Հայաստանում 2023 թվականի ապրիլի 1-ից ազատականացվեց ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը՝ հաճախորդներին առաջարկելու սեփական մոդելի հիման վրա՝ գին-որակ համադրությամբ ծառայություններ: Հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն չափերը, ինչպես նաև Բոնուս-Մալուս համակարգի մեթոդաբանությունը սահմանում է Ապահովագրողների Բյուրոն, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների հաշվարկման հիմքում դրվող գնագոյացման մոդելներն ու դրանց փոփոխությունները կարող են կիրառվել բացառապես Բյուրոյի հետ համաձայնեցվելուց հետո։
«10-15 տոկոս վարորդների համար գինն իջնելու է, մոտ 30 տոկոսի համար գինը չի փոխվի, նու, շատ քիչ՝ 1-2 տոկոս, ևս մոտ 55 տոկոս վարորդների համար մինչև 30-40 տոկոս կարող է բարձրանալ գինը։ 23 կատեգորիա ա տրվելու վարորդներին, օրինակ՝ առաջին կատեգորիայինը լինելու է 15 հազար դրամ, վերջինը՝ 86500 դրամ: ԱՊՊԱ-ի համար նկատելի բարձր կվճարեն ղեկին խիստ ռիսկային վարք ունեցող, երթևեկությունում վտանգ ներկայացնող մեքենայատերերը։ Համակարգն առանձնացնելու է շատ խախտումներ ու տուգանքի ակտեր ունեցողներին։ Այդ ուղղությամբ ապահովագրականները դեռ բանակցում են Ճանապարհային ոստիկանության հետ, որ տեսնեն վիճակագրությունը, բայց կոնկրետ այս ընկերությունում արդեն որոշել են, թե հաշվարկների վրա ո՛ր կոպիտ խախտումները կազդեն»,- ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր «Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը։
Մեր հարցման արդյունքում պարզվեց, որ վարորդների մի մասի համար ԱՊՊԱ-ն էժանացել է, մյուս մասի համար էլ թանկացել է:
«Իմ ԱՊՊԱ-ն 36000 դրամ էր, հիմա ապահովագրական ընկերություններն առաջարկում են 48000-68000 դրամ, բայց ընկերոջս ԱՊՊԱ-ն 56000-ից դարձել է 38.000»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:
«Վարում եմ «Տոյոտա՝ ԱՊՊԱ-ն 47000-ից դարձել է 27.000»,- նշեց մեկ այլ վարորդ:
Պարզվեց՝ վարորդներից մեկն էլ «BMW»-ի համար 48000 դրամի փոխարեն՝ վճարելու է 19.000 դրամ:
«ԲՄ 4-րդ դաս է, նախկինում եթե վճարում էի 27.000 դրամ, հիմա ըստ ապահովագրական ընկերությունների առաջարկվող գների՝ վճարելու եմ 33.000-41.000 դրամ: Նայած, թե որի հետ պայմանագիր կկնքեմ»,- ասաց վարորդը:
Նշենք, որ ԲՄ-ն՝ Բոնուս–Մալուսը, ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ է, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովադրի ապահովագրական պատմության հիման վրա:
Վարորդներից մեկն էլ հայտնեց, որ վարում է «Նիսսան Տիդա», ունեցել է մեկ վթար, ապահովագրական ընկերությունները 28.000-36.000 դրամ են առաջարկել, միայն մեկ ապահովագրական ընկերություն 22.000 դրամ է առաջարկել: Նրա փոխանցմամբ՝ պատճառաբանել են, թե «Նիսսան Տիդա» և «Օպել» մեքենաներով հիմնականում տաքսի են վարում, դրա համար թանկ է:
«Վարորդի ընկեր» ՀԿ հիմնադիր Տիգրան Քեյանի խոսքով՝ այն թվերը, որ հաշվարկվել ու ներկայացվել էին Բյուրո, թե այսքան տոկոս է թանկանալու, իր գնահատմամբ՝ այդպես էլ եղել է:
«Ոմանց համար, այո, թանկացել է, բայց առաջարկվում են մի շարք պայմաններ, որոնցից մեկն այն է, որ եթե առցանց կնքեն պայմանագիրը, այդ թանկացումն էլ չի լինի: Սակագինը թանկ է, եթե գնաս գործակալի կամ ապահովագրական ընկերությունում կնքես, բայց, եթե առցանց կնքես՝ լրացուցիչ 10 տոկոս զեղչ են տալիս, որ սակագինը նվազեցնելու է: Այսօր արդեն ապահովագրական ընկերությունները գիտեն, որ դուրս կմղվեն շուկայից և կաշխատեն սակագների վերանայման ուղղությամբ, և այստեղ կաշխատի մրցակցությունը: Արդեն բոլորի առաջարկած գները հրապարակվում են, իսկ նախկինում ոչ մի ապահովագրական ընկերություն չգիտեր, թե մյուսն ի՞նչ գին է ասելու»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Քեյանը:
Մեր ճշտող հարցին՝ ԱՊՊԱ պայմանագիրը մեկ տարո՞վ է կնքվում, Տիգրան Քեյանը հայտնեց, որ ոչ, կարող են նաև երեք տարով կնքել:
Զրուցել էինք նաև Տաքսու վարորդ, «Վարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Պողոս Օղլուկյանի հետ, ով տեղեկացրել էր, որ տաքսու վարորդների համար խնդիրներն ավելի շատ են, ԱՊՊԱ-ն 80 տոկոսով թանկ է:
«Եթե 6 ամիս վարել ես տաքսի ու գնում ես ապահովագրական ընկերություն՝ ասելով, որ՝ ընկեր ջան, էլ տաքսի չեմ քշում, պատասխանում են, որ հնարավոր չէ, միայն կլինի այն դեպքում, եթե մեքենան վաճառեն, անվանափոխություն լինի: Այսինքն, ինձ որպես տաքսի՝ գրանցել ես ու չես կարողանում հանել՝ թողնելով սովորական մեքենա՞: Նման բան աշխարհում չեմ լսել: Տաքսու դեպքում ԱՊՊԱ-ի համար վճարում ես 18.000 դրամ, սովորական մեքենայի դեպքում՝ 10.000: Տաքսին համարում են ռիսկային, ես էլ պնդում եմ, որ վթարների դեպքում տաքսիների թիվը քիչ է, այդ ո՞նց եք տաքսին համարում ռիսկային: Մի բան ասում ես, հակադարձում են, թե՝ առավոտից երեկո տաքսի ես քշում, քոնը ռիսկային է: Տո քե՞զ ինչ, ես, 50 տարի է, վթար չունեմ»,- ասել էր Պողոս Օղլուկյանը:
Անի Կարապետյան