Փետրվարի 13-ից կմեկնարկի «Հատուկ բաժին» ֆիլմաշարի երկրորդ եթերաշրջանը: Նախագիծը կշարունակի ցուցադրել Օպերատիվ քրեագիտական հատուկ բաժնի արհեստավարժ մասնագետների բարդ առօրյան՝ նոր, էլ ավելի հնչեղ բացահայտումներով: Արդեն գործող դերասաններին կմիանան նորերը. Գայանե Ասլամազյանը, Ժան Նշանյանը, Արմեն Սողոյանը և այլք կհամալրեն սիրված դերասաններ շարքը:
Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանն արդեն տևական ժամանակ էր, ինչ չեր նկարահանվում հեռուստասերիալներում, բայց դադարն արդեն չեղարկված է, իսկ թե ինչպես կայացրեց կրկին նկարահանվելու որոշումը, դերասանուհին պատմել է Life.panorama.am–ին:
«Ես ընդամենը ժամանակավոր դադար էի վերցրել ու սպասում էի իսկապես ինձ հետաքրքրող առաջարկի, որը կստիպեր ինձ որոշումս փոխել ու նկարահանվել: «Հատուկ բաժինը» հենց այդպիսինն էր, այստեղ ուղղակի հիանալի աշխատանքային թիմ է հավաքված: Անխտիր բոլորը իրենց գործի լավագույն գիտակներն են, ես էլ մեծ սիրով ընդգրկվեցի այդ մեծ ընտանիքում: Իհարկե, առաջարկն ընդունելու հարցում ինձ համար մեծ առավելություն էր նաև այն, որ ֆիլմն ուներ սկիզբ, կոնկրետ սցենար ու իմ անելիքն էլ այստեղ շատ հստակ էր: Նոր եթերաշրջանը առաջինի տրամաբանական շարունակություն էր, պարզապես նոր գլխավոր հերոսներ ավելացան, որոնցից մեկն էլ ես էի: Ուրախ եմ և շնորհակալ, որ ինձ են տեսել այդ կերպարում»,- նշեց Գայանե Ասլամազյանն ու շարունակեց.
«Նկարահանումներն անցնում էին անչափ հետաքրքիր, ջերմ ու բարի մթնոլորտում, ինչը գալիս էր թե կազմակերպիչներից, թե ռեժիսորից՝ Գրիգ Վահրամյանից: Պետք է ասեմ, որ շատ բարձր եմ գնահատում ռեժիսորի ու սցենարիստի աշխատանքը»:
Գայանեի խոսքով, երբ ստացել է առաջարկը, սկսել է խորապես ուսումնասիրել «Հատուկ բաժնի» անցած ճանապարը, որպեսզի արդեն ձեռքբ բերված հաջողությունը իր կողմից էլ պահպանի:
Դեասանուհու խոսքով՝ նկարահանվելու որոշումը կայացրել է նաև հաշվի առնելով այն փաստը, որ հեռուստասերիալը մի քանի մասից է.
«Ես շատ ուրախ եմ, որ մեր հեռուստադաշտում արդեն իսկ զարգանում են կարճ հեռուստասերիալների գործունեությունը: Այս պարագայում մեծ առավելություն էր այն, որ ես գնում էի մի տեղ, որտեղ կար կայացած թիմ, հստակ սցենար, ու ես էլ շատ ժամանակ չէի կորցնելու: Չգիտեմ, գուցե, եթե առաջարկ ստանայի երկարաշունչ սերիալում նկարահանվելու, չընդունեի: Սակայն այս առումով ևս միանշանակ չեմ ուզում խոսել, քանի որ ամեն բան կախված է աշխատակազմից և սցենարից»,- հավելեց Գայանեն:
Իր կերպարի մասին խոսելիս՝ Գայանե Ասլամազյանը, փակագծերը չբացելով, նշեց.
«Իմ հերոսուհին «Հատուկ բաժնի» աշխատակիցներից մեկն է, ով իր ղեկավարի հետ միասին գալիս է այդ բաժին ու սկսում իր աշխատանքն իրականացնել: Մասնագիտությանը համապատասխան՝ նա շատ հավաք, զուսպ կերպար է, ում համար իր աշխատանքն ըստ արժանվույն կատարելը շատ կարևոր է»: