Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կամ Զատիկն այս տարի կնշվի ապրիլի 9-ին։ Հայերը, սովորության համաձայն, ինչպես բոլոր տոներին, այնպես էլ այս տոնին սիրում են նախապես պատրաստվել:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ ձվի շուկայում խնդիր չկա, և դեֆիցիտ չի լինի:
«Երեք տարի է, մի ձու չի ներկրվել: Ավելի շատ արտահանում ենք ու հիմնականում՝ Ռուսաստան: Ոլորտը զարգանում է, թող չխանգարեն, օգնել պետք չէ: Մենք կարողանում ենք ապահովել շուկան»,- նշեց Սերգեյ Ստեփանյանը:
Ի դեպ, շուկայում այս պահին ձուն արժե 60-65 դրամ:
Տեղական արտադրողները վաղուց վաճառում են նաև յոդացված ձու՝ ընդգծելով, որ յոդը պահպանվում է եփված ձվի մեջ։
Նրանց փոխանցմամբ՝ հավին յոդով կերակրելուց հետո տեղի է ունենում դրա հստակ կենսափոխակերպումը: Սպիտակուցը կապվում է յոդի հետ և պահպանվում է եփման, վերամշակման բոլոր փուլերում։
Թռչնաբուծական ֆաբրիկաներում յոդացված ձուն ստանում են՝ կերին ավելացնելով անօրգանական յոդ (կալիումի յոդիդ): Գիտնականներին հաջողվել է մշակել կալիումի յոդիդով կերերի հարստացման օպտիմալ չափաբաժիններն ու սխեմաները: Յոդի հավելյալ չափաբաժինն օգտակար է նաև հավի համար։ Թռչունը, ինչպես մարդը, նույնպես կարող է տառապել յոդի պակասից և դրա ավելցուկից:
Յոդի օպտիմալ չափաբաժինը 4,2 գրամն է մեկ տոննա համակցված կերի մեջ։ Այն տալիս է ցանկալի արդյունք, երբ թռչունը թե՛ առողջական խնդիրներ չի ունենում, և թե՛ յոդացված ձու է տալիս: Թռչնի յուրահատկությունն օրգանիզմի կողմից յուրացվող յոդի 15 տոկոսը ձվարանների մեջ կուտակելու ունակության մեջ է:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահի փոխանցմամբ՝ բացի սովորական ապրանքային ձվից, այդտեղ մի քիչ յոդային մասն ավելացվել է:
«Կա սահմանային չափ և մի քիչ ավելի, օրինակ, վահանաձև գեղձի բորբոքումների դեպքում ավելի շատ յոդ է պահանջվում, դրա համար կերի մեջ ավելացնում են»,- պարզաբանեց Սերգեյ Ստեփանյանը:
Յոդացված ձվի արժեքը, տեղեկացնենք, 10 հատի դեպքում տատանվում է 1500-1620-ի սահմաններում:
Անի Կարապետյան