Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Խաչատրյանը բնակարանն իր հարևանների համեմատությամբ ձեռք է բերել էականորեն ավելի էժան գնով։
Այդ ընթացքում տարօրինակ ճակատագրի է արժանացել Հատուկ քննչական ծառայությունում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե) քննվող քրեական գործը, որն առնչվում էր 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ընտրակաշառք բաժանելու դեպքին և կարող էր կապ ունենալ կառուցապատող ընկերության սեփականատիրոջ ընտանիքի անդամի հետ։
Ո՞վ է կառուցապատողը
«Բյուրեղ» թաղամասը գտնվում է Երևանի Արշակունյաց պողոտայում և ընդգրկում է 16-25 հարկանի 7 բնակելի շենքեր՝ 1170 բնակարանով ու 815 ավտոկայանատեղիով։ Տարածքում կառուցվելու են նաև հասարակական շինություններ, խաղահրապարակներ, շատրվաններ, լինելու է 1.2 հեկտար կանաչ տարածք։ Թաղամասը նախագծել է քաղաքաշինության նախկին նախարար, ջերմուկցի Նարեկ Սարգսյանը։
Թաղամասը կառուցում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն, որը պատկանում է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ընտանիքին։
Սասուն Խաչատրյանի հետ գույքի գնման իրավունքի առքուվաճառքի պայմանագիրը 2021-ի փետրվարի 23-ին ստորագրել է Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը, որը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի սեփականատերն է։
Վահագն Արսենյանն այժմ Ջերմուկի համայնքապետն է․ 2021թ․ դեկտեմբերին ՏԻՄ ընտրություններին նա մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։
Ձեռք բերված բնակարանը թաղամասի Դ մասնաշենքում է, դրա մակերեսը 167 քառակուսի մետր է։ Պայմանագիրը վավերացրել է Աշոտ Արսենյանի դուստրը՝ նոտար Քրիստինե Արսենյանը։
Բնակարանի գինը՝ շուկայականից ցածր
Բնակարանի 1 քառակուսի մետրի գինը, ըստ պայմանագրի, կազմել է 425 331 դրամ։ Ընդհանուր առմամբ, բնակարանի գինը կազմել է 71.1 միլիոն դրամ։
«Ինֆոքոմ»-ի տրամադրության տակ գտնվող պայմանագրերի համեմատական վերլուծությունից պարզ է դառնում, որ «Ջերմուկ գրուպ»-ը բնակարանը Սասուն Խաչատրյանին վաճառել է ավելի էժան գնով, քան նույն մասնաշենքում նույն ամսվա ընթացքում բնակարան գնած առնվազն 3 այլ անձանց։ Այսպես, եթե Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին 1 քառ․ մետրը վաճառվել է 425 331 դրամով, նույն մասնաշենքում այլ քաղաքացիներ 1 քառ․ մետրի համար վճարել են 576 708, 572 660 և 640 000 դրամ։ Թաղամասում բնակարանի 1 քառ․ մետրի մակերեսի դինամիկան հասկանալու համար նշենք, որ «Ինֆոքոմ»-ն ունի մեկ այլ քաղաքացու՝ գնման իրավունքի առքուվաճառքի պայմանագիր, որը 2020-ի դեկտեմբերի 30-ին է կնքվել։ Այդ պայմանագրով քառ․ մետրի գինը կազմել է մոտ 517 000` դարձյալ ավելի բարձր գին, քան վճարել է Սասուն Խաչատրյանը։
Եթե միջինացնենք նույն ամսում նույն շենքի նույն մասնաշենքում 3 անձանց գնած բնակարաններիի 1 քառ․ մետրի արժեքը, ապա այն կկազմի 596 456 դրամ, այլ կերպ ասած՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը իր բնակարանի 1 քառ․ մետրը նշված միջինացված թվից ավելի քան 171 000 դրամով նվազ է գնել։
Նույն տրամաբանությամբ հաշվարկի դեպքում Սասուն Խաչատրյանի համար բնակարանի «զեղչը» կազմել է 28․5 միլիոն դրամ։ «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու և ինչ գործոններով պայմանավորված է Սասուն Խաչատրյանն այլ բնակարանների համեմատ էժան գնով բնակարան ձեռք բերել։ Ընկերությունից պատասխանել են՝ անշարժ գույքերի գնման իրավունքները տարբեր ժամանակահատվածներում վաճառվել են տարբեր արժեքներով՝ պայմանավորված ամրագրման ժամկետով, բնակարանի հարկով, ավարտվածությամբ և այլն։ Խնդրել էինք նաև մեզ տրամադրել Խաչատրյանի կողմից բնակարանի ամրագրումը հավաստող որևէ փաստաթուղթ. այն չի տրամադրվել։ Թաղամասում 1 քառակուսի մետրի գինը վերջին տարիներին կայուն աճել է ու հիմա 1 քառ․ մետրի գինն առնվազն 960 000 դրամ է։
Հակակոռուպցիոն կոմիտեից, պատասխանելով «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանը, հայտնել են՝ «անշարժ գույք գնելու իրավունքի առքուվաճառքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ կնքվել է 2021-ի փետրվարի 23-ին, որի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է նույն թվականին կոմիտեի նախագահի կողմից ներկայացված հայտարարագրում»։ Սասուն Խաչատրյանից խնդրել էինք մեզ տրամադրել թաղամասում բնակարան գնելու համապատասխան ամրագրումը հավաստող փաստաթուղթ, եթե այդպիսին առկա է։ Պատասխանել են՝ բնակարանի ամրագրումը կատարվել է ավելի վաղ, պայմանագրի ստորագրումից ամիսներ առաջ, սակայն ամրագրումը հավաստող այլ փաստաթղթեր չեն տրամադրվել։ Անդրադառնալով Սասուն Խաչատրյանին զեղչ տրամադրելու մասին հարցին, Հակակոռուպցիոն կոմիտեից խորհուրդ են տվել այդ հարցն ուղղել տեղեկատվությունը տնօրինողին (նկատի ունեն «Ջերմուկ գրուպ»-ին)։
Չբացահայտված և կասեցված ընտրակաշառքի գործ
Սասուն Խաչատրյանը, որը ղեկավարում է Հակակոռուպցիոն կոմիտեն, բնակարանի նման գին ստանալով, կարող էր ազդել իր ղեկավարած կառույցի վարույթում քննվող քրեական գործի վրա, որը հարուցվել էր դեռ 2018-ի հուլիսին ու կապված էր «Բյուրեղ»-ի կառուցապատող «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Վահագն Արսենյանի հոր՝ Աշոտ Արսենյանի հետ։ Այդ ժամանակ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13 միլիոն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և 1300 ձայն ապահովելու նպատակով։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործը փոխանցվել էր Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հատուկ քննչական ծառայությանը։
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվել է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին։ Նույն օրը ՀՀ-ում սկսել է գործել նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեն, որին փոխանցվել է ՀՔԾ-ի վարույթում եղած գործերի մեծ մասը։ Իսկ Սասուն Խաչատրյանը, որը ՀՔԾ պետն էր, նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։
Ընտրակաշառքին վերաբերող քրեական գործը ներառում է նաև խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դրվագ։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել էր, որ Մալիշկայի համայնքապետը ձևակերպել է, որ իր հարսը համայնքի մարզադպրոցի բուժքույրն է, և չնայած նա աշխատանքի երբևէ չի հաճախել, կանոնավոր կերպով աշխատավարձ է ստացել, համայնքապետարանն էլ աշխատաժամանակի կեղծ տեղեկագրեր է կազմել։ Մեկ այլ դրվագով Մհեր Մովսիսյանը մեղադրվում է սոցիալապես անապահով անձանց ընտանիքներին համայնքապետարանի բյուջեից գումարներ փոխանցելու, ապա դրանք կանխիկացնելու և հափշտակելու համար։ Այս դրվագները քննվում էին ընտրակաշառք բաժանելու դեպքի հետ մեկ քրեական գործում։
Ոստիկանության բացահայտումից գրեթե մեկ տարի անց՝ 2019 թ․ հունիսի 6-ին, ՀՔԾ-ն, Մհեր Մովսիսյանի կողմից գույք հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ընտրակաշառք բաժանելու դրվագի ապացույցները բավարար համարելով, գործն այդ մասով ուղարկում է դատարան։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարան ուղարկված գործով Մովսիսյանը, ի թիվս այլնի, մեղադրվում է ընդհանուր 230 հազար ՀՀ դրամ ընտրակաշառք տալու մեջ։ Նկատենք, որ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ընտրակաշառք բաժանելու նպատակով Մովսիսյանը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել էր 13 միլիոն ՀՀ դրամ։ Դատարան ուղարկված գործը դեռ քննության փուլում է։
Գործն այդ մասով դատարան ուղարկելու հետ մեկտեղ ՀՔԾ-ն իր վարույթում է պահում ու շարունակում քննել ընտրակաշառքի գործը։ Ենթադրվում է, որ դրա շրջանակում պիտի պարզվեր՝ կոնկրետ որ թեկնածուի համար է ընտրակաշառք վճարել Մհեր Մովսիսյանը, ումից է նա ստացել այդ ընտրակաշառքի գումարը, ովքեր են ներգրավված եղել այդ գործընթացում և այլն։ Գործով, սակայն, ըստ էության ոչինչ էլ չի պարզվում, և 2021 թ․ հոկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեում գործի վարույթը կասեցվում է։ Ինչպես տեղեկացրին Կոմիտեից, այն կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ «մեղադրյալի հայտնի չլինելու հիմքով»։ Աշոտ Արսենյանն այս գործով այդպես էլ որևէ կարգավիճակ չի ունեցել։
Փաստացի, Հակակոռուպցիոն կոմիտեն գործերի նախաքննության փուլում չի կարողացել հիմնավորել ու ապացուցել ոստիկանության կողմից իրեն փոխանցված ընտրակաշառքի դեպքը, աղբյուրները, նաև պարզել այն անձին, որը գումար է փոխանցել Մալիշկայի համայնքապետին՝ ընտրակաշառք բաժանելու համար։ Այդ ընթացքում էլ Սասուն Խաչատրյանը իր հարևաններից էականորեն տարբերվող գնով բնակարան է գնել Աշոտ Արսենյանի ընտանիքին պատկանող ընկերությունից։
Սասուն Խաչատրյանի ընտանիքի մյուս գույքերը
2018-ին՝ ՀՔԾ պետ դառնալուց հետո, Սասուն Խաչատրյանը կնոջ՝ Լիլիթ Խաչատրյանի հետ բնակարան էր գնել Քանաքեռ-Զեյթունի Ահարոնյան փողոցում գտնվող բնակելի շենքից։ Խաչատրյանը բնակարանը գնել էր 24.3 միլիոն դրամով, այդ նպատակով վարկ էր ներգրավել նաև ՎՏԲ բանկից։ Բնակարանի մակերեսը 96 քառ. մետր է։ 2021-ի օգոստոսին բնակարանը գնահատվել էր առքուվաճառքի գնի կրկնակիի չափով՝ 48.8 միլիոն դրամ։ Այս շենքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ունի նաև ավտոկայանատեղի։
2013-ին Սասուն Խաչատրյանը մասնակցել էր Երևանի քաղաքապետարանի հայտարարած աճուրդին ու հողամաս ձեռք բերել Դավիթ Անհաղթ 2/2 հասցեում։ 2013-ին Սասուն Խաչատրյանին տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ հասարակական նշանակության երկհարկանի շինություն կառուցելու նպատակով։ Հողամասի մակերեսը 185 քառ. մետր է։ Քաղաքապետարանի հայտարարած աճուրդին, բացի Խաչատրյանից, մասնակցել է նաև քաղաքացի Գագիկ Հովսեփյանը, սակայն ավելի բարձր գին առաջարկել ու հաղթել է Սասուն Խաչատրյանը։ Նա այդ ժամանակ, ըստ պաշտոնական կենսագրության, Երևանի Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ էր։ Աճուրդում հաղթելուց հետո Երևանի քաղաքապետարանի հետ ստորագրել է առքուվաճառքի պայմանագիր՝ հողամասի համար վճարելով 4.2 միլիոն դրամ։
Սրանցից բացի` Սասուն Խաչատրյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարան ունի Երևանի Ազատության պողոտայում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Խաչատրյանը սա նշել է որպես նվիրատվություն։
Սասուն Խաչատրյանի կինը՝ Լիլիթ Խաչատրյանը, հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Նա այս բնակարանի համասեփականատերերից է։ Խաչատրյանի հայրը՝ Մհեր Խաչատրյանը, որ այժմ փաստաբան է, եղել է Հայաստանի Գերագույն դատարանի անդամ, Վճռաբեկ դատարանի՝ քրեական և զինվորական գործերի պալատի նախագահ։ Սեփականության իրավունքով նրան են պատկանում Երևանի Բաբայան փողոցում գտնվող մեկ բնակարան և ավտոկայանատեղի։ Մի հողամաս էլ ունի Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի այգեգործական տարածքում։ Մհեր Խաչատրյանին է պատկանում «Մհեր Խաչատրյան և ընկերներ» իրավաբանական գրասենյակը։
Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը իրավաբան է, 2021-ից՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ։