Վերջին 15 տարիների ընթացքում ֆիլոքսերան տարածվել է ամբողջ Արարատի տարածաշրջանում (որտեղ աճեցնում են Հայաստանի խաղողի ավելի քան 80%-ը): Այս տարիների ընթացքում մասնագետների բազմաթիվ ահազանգերը կառավարությունում «չեն լսել»։ Հիմա, երբ վարակն արդեն գրեթե ամենուր է, խաղողի այգիները պետք է զանգվածաբար փոխպատվաստվեն հիվանդության հանդեպ դիմացկուն խաղողի արմատներին, հակառակ դեպքում մի քանի տարի հետո դրանք կմեռնեն:
Հայաստանի Տնտեսական լրագրողների ակումբում քննարկման հավաքված մասնագետները պարզաբանեցին` որպեսզի դա տեղի չունենա, պետք է մի քանի համակարգային խնդիրներ փորփրել։
Ֆիլոքսերան որդնալվիճի տեսակ է, որը սնվում է որթատունկի արմատների հյութով: Եթե որթի արմատը դիմացկուն չէ, այսինքն՝ այն ունակ չէ արագ ապաքինման, ապա վերքերի մեջ հողից մանրէներ են մտնում, որոնց պատճառով որթատունկը փտում է:
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ Խորհրդային Հայաստանում սանիտարական տեսչությունն այլ շրջաններից խաղող չէր թողնում Արարատյան դաշտ: Բացի այդ, առանց գյուղատնտես-գիտնականների դրական եզրակացության, այգիներ տնկելու և արդյունաբերությունների վերաբերյալ ոչ մի որոշում չէր կայացվում: Միության փլուզումից հետո այս ամբողջ աշխատող համակարգը անցյալում է մնացել:
2000-ական թվականներին սկսեցին ֆիլոքսերայի նկատմամբ դիմացկուն սորտեր ներմուծել Արարատյան դաշտ, թեև օրենսդրությամբ («Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքով) դա արգելվում է։ Նման սորտերի տնկիները կարող են ֆիլոքսերայի գաղութներ կրել, որոնք նրանց չեն վնասում, բայց վարակում են խաղողի այգիները տասնյակ կիլոմետր շառավղով, քանի որ այդ վնասատուները տարածվում են կոշիկների ներբանների, գյուղատնտեսական տեխնիկայի անիվների միջոցով և նույնիսկ ստորգետնյա ճանապարհով:
Խնդիր առաջին․ հողային օրենսդրության բացը
2009 թվականին Արարատյան դաշտում ֆիլոքսերայի առաջին երկու դեպքն է գրանցվել, պատմում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարական վարչության պետ Արթուր Նիկոյանը: Բայց նման արտակարգ իրավիճակների դեպքում տնկարկների սանիտարական ոչնչացման և վնասների փոխհատուցման կանոններ ժամանակին չեն մշակվել: Ուստի երեք ֆերմերներ, որոնց խաղողի այգիները վարակված էին, թույլ չտվեցին կտրել դրանք։
Երբ կազմեցին փոխհատուցման կանոնները, նոր օջախ բռնկվեց, որն արդեն 20-ից ավել խաղողի այգիներ էր ախտահարել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am