Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Մատենադարանում հատուկ ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IDeA հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, ձեռագիրն ամփոփում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարեգրությունը՝ ներկայացնելով «Ավրորայի» հերոսների եւ դափնեկիրների պատմությունն ու գործունեությունը, արտացոլելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համաշխարհային ազդեցությունը:
Ցուցադրվել է 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջամիլա Աֆղանիին նվիրված տիտղոսաթերթը, որի նկարազարդումն իրականացրել են Մատենադարանում գործող «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի երեխաները:
«Մատյան մարդասիրացը» միակ ձեռագիրն է, որ ստեղծվել է Մատենադարանում 21-րդ դարում՝ հայ մատենագրության բոլոր ավանդույթների պահպանմամբ: Ամեն տարի ապրիլի 24-ին յուրահատուկ արարողությամբ ձեռագրում արձանագրվում են «Ավրորայի» հերոսների եւ դափնեկիրների անուններն ու նրանց պատմությունները: «Մատյան մարդասիրաց» ձեռագիրն առաջին անգամ ներկայացվել է 2018 թվականին՝ որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Մաշտոցյան Մատենադարանի միջեւ համագործակցության խորհրդանիշ:
«Մարդասիրության վավերագրումը ձեռագիր մատյանում, այն էլ պատանիների մասնակցությամբ, հիանալի հնարավորություն է ապագա սերնդին ներգրավելու մշակութային ժառանգության պահպանման, ավանդույթների փոխանցման գործում: Սա լավ առիթ է վաղ հասակից նրանց ծանոթացնելու մարդասիրական արժեքներին՝ միաժամանակ նպաստելով նրանց ստեղծագործական մտքի զարգացմանը»,- նշեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթեւոսյանը:
Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Գեղարվեստական խորհրդի նախագահ Մարինե Ալեսի խոսքով՝ Մատենադարանի ոգեղեն միջավայրում մեր օրերում ստեղծվող այս եզակի ձեռագրի պատկերազարդումը պատանիներին վստահելը մեծ խորհուրդ ունի:
«Ավրորա Մարդիգանյանն իրենց տարեկիցն էր, երբ վերապրեց ցեղասպանությունը եւ պատմեց աշխարհին հայերի հետ տեղի ունեցած ողբերգության մասին: Այս ձեռագիրը յուրօրինակ կամուրջ է հին ու նոր սեունդների եւ ժամանակների միջեւ, իսկ երեխաների ներգրավումը դրա ստեղծման գործում՝ մարդասիրությունը նրանց ազնիվ պատկերացմամբ ներկայացնելու փորձ»,- ասաց նա:
«Մատյան մարդասիրաց» ձեռագիրը կցուցադրվի Մատենադարանի Արցախի ձեռագրերի սրահում ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 20-ը: Այն մեկշաբաթյա հատուկ ցուցադրության կդրվի նաեւ աշնանը, երբ ձեռագրի վերջին էջում կներկայացվի Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը: