Խռմփողը, անհանգիստ քունը, փռնչոցը, երկարատեւ ցերեկային քունը, գիշերն արթնանալը, չափից ավելի կարճ կամ անգամ չափից երկար քունը կարող է բարձրացնել կաթվածի հավանականությունը, վկայում է նոր հետազոտությունը, որի մասին նշվել է CNN-ի կայքում։
«Ահս ախտանշաններից հինգի առկայությունը կարող է հանգեցնել կաթվալի հավանականության հնգակի ավելացման, եե այն համեմատենք այն մարդմանց հետո, որոնք քնի հետ կապված խնդիրներ չունեն»,- ասել է հետազոտության հեղինակ Քրիստին Մակքարտին Իռլանդիայի Գոլուեի համալսարանից։
Քնի հետ կապված խնդիրները եւ կաթվածի հավանականությունը
Neurology ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը վերլուծել է ավելի քան 4500 մարդկանց տվյալները, ովքեր մասնակցել են INTERSTROKE-ին՝ կաթվածով հիվանդների միջազգային խոշոր ուսումնասիրությանը:
Հետազոտության գրեթե 1800 մասնակիցներ տարել են իշեմիկ կաթված։ Եվս 439 մարդու մոտ եղել է ներուղեղային արյունազեղում, որի ժամանակ զարկերակները կամ երակները պատռվել են՝ առաջացնելով ուղեղի հյուսվածքի արյունահոսություն:
Ուսումնասիրության ընթացքում երկու խմբերը պատասխանել են քնի որակի եւ վարքի վերաբերյալ հարցերին, որից հետո արդյունքները համեմատվել են:
Ուսումնասիրությունը պարզել է, որ այն մարդիկ, ովքեր գիշերը հինգ ժամից պակաս են քնում, միջինում երեք անգամ ավելի հավանական է, որ կաթված ստանան, քան նրանք, ովքեր յոթ ժամ են քնում, ինչը մեծահասակների համար առաջարկվող նվազագույնն է:
Մյուս կողմից, գիշերվա ընթացքում ավելի քան ինը ժամ քնելը կապված է կաթվածի ռիսկի կրկնակի ավելացման հետ:
Հետազոտության համաձայն՝ արդյունքները ճիշտ են մնացել նույնիսկ այն ճշգրտումներից հետո, որոնք ուղղված են կաթվածի պատճառ հանդիսացող այլ գործոնների վերացմանը, ներառյալ դեպրեսիան, ալկոհոլի չարաշահումը, ծխելը եւ ֆիզիկական ակտիվության պակասը:
Ինչպես նշում է Քրիսթին ՄքՔարթին, քնի ապնոեի համախտանիշը՝ մի պայման, երբ մարդիկ դադարում են մի քանի անգամ շնչել քնի մեջ, կապված է կաթվածի ռիսկի եռակի ավելացման հետ:
Խռմփոցը եւս կարող է լինել չբուժված քնի ապնոեի նշան։ Մարդիկ, ովքեր խռմփացնում են, 91 տոկոսով ավելի հավանական է, որ կաթված ստանան։
Ցերեկային քունը նույնպես ռիսկի գործոն է: Մարդիկ, ովքեր օրվա ընթացքում միջինը մեկ ժամից ավելի քնում են, 88 տոկոսով ավելի հավանական է, որ կաթված ստանան։ Այնուամենայնիվ, մեկ ժամից պակաս պլանավորված քունը կապված չէ կաթվածի ռիսկի բարձրացման հետ:
Փորձագետների կարծիքը
Կարեւոր է նշել, որ ուսումնասիրությունը կարող է ցույց տալ միայն քնի խնդիրների եւ կաթվածի միջեւ կապը, այլ ոչ թե պատճառահետեւանքային կապը, ասում է Դենվերի Ազգային հրեական առողջության սրտանոթային հիվանդությունների կանխարգելման եւ առողջության տնօրեն դոկտոր Էնդրյու Ֆրիմենը: «Հարց է մնում՝ արդյոք վատ քունը պատճառ է հանդիսանում: Թե դա պարզապես կապված է մի շարք վատ սովորությունների հետ, որոնք կարող են հանգեցնել կաթվածի ռիսկի բարձրացման»,-հարց է ուղղում Ֆրիմենը։
«Նրանք ուժեղ սթրե՞ս են տարել, մեծ քանակությամբ կոֆեի՞ն են խմում, ապա չեն քնում։ Միգուցե, նրանք քիչ են մարզվում, իսկ մենք գիտենք, որ մարզումները նպաստում են լավ քնին»,-ասում է Ֆրիմենը։
«Դժվար է առանձնացնել բոլոր գործոնները, որոնք կարող են նպաստել դրան»,-նշում է նա։
«Արդյունքները համահունչ են նախորդ ուսումնասիրություններին, որոնք անառողջ քունը կապում են արյան բարձր ճնշման եւ անոթների վնասման հետ, որոնք կաթվածի ռիսկի գործոններ են»,-ասել է քնի մասնագետ Քրիսթեն Քնութսոնը՝ Չիկագոյի Հյուսիսարեւմտյան համալսարանի Ֆեյնբերգի դպրոցի նյարդաբանության եւ կանխարգելիչ բժշկության ասիստենտը։
«Պատճառներից մեկը կարող է լինել քնի խանգարումների ազդեցությունը մարմնի նյութափոխանակության, արյան ճնշման եւ բորբոքման կարգավորման ունակության վրա, որոնք կաթվածի ռիսկի գործոններ են»,-նշում է բժիշկ Ֆիլիս Զին։
«Վատ քունը կարող է խաթարել արյան ճնշման բնական անկումը, որը տեղի է ունենում գիշերային քնի ժամանակ եւ նպաստել հիպերտոնիային՝ կաթվածի եւ սրտանոթային հիվանդությունների կարեւոր ռիսկի գործոնին։ Այլ ուսումնասիրություններ ցույց են տալիս նմանատիպ հարաբերություններ վատ քնի եւ այնպիսի խանգարումների միջեւ, ինչպիսիք են շաքարախտը, սրտի հիվանդությունը եւ տկարամտությունը»,-մեկնաբանում է Զին։
Ի՞նչ անել
Էնդրյու Ֆրիմենի խոսքով՝ քնի «հիգիենայի» պահպանումը, առողջ սնունդը եւ կանոնավոր վարժությունները քնի խանգարումների բացասական ազդեցությունը նվազեցնելու եւ կաթվածի ու սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու հիմնական միջոցներն են։ «Ես միշտ ասում եմ մարդկանց՝ գիտեք արդյոք, որ յոթ ժամ շարունակական քունը կապված է սրտանոթային հիվանդությունների նվազագույն քանակի հետ»,-ասում է նա:
Ֆիլիս Զիի խոսքով՝ կարեւոր է ամեն գիշեր մեծ ուշադրություն դարձնել յոթից ութ ժամ անընդմեջ քնին։ «Պետք է քնել եւ արթնանալ ամեն օր նույն ժամին, նույնիսկ հանգստյան օրերին»,-ասում է նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր ոք, ով օրվա ընթացքում տառապում է խռմփոցից, անքնությունից կամ ավելորդ քնկոտությունից, պետք է դիմի քնի մասնագետի: Զին խորհուրդ է տալիս խուսափել ալկոհոլ խմելուց կամ քնից առնվազն երեք ժամ առաջ ուտելուց։
Ըստ Էնդրյու Ֆրիմենի՝ ննջասենյակը պետք է օգտագործվի միայն քնելու եւ ինտիմ մտերմության համար: «Այնտեղ ժամանակ մի անցկացրեք հենց այնպես, մի դիտեք հեռուստացույց, մի կարդացեք գրքեր եւ մի աշխատեք ննջասենյակում։ Կարեւոր է նաեւ մարզվել, նախընտրելի է առավոտյան։ Միակ իրական աշխատող միջոցը կենսակերպի բարելավումն է»,-հավելում է Ֆրիմենը։