«Իմ երաժշտական գործիքը չի մլավել արաբաթուրքական մելիզմներով. Իմ արվեստը բիզնեսի չեմ վերածում» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իմ երաժշտական գործիքը չի մլավել արաբաթուրքական մելիզմներով. Իմ արվեստը բիզնեսի չեմ վերածում»

21-րդ դարում, երբ ժամանակակից երաժշտական գործիքները բազմաթիվ ու բազմապիսի են, այդքան էլ հեշտ չէ ներկայացնել հին հայկական նվագարաններն ու այնպես անել, որ հանդիսատեսը սիրի դրանք։

«Տաղարան» համույթի քանոնահարուհի, հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոների առաջին կարգի դափնեկիր, ոսկե մեդալակիր Մարիաննա Գևորգյանը տարիներ ի վեր ոչ միայն հայ, այլև օտարազգի հանդիսատեսին քանոնի միջոցով ներկայացնում է հայկական մշակույթը։ Մեծ ջանքերի, ամենօրյա աշխատանքի ու լայն համագործակցության արդյունքում քանոնահարուհին հայկական երաժշտությունը հնչեցրել է աշխարհի տարբեր բեմերից: Վերջին մեծ համերգը տեղի է ունեցել Հնդկաստանում՝ երկրի կառավարության հրավերով։ 168.am-ի հետ զրույցում Մարիաննան պատմեց ոչ միայն Հնդկաստանում տեղի ունեցած համերգի մանրամասների, այլև հայկական մշակույթի պահպանման, տարածման խնդրիներից ու դրան նպաստող իր կատարած քայլերից։

Զրույցի հենց սկզբից  քանոնահարուհին մի հատված նվագեց  Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ» տաղից: Ուզում էր ընդգծել հայկական  տաղերի հանդեպ իր հատուկ վերաբերմունքն  ու զգացողությունը:

ԵԹԵ ԲԵՄԱՀԱՐԹԱԿԸ ՄԻ ՓՈՔՐ ԲԱՐՁՐ Է, ԴԱ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ. ԲԵՄԻ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ Է ԹԵԼԱԴՐՈՂԸ

«Յուրաքանչյուր երկրում, երբ նվագում ես քո հնագույն տաղը, դա արդեն քո սրտի խոսքն է, որը հասնում է հանդիսատեսին։ Իմ յուրաքանչյուր համերգին ներառում եմ մեր տաղերն ու գանձերը։

Ինքս օտարամոլություն չեմ սիրում, ուղղակի չեմ ուզում խոսակցությունն այլ հարթության վրա տանել, միայն ուզում եմ լավ էներգետիկա փոխանցել։ Ինքս օտարամոլ չեմ, սիրում եմ մերը, մեր հայկականը։ Նորարարություն ասվածն ինձ համար մի փոքր այլ է։ Իմ երաժշտական գործիքն այսքան ժամանակ չի մլավել և չի նվնվացել արաբաթուրքական մելիզմներով։ Սա ինձ համար համար առաջին պայմանն է, որ ես պետք է նվագեմ մաքրամաքուր երաժշտություն, ինքս տուրք չեմ տալիս այլ ազգերի էլեմենտները բերել  մեր հայկական ժողովրդական ստեղծագործության մեջ ու ասել, թե՝ տեսեք, նորարարություն եմ արել՝ սիրեք սա, ո՛չ։ Թելադրողը ես եմ, ես սա եմ տալիս, գիտեք, եթե բեմահարթակը մի փոքր բարձր է, դա հատուկ նշանակություն ունի, բեմի մարդն ինքն է թելադրողը։ Երբ բարձրանում ես բեմ, քո առաջին մուտքից արդեն հանդիսատեսը հասկանում է, թե դու ինչ ես տալու։ Մարդը չգիտի, դա սիրո՞ւմ է, թե՞ չէ, մինչև չլսի, ի՞նչ գիտի՝ սիրո՞ւմ է։ Այսինքն՝ ներկայացնողն այնպես պետք է ներկայացնի, որ իսկապես իր ասելիքը տեղ հասնի։ Իսկապես բարդ է այս ժամանակահատվածում ինչ-որ բան անելը, որովհետև հետաքրքրությունները շատ տարբեր են, յուրաքանչյուր վայրկյան մի բան փոխվում է, իսկ այդ ընթացքով քայլերը շատ բարդ են։ Պետք է այնքան ուժ գտնես քո մեջ, որ յուրաքանչյուր պահի նորություններ անես, բայց այդ նորությունը պետք է քո հայկականի մեջ լինի, այսինքն՝ ոչինչ չպետք է խախտես, որովհետև ես ներկայացնում եմ ազգային նվագարան՝ դասական մոտեցմամբ։ Իմ բնավորության մեջ և իմ արվեստում կան կետեր, որ ինչպես ես չեմ ընդունում սուտը, դավաճանությունը, նույնը նաև իմ երաժշտության մեջ պետք է երևա։ Դու չես կարող խոսել մի բանից և անել մի ուրիշ բան՝ ո՛չ։ Դա պետք է համապատասխանի քո ներքինին, ինչպես մարդն է իր կյանքն ապրում առօրյայում, այնպես էլ ապրում է բեմից, դու չես կարող տարբեր մարդ լինել, դա արդեն ֆալշ կլինի»։

ՄՇՏԱՊԵՍ ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊԱՐՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ՝ ՊԱՀԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆԸ

«Ես բեմում և այլուր երբ նվագում եմ, բաց եմ, որովհետև այդ պարզությունը պիտի քեզանից ճառագի, այդ լույսը պիտի ճառագի, որ դիպչի դիմացինի հոգուն, այնպես, որ ուղղակի մարդիկ սավառնեն այդ երաժշտության մեջ։

Չկա մի կետ, որին դու կարող ես հասնել ու ասել՝ վերջ, երբ ասես վերջ՝ ես ամեն ինչի հասել եմ, այդ պահին երևի հետ կգնաս, նման բան երաժշտի մոտ չի կարող լինել։ Ինձ մոտ նման բան չկա, ես մշտապես փորձում եմ տարբեր կերպարներով հանդես գալ՝ պահելով մեր հայկականը, իսկապես շատ բարդ է  այս տեխնիկայի դարաշրջանում քո ազգային նվագարանով հետք թողնել։ Ինքս ուրախ եմ, որ դա կարողացել եմ անել ու անում եմ։ Ինձ համար կարևորն այն է, որ օտար ազգը լսի հայկականը, իմանա հային, նրա պատմության մասին, որովհետև միշտ ասում եմ, որ սա էլ է մի քաղաքականություն։ Կան վայրեր, որտեղ դու քո խոսքով չես կարող որևէ բան ասել, իսկ երաժիշտներն ու արվեստագետներն ունեն այդ հնարավորությունը, ես միշտ այդ հնարավորությունն օգտագործում եմ։ Երբ հանդիսատեսն օտարազգի է, իմանալով քո հայ լինելը, նստած է ու ծափահարում է քեզ։ Նույնիսկ լինում են դեպքեր, երբ դահլիճում գտնվում են նաև մեր հարևան երկրից մարդիկ, անուններով չասեմ, և դու ունենում ես հնարավորություն այնպես ներկայացնել ազգայինը, որ հենց նրանք ծափահարեն, սա էլ է քաղաքականություն։ Քո խոսքը ներկայացրու քո երաժշտության միջոցով, նոտաներ նվագելը յուրաքանչյուրը կարող է, բայց պատմություն ներկայացնելը ոչ ոք չի կարող։ Ես միշտ ասում եմ՝ սա իմ կյանքի պատմությունն է, որովհետև յուրաքանչյուր համերգ գալիս է իմ ներսից, իմ ներսը պետք է լեցուն լինի, որ կարողանամ փոխանցել, եթե ասելիք չունեմ, ապա հանդիսատեսին ի՞նչ կարող եմ տալ, ոչինչ»։

ԵՍ ԻՄ ԱՐՎԵՍՏԸ ԲԻԶՆԵՍԻ ՉԵՄ ՎԵՐԱԾՈՒՄ

«Ես իմ արվեստը բիզնեսի չեմ վերածում, իսկապես չեմ վերածում։  Մենք բոլորս Հայաստանում ենք ապրում ու գիտենք, թե ինչ վիճակ է մեր երկրում տիրում, և գիտենք՝ ինչ վիճակում է  մշակույթը։ Ինձ համար կարևորը ճիշտ մշակույթ ներկայացնելն է։ Գիտեք, սա այն ասպարեզն է, որն ունի երկու կողմ, ինչպես մեդալը, այսինքն՝ կա քողարկված կողմ, որը երբևէ չի երևում։

Իհարկե, եթե դու ուզում ես լավ գործ անել, պետք է մի քիչ էլ տուժի քո ընտանիքը, ես այդպես եմ անում։ Շատ է լինում, երբ իմ ընտանիքն իսկապես տուժում է, ես ինքս էլ տուժում եմ, բայց եթե ուզում ես այդ նախագիծն իրականացնել, ուրեմն մի տեղ էլ պիտի տուժես։ Դրա համար չեմ ուզում այդքան մեծ ուշադրություն դարձնել ֆինանսականին, որովհետև դա շատ կարևոր է։ Արտիստը պետք է գնահատված լինի, ինչը մեզ մոտ չկա, իսկապես սա ցավալի է։ Ես շատ եմ ուզում, որ արվեստագետները, արտիստները ճիշտ գնահատված լինեն, որովհետև յուրաքանչյուր խոսք, անգամ շնորհակալությունը կարող է մարդուն այնպիսի գործ անելու մղել, թևեր տալ, որ մարդը ոգևորվի։ Իհարկե, որևէ բան չեմ անում նման սպասելիքով, բայց պատկերացրեք՝ արտիստի, արվեստագետի համար դա շատ կարևոր է, որովհետև դու քո երկրում պետք է գնահատված լինես։ Շատ եմ ցանկանում, որ բոլորը գնահատված լինեն, ինչը մեզ մոտ չկա, սա պետք է ասեմ։ «Բավականին երկար ժամանակ է, որ ես այս ասպարեզում եմ և ես երբևէ որևէ մեկին  որևէ հարցով չեմ դիմել։ Եթե տվյալ պահին ունենում եմ հնարավորություն, ուրեմն՝ այդ պահին բազմաթիվ մենահամերգներ եմ տալիս՝ ծերանոցներում, մանկատներում, մանկապարտեզներում, քրեակատարողական հիմնարկներում։ Կա մեկ թեմա, որի մասին առհասարակ չեմ խոսի: Ցավոք, 2016 թվականից հետո նման միջոցառումները շատ են։ Այսինքն՝ չեմ սպասում որևէ աջակցության  ինչ-որ բան անելու համար, եթե այդ պահին կարողանում եմ՝ անում եմ, սա արվեստ է, և ինչ-որ պահի ինքդ քեզ որևէ բանից պետք է զրկես։

ԱԶԳԸ ԱԶԳ ՉԷ՝ ԱՌԱՆՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ

Կցանկանամ, որ պատկան մարմինները մի փոքր ուշադրություն դարձնեն մեր մշակույթին, որովհետև ազգը ազգ չէ՝ առանց մշակույթի։ Չեն գոյատևում այն ազգերը, որոնք չունեն մշակույթ, դա շատ ցավալի է ինձ համար։

Հեռուստատեսությամբ միշտ պետք է հնչի մեր հայկականը, խոսքը ոչ միայն երաժշտության մասին է, ինչո՞ւ չպետք է մարդիկ իմանան՝ որն է հայկական խոհանոցը, հայկական գորգագործությունը, պարերը, մեր կերպարվեստը։ Մենք այնպիսի մշակույթ ունենք, որ ուղղակի ափսոս է, որ գնա ու կորի, եկեք ուղղակի չկորցնենք ու հետո ափսոսենք, ուղղակի գնահատենք պահը և ճիշտ գնահատենք պահը»։

ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ԷՐ ԻՄ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՆՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՈՒՄ

«Կորոնավիրուսի ժամանակ ես որոշեցի պարապ չնստել ու մի լավ գործ անել, և դա ստացվեց, որովհետև աշխարհի տարբեր երկրներից լավագույն երաժիշտներն իրենց ազգային նվագարաններով նվագում ու երգում էին հայկական, ինչն ինձ համար գերխնդիր էր։

Սիրում եմ, երբ հայկական երաժշտությունը հասանելի է դառնում աշխարհին, կարող եմ այսպես ասել՝ ինչո՞ւ ոչ, ստիպեցի, որ սիրեն ու ընդունեն հայկական երաժշտությունը։ Երևի այս ամենի ընթացքն էլ բերեց Հնդկաստանում տեղի ունեցած իմ համերգին։ Ինձ համար մեծ ձեռքբերում էր իմ ազգային նվագարանը ներկայացնել Հնդկաստանի նման մշակույթ ունեցող երկրում։ Համերգը տեղի ունեցավ Հնդկաստանի Տրիվանդրում քաղաքում, 7 օր շարունակ միջոցառումներ էին անցկացվում՝ յուրաքանչյուր օր հատկացվում էր արվեստի մի ճյուղի։ Իրենք հսկայական աշխատանք էին արել, ես դա շատ եմ գնահատում, ջանք չէին խնայում, որպեսզի համերգն անցնի այն նիշով, որը մենք էինք սահմանել։ Ինքս հնդիկ երաժիշտներին օնլայն ուղարկել էի նոտաները, պատմել էի Հայաստանի մասին, այսինքն՝ այդ ընթացքում իրենք լավ տեղեկացան մեր մասին։ Համերգի շրջանակներում ես տարբեր հարցազրույցներ տվեցի, հարցազրույցներից մեկն էլ տվեցի Հնդկաստանի ամենահին թերթերից մեկին՝ «Հինդու»  թերթին։ Հարցազրույցները տալիս էի անգլերենով, բայց մեկը հայերեն տվեցի, որովհետև անգլերենով կդժվարանայի ասել այն ամենը, ինչն ուզում էի։ Ես նախ խոսեցի աշխարհով մեկ սփռված ճանաչված հայերի, ինչպես նաև հայ ժողովրդի անցած բարդ ճանապարհի մասին, խոսեցի Հայոց ցեղասպանությունից, անցած երեք պատերազմների մասին։ Չէի կարող այս ամենի մասին չխոսել, երբ խոսում էի 2020 թվականի պատերազմի մասին, հուզվեցի, հուզվել էին նաև լրագրողները, նրանք ասացին, որ հասկացան, թե ինչ եմ ուզում ասել, անգամ թարգմանելու կարիք չկա»։

Զվարթ Խաչատրյան