Փարաջանով. նա մնաց անվերծանելի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Փարաջանով. նա մնաց անվերծանելի

Սիրելի ժողովուրդ, ձեր համար միջանկյալ մի հոդված դնեմ, ես էլ գործս շարունակեմ։

Գրքում, որն այդքան ուզում եք կարդալ, բացի հայտնի անհայտներից, կհիշենք նաև համաշխարհային հռչակ ունեցող մեր մեծերին՝ համադրելով նրանց կյանքը նույն հարցի հետ, որի պատասխանը չենք գտնում հազարամյակով՝ ի՞նչն էր խանգարում ամեն ինչի հասնել հենց հայկական միջավայրում…

(Նյութերն այստեղ խմբագրված չեն)

Հնդկացիների մոտ ավանդույթ կար․

Եթե մարդը պիտի երաշխավոր լիներ ինչ-որ մեկի, կամ՝ ինչ-որ գործողության համար, միակ երաշխիքը, որ նրանից պահանջվում էր՝ թողնել սեփական անունը։

Անունը հենց երաշխիքն էր, որովհետև մարդկանց խաբելու դեպքում, նա կորցնում էր իր Անունը ցեղի մեջ։ Հնդկացիների համար չկար ավելի նվաստացուցիչ պատիժ, քան կորցնել սեփական Անունը․․․

Փարաջանովը, տարբեր առիթներով, միշտ երաշխավորել է իր ազգին՝ թողնելով իր անունը, բայց ազգը․․․ ազգը չգնաց նրա հետևից՝ ամենանեղ պահերին․․․ու՞ր էր ազգը․․․

Եւ ո՞վ, ի վերջո, ազատեց բերդից Փարաջանովին, ում համար երաշխավորել էին աշխարհահռչակ մարդիկ՝ Յուրի Նիկուլին, Գեորգի Շենգելիա, Սոֆիկո Ճիաուրելի, Ֆրանսուա Տրյուֆֆո, Ժան Լյուկ Գոդար, Ֆեդերիկո Ֆելլինի, Միքելանջելո Անտոնիոնի, Տոնինո Գուերրա, Լուիս Բունյուել, Բերնարդո Բերտոլուչի, նույնիսկ՝ Ռոբերտ դե Նիրո, բայց՝ անօգուտ․․․

Ամեն ինչ սկսվեց անցյալ դարի «ռուսական ավանգարդի» մուսա Լիլիա Բրիկի և Փարաջանովի կապից։

Հոգևոր հզոր կապ կար նրանց միջև։ Միաժամանակ, Լիլիային անպատասխան ու անհույս սիրահարված էր պոետ Վլադիմիր Մայակովսկին։

1918 -ին, Լիլիա Բրիկի քույրը՝ Էլզան, ամուսնացավ ֆրանսիացի սպա Անդրե Տրիոլեի հետ և մշտապես տեղափոխվեց Փարիզ ապրելու: Տարիներ անց, Վլադիմիր Մայակովսկին, ով, ցնդածի պես, չէր մոռանում Լիլիա Բրիկին, հայտնվեց Փարիզում, որտեղ նրան դիմավորեց և ուղեկցում էր Էլզա Տրիոլեն։

Հենց Մայակովսկին էլ ծանոթացրեց Էլզային սյուռեալիստների շարժման երիտասարդ լիդեր Լուի Արագոնի հետ: Ավելի ուշ, Էլզան կթողնի իր ֆրանսիական լեգեոնի սպա ամուսնուն ու կամուսնանա Արագոնի հետ։ Ու տասնամյակներ անց, Մոսկվայում, «Ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար» Լենինյան մրցանակ ստանալիս, իր քենու՝ Լիլիա Բրիկի ցուցումներով, Արագոնը կխնդրի Բրեժնևին՝ ազատ արձակել կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։

Լեոնիդ Իլյիչը կասի․

-Нельзя отказать человеку- немедленно отпустите режиссёра…

Մայակովսկին արդեն վաղուց ինքնասպան էր եղել, ու նա չէր էլ ճանաչել Փարաջանովին, բայցևայնպես, նախախնամությունն ինքը, ճակատագրեր այսուայնկողմ արեց, որպեսզի ճիշտ օրը, ճիշտ ժամին օգատագործեր նրանց՝ ճաղերի հետևից դուրս բերելու մեկին, ով ազատությունն իր հետ «զոն» էր տարել, և աշխարհը տեղյակ չէր, որ Փարաջանովին բանտելով, իրականում դրսի ազատությունն էր ճաղերի հետևում հայտնվել…

Չէ որ խելագարությունը չի՜ բանտվում…իսկ առանց Փարաջանովի, աշխարհն ինքը մնաց բանտում.․․

Տարատեսակ վկայություններին այն մասին, թե նա համասեռամոլ էր, հենց ինքը զավեշտով էր հեգնում, որովհետև հենց ինքը, Դանիական թերթին տված հարցազրույցում ասել էր, որ «Պալիտ Բյուրոյից իրեն սիրահետում են»։

Սա պատճառ դարձավ նրա ձերբակալության։

Իսկ հոր ճանապարհով գնալուց նա հրաժարվել էր, ոչ միայն «հնաոճ» ապրանքների առևտրից խուսափելու համար, այլ, որովհետև նրա հորն էր պատկանում Թբիլիսիի ամենահայտնի հասարակաց տներից մեկը, ինչի մասին քչերը գիտեն։ «Ընտանեկան տուն» անվամբ հասարակաց տան համար մարմնավաճառներ էին բերում աշխարհի ամենատարբեր քաղաքներից, իսկ նրանց ընտրում և ընդունում էր Փարաջանովի մայրը:

Փարաջանովն ուղղակի հեռու էր մնում իր ընտանիքից․․․

Ինչի համար էլ , նա իր առաջին սիրո՝ Նիգյարի կյանքի փրկագնի համար, ճարահատյալ դիմեց հորը, իսկ հայրը մերժեց։ Արդյունքում, Նիգյարի եղբայրները երիտասարդ իրենց քրոջը գցեցին գնացքի տակ՝ նահապետական օրենքների համաձայն։

Այդ ծանր դրոշմը ցմահ մնաց Փարաջանովի սրտին․․․

Երբ նրան ձերբակալեցին, արդեն հիվանդ էր՝ շաքարախտ ուներ, արյուն էր թքում։ Նա բանտում հավաքարար էր աշխատում, սակայն չստեղծագործել անհնար էր:

Մի անգամ, նա կեֆիրի շշի կափարիչի վրա մեխով փորագրեց Պուշկինի դիմանկարը, ու տարիներ անց, այդ կափարիչը կհայտնվի Ֆեդերիկո Ֆելինիի մոտ, նա էլ այդ նմուշի օրինակից կձուլի արծաթադրամ, որով մինչ օրս պարգևատրում են «Ռիմինիի փառատոն»-ում ներկայացված լավագույն ֆիլմերին։

Ազատության մեջ նրան արգելում էին ֆիլմեր նկարել, ու հասավ այն աստիճան հուսահատության, որ երանի էր տալիս բանտին․

«Բանտում կյանքս գոնե որոշ իմաստ ուներ, այն իրականություն էր, որն անհրաժեշտ էր հաղթահարել: Այժմյան կյանքս անիմաստ է: Ես չեմ վախենում մահից, բայց այս կյանքս ավելի վատ է, քան մահը: Թակել եմ բոլոր դռները: Ինձ ցանկանում էին օգնել Հայաստանում: Սակայն ամեն անգամ, երբ ես պետք է հանդիպեի նախարարի հետ, նա արձակուրդում էր լինում․․․ Այսօր այլընտրանք չունեմ: Արձակուրդն անտանելի է ինձ համար: Չեմ կարող ապրել առանց աշխատանք: Ինձ արգելել են ցանկացած գործունեություն ծավալել: Պետք է հապճեպ հեռանամ այստեղից: Գիտեմ այն դժվարությունների մասին, որ սպասվում են ինձ: Դժվար թե Արևմուտքում միանգամից ոգեշնչություն գտնեմ: Չէի ցանկանա ֆրանսիացիների մոտ տպավորություն ստեղծել, որ կարող եմ միանգամից գլուխգործոցներ ստեղծել: Արմատներս այստեղ են, սակայն այլընտրանք չունեմ: Պետք է հեռանամ այստեղից․․․»:

Ժողվուրդն ասում է՝ «Քամին սունդուկում չես պահի», իսկ Մաեստրոյին «զմրսել» էին հենց իր մեջ՝ փակել սիրտը, հոգին, միտքը, բերանը, ականջները, փակել ու խեղդում էին սեփական երևակայության փոթորիկներում:

1989 – ին սկսեց աշխատել հերթական ֆիլմի վրա՝ «Խոստովանանք»՝ ինքնակենսագրական։ Սակայն նկարահանել չկարողացավ: Ծանր հիվանդ էր՝ թոքի քաղցկեղ, վիրահատություններ, բուժումներ՝ ապարդյուն:

1990 թվականի հուլիսի 17-ին Փարաջանովը վերադարձավ Երևան, իսկ երեք օր անց մահացավ։

Եւ ով էլ, ինչ էլ պատմի նրանից, նա մնաց անվերծանելի, թերևս, ինչպես՝ ամեն մարդ՝ կասեր Ալբեր Քամյուն․

«Ոմանք ծնվում են սիրելու համար, ոմանք՝ պարզապես ապրելու, բայց յուրաքանչյուրն էլ մեռնում է չբացահայտված»

Նկարում՝ Փարաջանովն ու նրա առաջին ու վերջին սերը՝ Նիգյարը;

Ներքևում՝ Լիլիա Բրիկ, Էլզա Տրիոլե, Վլադիմիր Մայակովսկի, Լուի Արագոն։

Эдуард Манвелян

Գլխավոր լուսանկարի հեղինակ՝ Զավեն Սարգսյան։ Թբիլիսի, 1979 թ․ – Ռեժիսոր Սերգեյ Փարաջանով և ջութակահար Լևոն Խաչատրյան։