցիկ խոսելու սիրահար էր, զարմանալիորեն միանգամից անցնում է գործի.

– Բայց սա քո իմացածներից չէ, որ ծպտյալ հայ են. մի քանիսին ծանոթացրել եմ, հիշում ես:

– Հիշում եմ,- ասում եմ, թեև ոչ թե հարցնում է, այլ հաստատուն ասում:

Զարմանում եմ, թե էլ ուրիշ ի՞նչ տեսակի հայ է պեղել:

– Սրանք գիտեն, որ հայ են, բայց մահմեդական են ու ոչ թե քրդախոս, այլ թրքախոս, ապրում են Արևմտյան Հայաստանում, ու չեն էլ թաքցնում, որ հայ են:

Սարգիսը, որ իմ լուսավորողն էր նման հարցերում, ասել էր, իհարկե, այդ տեսակի մասին, բայց դեռ որևէ մեկի հետ չէր ծանոթացրել՝ չհաշված Հրանտ Դինքի եղբորը՝ Երվանդին: Բայց Երվանդը հայերեն խոսում էր, թեև Սարգիսը ստիպված երբեմն միջամտում էր թարգմանությամբ, որ միմյանց լավ հասկանանք:

– Բայց դրա համար չէ, որ բերել եմ քեզ մոտ: Պետք է օգնես: Ուրեմն այս տղան հետաքրքիր պատմություն է անում իր ապրած տեղի մասին:- Պատմական Երզնկայի մոտերքից ինչ-որ մահմեդական անվանմամբ բնակավայրի անուն է տալիս:- Հիմա պիտի ապշես, երբ պատմությունը լսես:

Ու նորընծա Շանթը (մահմեդական իր անունը չեմ հիշում) սկսում է պատմել, որ իրենց փոքրիկ ավանում ապրում են թուրքեր, քրդեր ու քիչ թվով թրքախոս հայեր: Ասում է, որ իրենց ավանի մոտ ավերակներ կան ու մի անձավ: Ասում է, որ բոլոր տեղացիները դրան ասում են «Հայ թագավորների գերեզման»:

Լարվում եմ ու հարցնում.

– Թուրքերն ու քրդերն էլ նո՞ւյնն են ասում:

– Այո,- պատասխանում է:- Եղան մարդիկ, որ փորձեցին այդ շատ նեղ անձավով վար իջնել: Շատ երկար է ու բացարձակ մթություն է: Մի երկու հոգի վախից խելագարվել են, երբ շատ իջնելուց հետո մոմը հանգել է, երևի թթվածինն է քիչ եղել: Ես էլ եմ իջել: Մի անգամ իջա՝ մոմս հենց հանգեց՝ ետ ելա: Հետո գնացի Անկարայից հանքափորի լուսարձակող սաղավարտ գնեցի ու թթվածնի բալոն: Եկա նորից փորձեցի: Իջա մինչև հատակը: Շուռ եկած ու շուռ չեկած մեծ ու փոքր շատ քարեր կային, բոլորը տաշված ու ողորկված: Խաչերով չէին ոնց որ, բայց վրաներն ինչ-որ բան գրված էր, նկարներ կային մի քանի քարի վրա: Ինձ թվաց՝ տապանաքարեր են: Գուցե հայերեն լինեին, ես հայերեն տառեր չգիտեմ: Լուսանկարելու սարք էլ չէի վերցրել, որ հիմա նկարներ ունենայի: Բայց հետո էլի մի ավելի նեղ անցք էլ կար. այդտեղից վախեցա շարունակել:

Այստեղ Սարգիսն ընդհատում է երիտասարդին ու դառնալով ինձ ասում.

– Դե ասա՝ ի՞նչ է տեսել:

– Սարգիս, ես ինձ թույլ չեմ տա ոչ մի կարծիք հայտնել, ես հարգում եմ պրոֆեսիոնալիզը, դա իմ թուլությունն է,- Բենդերի հանգույն կիսակատակում եմ ես:

Սարգիսը թե՝

– Բա ես էլ սրան ասել եմ, թե դու ամեն բան գիտես,- ու սկսում է քահ-քահ ծիծաղել:

– Մի՛ ծաղրիր,- ասում եմ,- բայց հաստատ մի բան գիտեմ, որ դու չգիտես: Պետք է դիմել պրոֆեսիոնալի:

– Ո՞ւմ,- հարցնում է:

– Մի հրաշալի տղա կա, անունը Սամվել Կարապետյան, ճանաչո՞ւմ ես:

– Չէ՛, լսել եմ, բայց անձամբ չեմ ճանաչում: Հայաստանում ես քեզնից շատ մարդու գիտեմ անձամբ, բայց Սամվելին չեմ հանդիպել:

– Լավ,- ասում եմ,- սպասիր:

Զանգում եմ Սամվելին: Սամվել Կարապետյանը եզակի մի անհատականություն էր, որ մի քանի ինստիտուտի գործ արեց իր կարճատև կյանքի ընթացքում: Սամվելին Ճանաչում էի 1983 թվից, երբ գաղտնի մի սենյակում նայում էինք Ադրբեջանի տարածքում իր արած սլայդները: (Հիմա տողերի արանքում ասեմ, որ եթե այս գրածս կարդան ԿԳԲշնիկները, կարող են իրենց փողկապներն ուտել, քանի որ որքան էլ 1985 թվին Վահան Իշխանյանից ու ինձնից հարցաքննությունների ժամանակ փորձեցին իմանալ, թե ով է եղել մեզ գաղտնի այդ սլայդները ցույց տվողը, այդպես էլ չկարողացան: Հետագայում, երբ Սամվելի հետ հիշեցինք այդ մեր «ընդհատակյա» օրերը, Սամվելն ասաց, որ երբ լսել էր, թե մեզ բռնել են այլ գործի վրա, ամեն օր սպասում էր, թե իր ետևից էլ են գալու:) Ափսոս Սամվելը…

Խոսեցի Սամվելի հետ: Ձայնը նվաղ էր: Համառոտ պատմեցի այն, ինչ այդ երիտասարդն էր պատմել: Ասաց.

– Համարս տուր՝ թող կապվեն: Ինքս չեմ կարողանա գնալ, բայց տղաները երևի կկարողանան: Հերթի դրած շատ բաներ կան անելու, այս տարի չի լինի:

Սամվելի հեռախոսահամարը փոխանցեցի Սարգսին: Բայց ինձ համար թագավորների այդ գերեզմանից ավելի ապշեցուցիչ եղավ մեկ այլ անակնկալ: Ուրեմն նորընծա Շանթը պատմեց, որ իրենց ավանի եզրով թե միջով հոսում է մի գետ: Ավանի բոլոր տղաներն այնտեղ են լողալ սովորում, իսկ ամառները լողում են առավոտից երեկո:

– Բայց,- ասում է,- մի բան կա, որով կտարբերես, թե լողացող երեխաներից որն է հայ, որը՝ ոչ հայ: Հայ երեխաներին մանկուց սովորեցրել են, որ այդ գետակը մեր աստվածուհին է, սուրբ է, ուրեմն երբ հանկարծ միզել ուզենանք, իրավունք չունենք գետի մեջ միզել, որ չանպատվենք աստվածուհուն: Պետք է դուրս գանք, այնքան հեռանանք, որ գետակը չերևա, անցնենք մի թփի ետևում հոգանք մեր կարիքը: Ավելին,- ասում է,- ինչ ես ինձ հիշում եմ՝ հայրս ու հորեղբայրս իրար հետ չեն խոսում, խռով են: Պատճառն այն է, որ հայերի տուն ջրի երկու խողովակ է մտնում: Մեկն այդ գետից է, մյուսն ուրիշ տեղից: Այդ գետի ջուրը մենք իրավունք ունենք օգտագործել միայն խմելու, ճաշ պատրաստելու, այսինքն մաքուր բաների համար, իսկ զուգարանի համար այլ խողովակ է մտնում հայերի տները: Հորեղբայրս երբ իր տունը սարքել է, քրդերի ու թուրքերի նման միայն մի խողովակ է անցկացրել՝ գետի ջրինը: Հայերը համարել են, որ դա անպատվություն է, ու ոչ մի հայ չի շփվում հորեղբորս ընտանիքի հետ:

Այ, սա իրոք անակնկալ էր, ապշեցուցիչ հայտնություն ինձ համար: Հիմա Սարգիսը՝ քայլող հանրագիտարան այդ եղբայրս այժմ չկա, Սամվելը՝ երիցս խնկելի հայրենասերը՝ ևս:

Այս պատմությունը ես իմ մի քանի ընկերներին պատմել եմ: Մի անգամ այս պատմությունը գրառեցի նաև իմ սիրելի բարեկամ Սեյրան Գրիգորյանի ֆեյսբուքյան մի նյութի տակ, որն առնչվում էր նման մի խնդրի: Նա խորհուրդ տվեց, որ երբևէ մանրամասնորեն գրեմ այդ պատմությունը: Հիմա կատարեցի Սեյրան Գրիգորյանի հորդորը, բայց սա այն ամենն է, ինչ այդ օրն իմացա, որովհետև հիմարս միշտ կարծում էի, թե ամբողջ կյանքիս ընթացքում կողք կողքի կքայլեմ Սարգսի հետ, ու հիմա չեմ հիշում ո՛չ Շանթ օծված այդ տղայի ավանի, ո՛չ աստվածուհի գետի անունը, միայն Սարգսի ասածն եմ հիշում, թե Երզնկայի մոտերքն է:

Սարգիս Հացպանյան ազնիվ հայորդուն կարոտով հիշող մարդիկ, ովքեր կկարդան սա, խնդրանքս է, որ փորձեն խնկարկել նրա անունը՝ տեղորոշելով, թե ի՛նչ գետի մասին է խոսքը, թե ինչպե՛ս պետք է հատ-հատ հավաքել ճղակոտոր մեր ցեղի մնացորդացը, որ այլադավան ու այլախոս, բայց մե՛նք ենք, նույնն ենք:

Միքայել Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից