«Երբ ծառերը ծաղկում են…». քաղցկեղը հաղթահարած փոքրիկ պացիենտների պատմությունների գիրք
Advertisement 1000 x 90

«Երբ ծառերը ծաղկում են…». քաղցկեղը հաղթահարած փոքրիկ պացիենտների պատմությունների գիրք

Ինչո՞ւ ես

«Ինչո՞ւ ես»։ Այս հարցն ամենից հաճախ է հնչում, երբ քո երեխային քաղցկեղ են ախտորոշում: Բայց ես վերաձեւակերպել եմ հարցը։ Ինչո՞ւ ոչ ես: Հիմա ես ունեմ իմ բանաձեւը՝ նշանակում է, որ ես ավելի ուժեղ եմ եղել, իմ երեխան ավելի ուժեղ է եղել, եւ մենք կարողացել ենք հաղթահարել այս փորձությունը»,- ասում է Սելենայի մայրը, ում 2015 թվականին մեդուլոբլաստոմա են ախտորոշել: Այժմ աղջիկը 12 տարեկան է, սովորում է 6-րդ դասարանում, նկարում է եւ սիրում է երգել։

Իսկ այն ժամանակ՝ 2015-ին, նրան քիչ շանսեր էին տալիս, եւ շրջապատի մարդիկ կարող էին մորը՝ Արաքսին հարցնել՝ իսկ ինչքա՞ն կապրի աղջիկը։ «Բայց ես չէի զայրանում այդ հարցերից։ Դրանք ինձ մոտիվացնում էին, ես շատ աշխատանք ունեի անելու, որպեսզի բոլորին ապացուցեի, որ այս երեխաները կյանքի, սիրելու եւ մնացած բոլորին ապրել ստիպելու լիարժեք իրավունք ունեն»,- արցունքն աչքերին ասում է մայրը։ Կինը դստեր բուժման ընթացքում թողել է լրագրողի մասնագիտությունը եւ բուժքույրի աշխատանքը սովորել՝ մյուս հիվանդներին օգնելու համար։

Նրա առաջարկը քաղցկեղը հաղթահարած երեխաների ծնողների թիմ ստեղծելն է, որպեսզի նրանք օգնեն այն ծնողներին, որոնց երեխաները նոր են սկսել անցնել այդ ճանապարհը: Նրա խորհուրդը ծնողներին՝ երբեք մի հուսահատվեք: «Դա շատ դժվար է, գիտեմ, բայց դուք պետք է հասկանաք, որ ոչ բոլորին է տրված պայքարելու իրավունք, եւ եթե դա ձեզ տրված է, ապա գնացեք մինչեւ վերջ։ Ճանապարհը կլինի քարքարոտ, հաճախ կընկնեք, ամբողջ մարմինը կցավի, բայց չի կարելի հանձնվել։ Նույնիսկ այսօր, երբ ամեն ինչ հետեւում է, մենք շարունակում ենք ապրել ամեն օր եւ ամեն պահ»,- շարունակում է նա։

Ապրել ժպտալով

«Մորս համար ծանր էր, նա անընդհատ լալիս էր, իսկ ինձ չէր կարելի հուսահատվել, ես միշտ ժպտում էի, հատկապես ծնողներիս ու հարազատներիս ներկայությամբ։ Իմ ժպիտը նրանց համար կարեւոր էր, եւ դա կյանքի հույս էր տալիս, եւ ինձ համար էլ ժպիտով պայքարելն ավելի հեշտ էր»,- ասում է 20-ամյա Լիանան, որին երեք տարի առաջ լիմֆոբլաստային լեյկոզ են ախտորոշել։ Եվ նա անընդհատ ժպտում է: Երիտասարդ աղջկա համար, իհարկե, ծանր էր մազերը կորցնելը, բայց նա տեսնում էր, թե ինչպես են իրենից փոքր երեխաները դիմանում դրան, եւ դա նրան ուժ էր տալիս։ «Դու հասկանում ես, որ պետք է ավելի ուժեղ լինես այն երեխաների համար, որոնք ուզում են հավասարվել քեզ»,- ասում է աղջիկը:

Պացիենտից բժիշկ ուղին

«Ես կստեմ, եթե ասեմ, որ լիովին հասկանում էի, թե որքան լուրջ է իմ հիվանդությունը»,- ասում է բժշկական համալսարանի օրդինատոր Արզումանը, որին 2009 թվականին 14 տարեկանում լիմֆոմա են ախտորոշել: Նրա խոսքով, բուժումը սկսելուց անմիջապես հետո իր վիճակում դրական դինամիկա է նկատվել, եւ դա հույս է ներշնչել։ Բայց 9 ամիս հիվանդանոցում, տնից հեռու, ընկերներից հեռու ապրելը շատ դժվար էր, հիշում է նա։ Իսկ նրան բուժող բժիշկների մասնագիտական ու մարդկային որակները ոգեշնչել են երիտասարդին ընտրել ապագա մասնագիտությունը։

Դա երկրաշարժի էր նման

«Երբ լսեցի աղջկաս ախտորոշումը` Վիլմսի ուռուցք, սարսափելի էր, դա երկրաշարժի էր նման: Մինչ այդ ես նվազագույն պատկերացում անգամ չունեի այդ հիվանդության մասին»,- ասում է երեխայի մայրը, որը չի ցանկացնում նշել անունը։ Այդ ժամանակ՝ 2018 թվականին, աղջիկը չորս տարեկան է եղել։ Նա մեկ տարի բուժում է ստացել՝ քիմիաթերապիա, հետո երիկամների հեռացում, հետո նորից քիմիաթերապիա։

Այժմ, մոր խոսքով, ծանր փորձություններից հետո երեխան իր տարիքին ոչ համապատասխան խելացի է, պատասխանատու եւ ուշադիր բոլորի հանդեպ։ «Անընդհատ ասում է, որ ես աշխարհի ամենալավ մայրիկն եմ, եւ անընդհատ շնորհակալություն է հայտնում ինձ»,- արցունքն աչքերին խոստովանում է մայրը։

Պետք չէ պատկերացնել ծանր տեսարաններ ֆիլմերից, որտեղ քաղցկեղից մահանում են

«Երբ ինձ ասացին, որ լիմֆոմա ունեմ, ես դրան սովորական հիվանդության պես վերաբերվեցի։ Ես երբեք չէի լսել եւ չգիտեի, թե դա ինչ է: Իսկ երբ հասկացա եւ գիտակցեցի, որ կարող է վատ ելք ունենալ, սկսեցի մտածել՝ ինչո՞ւ է ինձ նման ճակատագիր բաժին հասել,- ասում է 25-ամյա խոհարար եւ երգիչ Սամվելը, որին 15 տարեկանում են ախտորոշել, եւ շարունակում է,- Բայց հետո հասկանում ես, որ կարելի է պայքարել, եւ վերջը լավ կլինի։ Հասկանում ես, որ պետք չէ ֆիլմերից ծանր տեսարաններ պատկերացնել։ Պետք է պայքարել, եւ հիվանդությունը հաղթահարելի է։ Հասկանում ես, որ պետք է անցնես այդ ճանապարհը հանուն քո ընտանիքի, եւ պետք է մտածես ոչ թե այն մասին, թե ինչ կա հիմա, այլ այն մասին, թե ինչ կլինի հետո, երբ առողջանաս։ Եթե դու թեւաթափ լինես, ապա ի՞նչ անեն այն երեխաները, որոնք քեզնից փոքր են»:

«Երբ ծառերը ծաղկում են…»

Քաղցկեղը հաղթահարած երեխաներն ու երիտասարդներն իրենց ծնողների հետ այսօր՝ փետրվարի 15-ին, մանկական ուռուցքաբանության դեմ պայքարի օրը հավաքվել են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՝ «Երբ ծառերը ծաղկում են…» գրքի շնորհանդեսին, որը կազմված է նրանց պատմություններից։

Գրքի հեղինակներից Ալիսա Քամալյանը պատմում է, որ գրքի ստեղծման գաղափարը ծնվել է ինքնաբուխ՝ պացիենտների հետ շփվելիս բժիշկները հասկացել են, որ բուժվողներին անհրաժեշտ են հաջողության պատմություններ, փորձ եւ խորհուրդներ այն հիվանդներից, որոնք ապաքինվել են։ Հոգեբան Անի Հովհաննիսյանի եւ ճառագայթային թերապեւտ Սերգո Մխիթարյանի հետ նա հավաքել եւ ձայնագրել է այս պատմությունները, իսկ գրքի հրատարակությունը հովանավորել է City of Smile հիմնադրամը, որի առաքելությունը օնկոլոգիայով հիվանդ երեխաների բուժումը ֆինանսավորելն է։ Գրքի վաճառքից ստացված գումարը կտրամադրվի նույն հիմնադրամին, որպեսզի կրկին ուղղվի երեխաների բուժմանը։

news.am