Հայաստանում կարելի է ցանկացած ճաշակի ու գույնի գինի գտնել, պարզապես պետք է ճիշտ կողմնորոշվել դրա ոճում՝ թե որն է ավել մոտիկ ձեզ, ասում է ազգությամբ ռուս գինու փորձագետ Եվգենիա Խավտորինան, որի հետ NEWS.am STYLE-ը զրուցել է հայկական գինու եւ խոհանցի, ինչպես նաեւ՝ մասնագիտական այլ հմտությունների մասին։
Հայկական գինիների մասին
Հայկական գինիներին այստեղ տեղափոխվելուցս շատ ավելի վաղ եմ ծանոթացել։ Մեզ դրա մասին պատմել են դասընթացի ընթացքում, որտեղ այն հրաշալի ձեւով են ներկայացրել։ Մեզ նաեւ հնարավորություն էր վիճակվել այցելել գինու գործարաններ, ծանոթանալ գինեգործների հետ։ Գինեգործության մեջ կան մի քանի խոշոր ուղղություններ՝ որոշները կենտրոնացած են ավանդական տեսակների վրա։ «Արենի»-ն ու «Ոսկեհատ»-ը հայկական գինեգործության ամենահայտնի օրինակներից են, որոնք ծրագրում են միջազգային հարթակում դառնալ հայկական գինու գլխավոր ներկայացուցիչները։ «Արենի Նուար»-ը բազմակողմանի տեսականի է, որից կարելի է պատրաստել, ինչպես եվրոպական ամենաէլեգանտ՝ Pinot Noir-ի եւ բուգունդական ոճի, այնպես էլ՝ ամենաբրուտալ ոճի գինիներ։
Գրենաշն, օրինակ, Արագածոտնի մարզից է բերվում․ սա հարավային, տաք վայր է, որտեղ շատ քիչ են տեղումները լինում, ինչի շնորհիվ խաղողը բավական քացր է, համապատասխանաբար՝ գինին ավելի շատ չափաբաժնով ալկոհոլ եւ դաբաղանյութեր է պարունակում։ Այս տեսակները, անպայման, պետք է փորձել՝ Վայոց Ձորի նուրբ «Արենի Նուար»-ը եւ Արագածոտնի կամ Արմավիրի մարզերից՝ ուժեղ «Արենի Նուար»-ը։
Այսօր գինիների շատ այլ տեսակներ են զարգանում, որոնք ստեղծողներն իմ հիացմունքին են արժանանում, քանի որ դրանք շատ բարդ են, թանկարժեք ու քրտնաջան աշխատանք պահանջող։ Օրինակ՝ «Հաղթանակը», «Տիգրանին», «Կարմրանյութը» մեծ ճանաչում են վայելում։ Այսինքն, եթե «Արենի Նուար»-ը չափազանց «խնամված» եւ «կոկիկ» է թվում, ապա փորձեք տեղական ավտոխթոն սորտերը:
Խոսելով սպիտակ գինիների մասին՝ հարկ է նշեմ, որ իմ կարծիքով Հայաստանում կարմիր գինին ավելի հաջող է ստացվում, քան սպիտակը։ Պատճառն այն է, որ այստեղ կլիման տաք է, եւ խաղողը դժվարությամբ է պահպանում իր թթվայնությունը։ Դրա համար էլ ես նախընտրում եմ Վայոց Ձորի սպիտակ գինիները, քանի որ այնտեղ կան բարձրադիր խաղողի այգիներ, որոնք Եվրոպայում ամենաբարձրն են համարվում (ծովի մակարդակից մինչեւ 1800 մետրի հասնող)։ Այդ բարձրության շնորհիվ հաջողվում է պահպանել խաղողի թթվայնությունը, ինչի արդյունքում գինիները ստացվում են թարմ եւ ոչ այնքան ալկոհոլային։ Հենց դա էլ հատուկ է սպիտակ գինիներին։ Իսկ եթե խոսեմ փրփրուն գինիներից, կառանձնացնեմ Keush ապրանքանիշը։ Այս հրաշալի գինիները 2-3 տարի են պահվում։ Դրանք նույն ձեւով են պատրաստվում, ինչպես Շամպանում։ Հայաստանում, առհասարակ, ցանկացած ճաշակի ու գույնի գինի կարելի է գտնել, պարզապես ընտրեք այն, ինչը մոտ է ձեր քիմքին։
Գինու նույնացումներ Հայաստանի հետ
Չեմ սիրում կոպիտ ընդհանրություններ անել․ Հայաստանը շատ տարբեր է, այստեղի մարդիկ՝ եւս։ Բայց կարծում եմ՝ Հայաստանը չպետք է յուրացնի որեւէ եվրոպական ոճի գինի կամ կենտրոնանա նոր պատմությունների վրա։ Հայերն արդեն ունեն իրենց հրաշալի գինին, որոնց հետ նրանց ասոցացնում են, եւ այդ չափազանց հին գինեգործությունը, չնայած շատ դժվարությունների, գոյատեւել է, հասել մինչեւ մեր օրեր ու դեռ շարունակում է զարգանալ։
Տպավորություններ՝ հայկական խոհանոցից
Սննդի առումով ես ասկետ եմ։ Ինձ համար միայն միսն ու բանջարեղենն արդեն կատարյալ են: Իսկ դա այն է, ինչի պակասը Հայաստանը չունի․ ուղղակի կրակի վրա միս են տապակում եւ բանջարեղեն կտրատում։ Տոլմա, օրինակ, ես արդեն սովորել եմ պատրաստել։ Իհարկե՝ ոչ այնքան համեղ, որքան հայ տատիկները, բայց ես ձգտում եմ դրան։ Կարող եմ ասել, որ ինձ վրա տհաճ տպավորություն թողեց ավելուկով աղցանը։ Այն ինձ դուր չի եկել ոչ համով, ոչ տեսքով, ոչ ձեւով, ոչ էլ հոտով:
Ամբողջությամբ՝ style.news.am