«Անկեղծ ասած, չեմ կարծում, թե Հայաստանում, գոնե հարյուր հոգի կճանաչեն այս լեգենդին։
Մտածում եմ, թե տակավին մանուկ տարիներին ինչերի՜ միջով էին անցել այս մարդիկ, ի՜նչ զրկանք ու սով էին տեսել, մահ ու դժոխք էին տեսել, բայց ոչ միայն չվերացան որպես տեսակ, այլև ապացուցեցին, որ նրանցից շատերի՝ այս կամ այն երկրներում չհայտնվելու դեպքում, գուցե այլ կերպ ընթանար ամեն բան, ինչպես՝ հետհեղափոխական սովետի կայացման ու զորացման գործում, իսկ հետագայում նաև պատերազմում, անփոխարինելի դարձավ հայերի ավանդը։
Այստեղ չի աշխատում «պողոսը չլիներ, կլիներ պետրոսը» տարբերակը․ այստեղ, այս մարդկանց թե հանես պատմությունից, այլ քարտեզ կլիներ աշխարհի վրա երկրորդ աշխարհամարտից հետո, որին մանակցեցին սակավ բնակչություն ունեցող երկրի 600 հազար որդիներ, ու նրանց կեսը հետ չդարձավ…
1942-ի օգոստոսին, ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Լոս Ալամոսում տեղակայված գաղտնի լաբորատորիաներից մեկում մեկնարկեց ԱՄՆ միջուկային զենքի նախագիծը՝ «Մանհեթեն նախագիծ»։
76 տարի անց, 2018 թ-ի ապրիլի 21-ին, ամերիկյան «Ասոշեյթեդ Պրեսս» գործակալությունը, հղում անելով Լոս Ալամոսի ազգային լաբորատորիային, հաղորդագրություն տարածեց․
«Այսօր, Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայից հաստատեցին, որ կյանքի 97-րդ տարում մեզանից հեռացավ Լոս Ալամոսի և ԱՄՆ միջուկային ծրագրի լեգենդներից մեկը։ Նա ծնվել էր արդեն փախստական ու ԱՄՆ էր մտել ցնցոտիներով։
Ժամանակին փակ ու գաղտնի համարվող Նյու Մեքսիկոյում, այս հանճարեղ քիմիկոս-գիտնականը մեկն էր Մանհեթենյան ծրագրի առաջամարտիկներից, որտեղ ստեղծվեց աշխարհում առաջին ատոմային ռումբը, ու թեև նա միացավ ծրագրին դրա վերջին տարիներին, բայց հիմնավորապես փոխեց ամեն բան ու դարձավ վերջակետ դնողներից մեկը։
Հանգչես խաղաղությամբ, Լեգենդ»։
ԱՄՆ-ը վերջին հրաժեշտն էր տալիս Մանհեթենյան նախագծի լեգենդին՝ քիմիկոսին, ով իրենից հետո թողեց միջուկային դպրոցի մի նոր սերունդ։
Գրեթե 70-ամյա իր աշխատանքի ընթացքում այս գիտնականը հայտարարագրեց վեց նորամուծություններ, ստացավ դրանց արտոնագրերը ու հրատարակեց հարյուրավոր գիտական աշխատություններ․ թեմաները՝ լազերային իզոտոպների տարանջատումից, մինչև բարձր ջերմաստիճանի ռեակտորում՝ ուղղորդված էներգիայից միջուկային զենքեր ստանալը:
Բայց ծնվել էր այս հսկան կոտորածի վտանգի տակ․․․
1921-ի հունվարին, Հրաչիկ և Լյուսի Գրիգորյաններ զույգը իրենց նորածնին փախցրեցին Խարբերդից, որտեղ շարունակվում էին բռնաճնշումները հայերի հանդեպ։
«Այսօր, իմ տարիների պատկառելի օրերից, երբ նայում հետ, մտածում եմ՝ քանի՞ անգամ պիտի մեռած լինեի արդեն, ու ինչպե՞ս կարողացան ծնողներս չորս տարի ինձ թաքցնել՝ էլ թփերի տակ, էլ քարանձավներում, տակավին կիսամերկ ու սովամահ լինելու շեմին, երկրից-երկիր փախնելով, մինչև հասանք Հալեպ, որտեղ ծնվեց մյուս եղբայրս»։-Կյանքի վերջին օրերին տրված հարցազրույցում իր ընտանիքի մասին պատմում էր հանճարեղ այս գիտնականը։
Հրաչիկն ու Լյուսին տարիներով փախնում էին թուրքական հետապնդումներից՝ Հունաստան, Ֆրանսիա, Կանադա, և միայն 1925-ին հասան ԱՄՆ ու տեղավորվեցին Նյու Յորք նահանգի Նիագարա Ֆոլլզ քաղաքում։
Հրաչիկն ու Լյուսին խոսում էին մաքուր հայերեն, թուրքերեն, քրդերեն, բայց անգլերեն բառ չգիտեին, ու ԱՄՆ մտան տասը տարվա շորերով։ ԱՄՆ -ի փողոցներում թափառող մուրացկանները նրանցից լավ էին հագնված։
Այստեղ ծնվեցին ևս երկուսը, ու ընտանիքը դարձավ բազմանդամ՝ երեք որդի, մեկ դուստր, բայց ծնողները չէին էլ կասկածում, որ իրենց առաջնեկը, դեռևս չորս տարեկանում եղեռն վերապրած, պիտի դառնար ԱՄՆ Ազգային Անվտանգության ամենագաղտնի նախագծի հսկաներից՝ վերջակետ դնողերից մեկը։
«Հիմա ես մտածում եմ, որ ծնողներս պարզապես հրաշքով փրկվեցին ու փրկեցին ինձ․ ախր նրանք ոչինչ չունեին՝ ունեցածները հազիվ էր ծածկում նրանց կիսամերկ մարմինը։ Ես չգիտեմ՝ ի՞նչ ուժեր, կամ ուժ օգնեց իմ ծնողներին, ու նրանք հրաշքով գոյատևեցին, մինչև կարողացան ապահով անել իրենց երեխաներին, իսկ իրենք ոչինչ չտեսան կյանքում, բացի՝ մահից, վախից, սովից, ցրտից ու տառապանքից․․․» – պատմում էր գիտնականը։
1943-ին, Նիագարայի համալսարանի քիմիական ֆակուլտետն ավարտելուց հետո, 22 ամյա երիտասարդը աշխատանքի անցավ «Union Carbide» ընկերության՝ մաքուր ուրան արտադրող լաբորատորիայում, իսկ այստեղից, նրա մտավոր ունակությունները նկատելով, կանչեցին Լոս Ալամոս, ու 22 տարեկանում արդեն գաղտնի նախագծի կազմում էր։
1950-ին, երիտասարդ քիմիկոսին հրավիրեցին ՆԱՍՍԱ-ի հատուկ նախագծի շրջանակներում աշխատելու։
ՆԱՍՍԱ-ի և ամերիկյան Ատոմային Էներգիայի հատուկ հանձնաժողովի համատեղ այս ծրագիրը նախատեսված էր տիեզերական կիրառության, անօդ տարածության մեջ էֆեկտիվ, ջերմամիջուկային հրթիռներ ստեղծելու նպատակով:
Երիտասարդ քիմիկոսը պատասխանատու էր հատուկ ուղղության համար՝ բարձր ջերմաստիճանում այրվող նյութերը պիտի կարողանային ապահովել միջուկային շարժիչի անխափան աշխատանքը։ Սա բարդ պատասխանատվություն էր, որովհետև այդ ժամանակներում այս ոլորտը դեռևս ուսումնասիրված չէր։
ՆԱՍՍԱ-ի նախագծի բարեհաջող ավարտից հետո, արդեն հիսունամյա պրոֆեսորը վերադարձավ Լոս Ալամոսի լաբորատորիա՝ 1972-ին, որտեղ դարձավ նոր ստեղծված հետախուզական-գաղտնի բաժնի վեց անդամներից մեկն ու բաժնի անվտանգության պատասխանատուն։
Սառը պատերազմի պաշտոնական ավարտից հետո ամերիկացի քիմիկոսն աշխատում էր սովետական միջուկային ծրագրի գիտնականների հետ, որտեղ մեզ հայտնի շատ հայեր կային․․․
«Իմ կյանքն ավելի հաջող ու հարթ ընթացավ, քան կարող էի պատկերացնել։ Երբ հետ եմ նայում մանկությանս, չեմ կարողանում պատկերացնել, թե ծնողներս ինչպես կարողացան ապրել՝ ի՞նչ գերբնական ուժով հաղթահարեցին, կամ, ինձ թվում էր, թե հաղթահարեցին ցավն ու կորուստը, բայց երբ առաջին անգամ ինձ դպրոց տարան Նիագարա Ֆոլլզում, երեկոյան երկուսն էլ ասացին․ հուսով ենք լավ մարդ կդառնաս այս մարդակեր աշխարհում․․․կարծում եմ՝ կարողացա․․․»-այսպես եզրափակեց իր կյանքի վերջին հարցազրույցը քիմիկոս-գիտնական, ԱՄՆ միջուկային ծրագրի «թաքնված» հսկաներից, Մանհեթենյան նախագծի «վերջակետ դնողներից» մեկը՝ Խարբերդցի Հրաչիկ և Լյուսի Գրիգորյանների, չորս տարեկանում եղեռն վերապրած առաջնեկը՝ Լոս Ալամոսի հետախույզ-գիտնական, քիմիկոս, Լոս Ալամոսի ցմահ ու պատավոր անդամ, Լոս Ալամոսի հատուկ պատվո մեդալի մեդալակիր, Կենտրոնական Հետախուզական Վարչության (ЦРУ) պատվո մեդալի մեդալակիր, Դոկտոր Ներսես Գրիգորյանը, կամ, ինչպես ամերիկացիք են ասում «Dr․ Krik»-ը, ով հարցազրույցից օրեր անց, 2018-ի ապրիլ 18-ին, մահացավ Լոս Ալամոսի իր տանն ու թաղվեց Սանտա Ֆեի ազգային գերեզմանատանը։
Ներսեսի և նրա կնոջ՝ Քեթրինի, միակ դուստրը՝ Դեբորան, ԱՄՆ Զինված Ուժերի Լեյտենանտ-Գնդապետ է այսօր։
Նկարում՝ «Դոկտոր Քրիկ»՝ Ներսես Հրաչիկի Գրիգորայնը Խարբերդից։
Էդուարդ Մանվելյանի ֆեյսբուքյան էջից