Չգիտեմ՝ կհետաքրքրի՞, թե՞ չէ, բայց ճանաչելը վատ չէր լինի․․․
Մենամարտ առանց կանոնների
«Երիտասարդ, ձեր մտահաղացումն, ինչ խօսք, հետաքրքիր է, բայց մենք չենք կարծում, թե այն հետաքրքրություն կգտնի լայն շրջանակներում» – այսպիսի պատասխան տվեցին ռուս հայտնի ֆիզիկոսները՝ Մոսկվայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի երիտասարդ ուսանողի ներկայացրած գյուտին, բայց նրանք սխալվեցին․․․
Տարիներ անց, ամերիկացի ֆիզիկոս Դոնալդ Արթուր Գլեզերը, հենց այս երիտասարդի գյուտի սխեմայով ստացավ այսօրվա գիտությանը հայտնի այն ապարատը, որը կոչեցին «Պղպջակային խցիկ»՝ «Пузырьковая камера», և հենց այս՝ «գողացված» հայտնագործության համար, տարիներ անց՝ 1960-ին, Արթուր Գլեզերը Նոբելյան Մրցանակ կստանա։
1946 թ-ին, դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո, քիչ անհնազանդ երիտասարդը, մորից թաքուն, գործերը հանձնեց Մոսկվայի Համալսարանի միջուկային ֆիզիկայի ֆակուլտետ։ Թեև, սկզբում, նրան տեղավորեցին Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, որը գլխավորում էր հայտնի ռադիոֆիզիկ Սամսոն Դավիդովիչ Գվոզդովերը։
Շուտով, Սամսոն Դավիդովիչը պարզապես կխնդրի երիտասարդին՝ մնալ իր ֆակուլտետում ու չտեղափոխվել, և անկեղծ կխօստովանի՝ «Ես քեզ հարազատ հոր պես կլինեմ»։
Ինչին երիտասարդը կպատասխանի՝ «Վախենամ, մայրս չհամաձայնի ձեր՝ հայր լինելուն»։
Երիտասարդը կփոխի ֆակուլտետը և տարիներ անց կդառնա Ռուսաստանի՝ մինչ օրս հայտնի, լավագույն ֆիզիկոսներից մեկը։
Ո՞վ էր այս երիտասարդը․․․
Այս երիտասարդը ստեղծեց, հիմնավորեց ու կիրառության մեջ դրեց Ֆիզիկայի բոլորովին նոր, մինչ այդ անհայտ ուղղություն՝ «Ճառագայթային ակուստիկա»։
Միջուկային ֆիզիկայի բնագավառում մասնագիտանալով, նա ընդունվեց ու ավարտեց նաև Մոսկվայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի բարձրագույն դպրոցը։
1953 -ին այնտեղից տեղափոխվեց Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտ, որտեղ էլ, 1957 -ին ստացավ գիտությունների թեկնածուի աստիճան։
Նա հայտնաբերել և մանրամասնորեն հետազոտել է բազմաթիվ երևույթներ, այդ թվում՝ բարձաէներգետիկ մասնիկների անցումը հոծ նյութերի միջով (հեղուկ կամ պինդ մարմին)։ Նա ցույց է տվել, որ հադրոն-էլեկտրոն-ֆոտոն փնջերը և նույնիսկ առանձին արագ մասնիկները կարող են ծնել ձայնային իմպուլսներ։ Իոնիզացման վրա ծախսված էներգիան վերածվում է ջերմային էներգիայի, և հետագծի հարակից տիրույթը ենթարկվում է արագ ջերմային ընդարձակման՝ այսպիսով ծնելով ձայնային ալիքներ։
Այս արդյունքները նոր մոտեցում առաջ բերեցին տիեզերական ճառագայթների հետազոտության ոլորտում։
Նրա բազմաթիվ հայտնագործություններից զատ՝ « լույսի ինքնակիզակետման երևույթ»․ այս երիտասարդի անունը մնաց համաշխարհային գիտության մեջ, իր հայտնագործած էֆեկտով, որը կկոչվի «ասկարյանի էֆեկտ»՝ բարձրաէներգիական մասնիկների և հոծ նյութի փոխազդեցության հայտնագործությունը։
Այսօր, ողջ աշխարհով, բազմաթիվ ռադիոաստղագիտական կայաններ կատարում են տիեզերական ճառագայթների ուսումնասիրություններ՝ հիմնված այս երիտասարդի ստեղծած սխեմայի ու գիտական նոր ճյուղի վրա։
Իսկ ծնվել էր երիտասարդը Արցախցի ամուսիններ՝ բժիշկներ Աշոտ և Աստղիկ Ասկարյանների ընտանիքում, 1928-ի դեկտեմբերին, Մոսկվայում, անունը՝ Գուրգեն Աշոտի Ասկարյան․ հայ գիտնականը, ով ընդգրկվեց Նոբելյան Մրցանակ ստանալու ցանկ, բայց․․․ բայցերը թողնենք սովետին ու ռուս ֆիզիկներին, ովքեր մերժեցին երիտասարդ ուսանողին․․․
Լենինյան մրցանակի կրկնակի մրցանակակիր, Ռուսական գիտական բարձրագույն պարգևի մեդալակիր, ուկրաինական գիտական պարգևի կրկնակի մեդալակիր, ռուսական գիտության մեջ բարձրէներգիտեկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի ամենաորոշիչ գիտնականներից, լազերների հայտնագործումն ու դրանց ֆունկցիոնալ օգտավետությունը զարգացնող ֆիզիկը, 1992 թ.-ին՝ գիտությունների դոկտորի աստիճան ստանալուց կարճ ժամանակ անց, առողջական խնդիրներով կընկնի հիվանդանոց․ այս խնդիրները Գուրգեն Ասկարյանի մոտ ուղեկցվում էին իր քրոջ՝ Գոհար Ասկարյանի առողջության ծանրությամբ։
Նա իր ամբողջ կյանքը նվիրեց գիտությանը և այդպես էլ ընտանիք չկազմեց՝ նվիրվելով մորը և հոգեկան անհավասարակշիռ վիճակում հայտնված քրոջը, որոնցից հարազատ, ոչ ոք չուներ ամբողջ աշխարհում։
1997 թ-ի մարտի 2-ին, Գուրգեն Ասկարյանն ու նրա քույրը՝ Գոհարը, կմահանան իրենց մոսկովյան բնակարանում՝ սրտային հիվանդության պատճառով․
Նույն օրը, միասին․․․