Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայեր ջան ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ մի թեմա: Վերջերս հակառակորդի դիպուկահարի կրակոցներից մենք զինվորի և սպայի կորուստ ունեցանք, վիրավոր ունեցանք և այլն…
Վաղվա ամբողջ հաղորդումը դիպուկահարների խնդրի մասին է, բայց… Ինձ համար շատ ցավալի էր տեսնել մեր Գեղամի զոհվելուց մի քանի օր առաջ արված լուսանկարները, որտեղ ակնհայտորեն Գեղամը մարմնի կիսով չափ գտնվում է հակառակորդի համար տեսանելի վիճակում, ճիշտ նրա կողքին էլ երևի հենց իր ցուցումով տեղադրված «Դիտարկվող տարածք» ցուցանակ:
Ես զարմանում եմ, որ հենց այդ պահին նրան և նրա հետ կրկին խրամատի պաշտպանված մասից դուրս, դիպուկահարի համար հանգիստ խոցելի դիրքում գտնվող ընկերոջը չեն խոցել:
Ախր, ինչի՞ է պետք ավելորդ ռիսկերի գնալ այ տղերք ջան, այ ձեր ցավը տանեմ` որ հին կռվող եք, կամ որ փոխգնդապետ եք, կամ որ իրականում չեք վախենում թուրքից դա ձեզ ինչ-որ ձև պաշտպանո՞ւմ է հակառակորդի արձակած գնդակից:
Այո, լինում են դեպքեր, երբ դիպուկահարին հաջողվում է խոցել համարյա անհնար խոցելի դիտակետի 2սմ-նոց ճեղքից, բայց դա 100000-ից մեկ անգամ կստացվի այն էլ պատահականորեն, այսինքն՝ եթե մենք դուրս չգանք արգելված, դիտարկվող տարածքներ ու վայրեր ապա դիպուկահարի կողմից խոցվելու հնարավորությունը մոտենում է 0-ի:
Իմ սիրելի եղբայրներ, ընկերներ, տղաներ, ավագ եղբայրներ և հրամանատարներ ջան, ախր ձեր անվախության և քաջության մեջ մենք ոչ մեկս չենք կասկածում, բայց ՀԱՍՏԱՏ ավելորդ ռիսկի գնալ պետք չէ ոչ մի հանգամանքում, ձեր բոլորի կյանքը մեր համար իրոք շատ թանկ է և եթե 100 թուրք էլ սատկացնենք ի պատասխան, դա ձեզ հետ չի բերի և մեր ցավն էլ իրականում չի մեղմի»: