Մի քանի օր առաջ Գեղագիտական կենտրոնի ցուցասրահում բացվեց Ֆաբուլա անվամբ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին կինոռեժիսոր Հրանտ Մովսիսիյանի գեղանկարչական աշխատանքներն ու օպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյանի քանդակները։ Ափսոս, որ ցուցադրությւնն ընդամենը երեք օր տևեց։
Սուրեն Տեր-Գրիգորյանը եթե չի էլ ներշնչվել Հակոբ Հակոբյանի «Գործիքներ» շարքից, ապա անշուշտ ծանոթ է եղել նրա այդ քանդակներին, երբ սկսել է ստեղծել իր սեփականը։
Որոշ նմանությամբ, նրանց մետաղյա քանդակների շարքերը շատ տարբեր են։ Հակոբ Հակոբյանի գործերին հատուկ է բազմաֆիգուր կոմպոզիցիան։ Իսկ որտեղ կա բազմաֆիգուր կոմպոզիցիա, այնտեղ կա նաև սյուժեի, պատմության ակնարկ։ Սուրենի գործերը չունեն պատմություն։ Դրանք զուրկ են արվեստի գնահատման գաղափարական, էթիկական և այլ շերտերից, այսինքն բացարձակորեն գեղարվեստի տիրույթում են, և հմայում ու գրավում են էսթետկական ուժով։
Ձեռքն ընկած գործիքին, հիմնականում իր նախնական նշանակության համար կատարելապես անպիտան մետաղի ժանգոտած կտրին գեղարվեստական նշանակություն ու գեղագիտական հմայք տալու համար հատուկ տաղանդ ու երևակայություն է հարկավոր։
Եթե աքցանը կամ հարթաշուրթը իրենց մեջ ունեն շարժման հնարավորություն ու պոտենցիալ, որովհետև ընդամենը բացուխուփ են լինում, ապա ինչու այդ շարժամնը չհաղորդել գեղարվեստական դինամիկա։ Երկու իրար վրա դրված աքցանների կանթերը դառնում են պարուհու ոտքեր ու ձեռքեր։ Սա մարդ պատկերող առայժմ միակ ստեղծագուրծությունն է Սուրենի քանդակների մեջ, բայց ի տարբերություն Պիկասոյի կտավի, նրա աքցանե աղջիկը գնդակի վրա հենվել է միայն մեկ ոտքով։ Այսինքն առավել սրված է անկման վտանգը, և ավելի նշանակալի է դարձել հավասարակշռությունը պահպանելու կարևորությունը։
Բացի այս մեկից, մնացածը կամ թռչունների ֆիգուրներ են, կամ կենդանիների՝ կով, ցուլ, գոմեշ, ձի, ջորի և այլն։ Անխտիր բոլոր թռչունների մեջ կամ արդեն ճախրելու կամ թռիչքի պատրաստվելու պլաստիկա կա, բացի թուխս նաստծ մեկից, որը հավ է, թե բադ, դժվար է ասել։ Կենդանիներն առավել աչքի են ընկնում բնավորություններով կամ վիճակներով՝ հոգնած, կատաղած, դժգոհ, խորհող ներհայեցող, մունաթ դեմքով կամ բանող։ Նրանք բոլորը նաև մարդկային ինչ-ինչ հատկանիշներ են հուշում, տիպական են, նման են մեզ ծանոթ մեկին։ Սա նշանակում է, որ նյութի դիմադրղականությունը հաղթահարվել է կատարալեպես։ Կարծր, ծանր մետաղը ձեռք է բերել թե պլաստիկական թեթևություն, թե դիմագիծ , բնավորություն ու վիճակ պատկերելու գրեթե կավային կամ պլաստիրինային փափկություն։
Չափազանցված չէ՞ արդյոք հիացումս։ Ամեն դեպքում քիչ է պատահում, որ մեկ այլ արվեստի ստեղծագործություն ինձ գրել ներշնչի։ Երևի թե բացառություն է երաժշտությունը։ Հաճախ Սուրենի քանդակների առջև կանգնած ինքս ինձ հարց եմ տվել՝ կարո՞ղ եմ այնպիսի պատմվածք գրել, որ այսքան մաքուր գեղարվեստական լինի։
Հովհաննես Երանյանի ֆեյսբուքյան էջից