Հայ տղամարդիկ՝ «մեղմ ու բարեհամբո՞ւյր», թե՞ «համարձակ եւ ավտորիտար».
Բազմաթիվ ռուս կանայք Հայաստան են ժամանել կարծրատիպերի իրենց «ճամպրուկով», ոմանք՝ նաեւ որոշակի վախերով։ Բայց հանուն արդարության՝ նշենք, որ մեր տղամարդկանց հաջողվել է կոտրել իրենց մասին ձեւավորված կարծիքներից որոշները։
Շատերը խոստովանում են, որ մինչ Հայաստան գալը հայ տղամարդկանց համարում էին պահանջկոտ, կոպիտ, ավտորիտար եւ, ինչ-որ տեղ, «կպչուն»։ Մի խոսքով, տղամարդիկ, որոնց հետ չարժի շփվել։
«Պարզվեց՝ ճիշտ հակառակն է։ Ռուսաստանում, երբ տեսնում էի մի խումբ հայերի, փորձում էի արագ փոխել ճանապարհս, հատկապես, եթե խումբը մեծ էր։ Բայց Հայաստան ժամանելուց հետո նկատեցի, որ հայ տղամարդիկ շատ հարգալից են իմ եւ իմ ծանոթների նկատմամբ։ Նույնիսկ, բարերում ու ակումբներում նրանք շատ ուշադիր էին մեր հանդեպ, բայց միեւնույն ժամանակ չէին «չամռվում»։ Չի եղել դեպք, որ մենք խնդրեինք հեռանալ, բայց նրանք մնային»,- ասում է Կատյան։ Նա խոստովանում է, որ այս առումով հայ տղամարդիկ անհամեմատ տարբերվում են ռուսներից. «Ես չէի սպասում նման հարգալից վերաբերմունք, հատկապես՝ մի ակումբում, որտեղ տղամարդիկ, այսպես ասած, «հարբած» են։ Ռուսաստանում նման բանի մասին երազել անգամ չես կարող»,- հավելում է նա։
Իսկ ի՞նչ են մտածում ռուս աղջիկները հայ տղամարդկանց մոտեցումների ձեւերի մասին.
«Փողոցում շատ ժամանակ ես կանգնած եմ լինում՝ աչքս հեռախոսիս եւ կորած հայացքով, հետեւաբար, որպես կանոն, ծանոթության փորձը սկսվում է «Օգնության կարիք ունե՞ս» արտահայտությամբ, իսկ հետո հետեւում է ֆլիրտը», – պատմում է Կատյան:
«Ռուս կնոջ համար հեշտ է գրավել հայ տղամարդուն. ուղղակի մի քանի բառ հայերեն ասա, կամ ասա, որ հայերեն ես սովորում, կամ թեկուզ, որ ուզում ես հայերեն սովորել: Այս ձեւով դուք կարող եք դուր գալ ցանկացածին՝ ոչ միայն տղամարդուն… Հայերը շատ են սիրում իրենց լեզուն»,- ասում է Յանան։
Մեր մյուս զրուցակիցը՝ Լյուսին, համեմատելով ռուս եւ հայ տղամարդկանց՝ կնոջը մոտենալու ձեւերը, մատնանշեց հետեւյալ տարբերությունը. «Ռուսները սովորաբար հարցնում են. «Ո՞ւր ես գնում», «Որտեղի՞ց ես» կամ «Ի՞նչ ես կարդում»: Հայերն անմիջապես մեկնաբանում են արտաքինդ` ասելով. «Ինչ գեղեցիկ ես» կամ «Պատահաբար մոդել չե՞ս»:
Ինչպես նշում են աղջիկները, «Մայրիկիդ փեսա պետք չէ՞» արտահայտությամբ Հայաստանում իրենց չեն մոտեցել։
Նրանք ծանոթացնում են ոչ թե մայրերի, այլ մեքենաների հետ․
Հայ տղամարդկանց մասին մեկ այլ կարծրատիպ կա. Ասում են՝ հայ տղամարդու սիրային եռանկյունին հետեւյալն է՝ կինը սիրում է իրեն, իսկ ինքը՝ մորը։ Բայց այսօր մայրիկը լուրջ մրցակից ունի.
«Առանց բացառության բոլոր հայ տղամարդիկ, որոնց հետ հանդիպել եմ, ինձ «ծանոթացրել» են իրենց մեքենաների հետ։ Նրանք սիրում են խոսել ապրանքանիշի, արտադրողի, գործառույթների և այլնի մասին, իսկ մեքենան նստելուց հետո սկսվում է «շրջայցը». «Այ, սա բաժակների տեղն է», հետո ցույց է տալիս նստատեղերը. «Դրանք տաքացվում են»: Հետո անպայման ցույց կտա, թե ինչպես կարելի է թեքել եւ շարժել այն. «Փորձիր, քո նստարանն էլ է աշխատում»… Ոմանք նույնիսկ զգուշացնում են, որ մեքենայում չես կարող ուտել, որովհետեւ «հենց նոր է լվացվել»»,-պատմում է Մաշան։
«Իմ երկրպագուներից մեկը մեքենա չուներ, բայց խնայում էր դրա համար: Մի անգամ զբոսանքի ընթացքում նախադասությունն ընդհատեց, ու այդ պահին ինձ թվաց, թե մի գեղեցիկ աղջկա էր նկատել։ Բայց հետեւելով հայացքին՝ նկատեցի մի սեւ մեքենա։ Եթե լսեր, որ ես այն սեւ եմ անվանել, դասախոսություն կկարդար մոդելի, շարժիչի հզորության եւ «սեւի» այլ «հետաքրքիր» հատկանիշների մասին, բայց ես միայն հիշում եմ, թե ինչ գույնի էր: Խոսակցությանը «վերադարձավ» միայն այն ժամանակ, երբ ես սկսեցի ծիծաղել․ նա ուշքի եկավ ու ասաց. «Չէի կարող չնայել. այնքան կատարյալ է»: Մի խոսքով, լուսարձակները, պարզվում է, ավելի գրավիչ են, քան իմ աչքերը»,- կատակում է Ալիսան։
Սիրելի հայրիշխանությունը
Մեր զրուցակից Վիկտորյան պատմել է, թե ինչու է նախընտրում հայերին ռուսներից.
«Հայ տղամարդիկ ավելի համառ են՝ «տեսա, հաղթեցի». Նրանք ավելի համարձակ են։ Այստեղ դեռ կա հայրիշխանություն, ինչն ինձ շատ է դուր գալիս։ Այստեղ ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի՝ կինը օջախի պահապանն է, նա խոհանոցում է։ Կինը կարող է աշխատել, բայց նրա տղամարդը թույլ չի տա, որ տառապի աշխատանքային սթրեսից: Տղամարդը պահում է տունը, նա է կերակրողը ՝ այնպես, ինչպես ընդունված էր մեր պապերի մոտ․ սա դեռ պահպանվում է այստեղ, եւ ինձ շատ է դուր գալիս։ Կարեւորվում են ընտանեկան արժեքները։ Հայ տղամարդիկ պաշտում են երեխաներին, իսկ ընտանիքը նրանց համար առաջին տեղում է»։
Օլյան ասում է, որ տպավորված է երեխաների նկատմամբ հայերի՝ նույնիսկ երիտասարդ տղաների վերաբերմունքից։
«Ինձ զարմացրել է, թե ինչպես են հայ տղաների հուզվում, երբ երեխայի են տեսնում։ Նրանք, նույնիսկ, չեն վախենում այն մտքից, որ իրենց ուշադրությունը կարող է սխալ հասկացվել։ Հիշում եմ՝ կանգնած էինք, սպասում էինք սուրճի, ցրտից դողում էինք։ Երկուսիս ատամներն էլ ուժեղ սեղմվում էին, ու անհնար էր ինչ-որ բան ասել, ինչը մեզ ծիծաղեցնում էր։ Իսկ հետո մեր կողքով անցավ մի մայր՝ երեխայի հետ։ Նրան այնքան հուզեց երեխան, որ, նույնիսկ, մոռացավ կրճտացնել ատամները»։
Բացառություններ էլ են լինում․
Իհարկե, ոչ բոլոր հայ տղամարդիկ են հրեշտակներ։ Թեեւ մեր զրուցակիցներից շատերը բացասական ոչինչ չասացին, սակայն եղան բացառություններ.
«Երբեմն ինձ թվում է, թե այստեղ ինձ, պարզապես, «թրոլինգի» են ենթարկում: Դեռ չի եղել այնպես, որ զբոսնեմ ու իմ հասցեին որեւէ մեկնաբանություն չլսեմ։ Սա, իհարկե, զայրացնում է։ Բոլորը հարկ են համարում մեկնաբանել իմ արտաքինը, ինչ-որ բան ասել, այն էլ՝ ոչ միշտ ռուսերենով։ Հատկապես մեծահասակ տղամարդիկ կարող են նայել ու հայերենով ինչ-որ մեկնաբանություն անել․ թեեւ դու չես հասկանում, բայց զգում ես, որ քեզ է ուղղված։ Հատկանշական է, որ առավելագույնը մեկ արտահայտություն են անում, նույնիսկ, չեն մոտենում, չեն փորձում ծանոթանալ», – նշում է Օքսանան:
Ի դեպ, պարզվեց, որ ոչ միայն ռուս կանայք կարծրատիպեր ունեն հայ տղամարդկանց մասին, այլեւ որոշ հայ տղամարդիկ՝ ինչպես ռուս, այնպես էլ՝ հայ կանանց մասին։
«Ամբողջ հանդիպման ընթացքում նա պատմում էր, թե որքան աշխատասեր ու համեստ են հայ աղջիկները։ Նա ասում էր, որ հայուհիները միայն ամուսնությունից հետո են ունենում սեռական հարաբերություններ, ինչը ինքը բարձր է գնահատում։ Այդպիսով, նա, ակնհայտորեն, ակնարկում էր, որ ռուսներն անառակ են՝ ասելով, որ հայ կանայք երբեք թույլ չեն տալիս այն, ինչ թույլ են տալիս ռուսները։ Դե, վերջում ես, բնականաբար, փախա, քանի որ «մոռացել էի կատվիս կերակրել»,- պատմեց մեր ռուս զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ։
Ավելի ապահով, քան սպիտակ գիշերները․
Նորեկներից շատերը ցանկանում են ակտիվ զբոսնել եւ քաղաքը տեսնել գիշերով։ Սակայն սկզբում այս միտքը աղջիկներին գայթակղիչ չի թվացել՝ որոշակի մտահոգությունների պատճառով։
«Այս կապակցությամբ իմ բոլոր մտավախությունները գոլորշիացան մի քանի հանգիստ երեկոյան զբոսանքներից հետո: Մոսկվայում ինձ այդպիսի բան չէի կարողանա թույլ տալ։ Երեկոյան միայնակ զբոսնելը, իհարկե, լավագույն գաղափարը չէ, բայց ոչ Երևանում․ այստեղ շատ ապահով է։ Հաճախ եմ մթության մեջ զբոսնող երեխաների հանդիպում»,- նշում է Կատյան։