Հարավարևելյան Ասիայի և Ավստրալիայի միջև գտնվում է Թիմոր կղզին, որի մոտ կեսը զբաղեցնում է Արևելյան Թիմոր երկիրը: Իր տարածքի ու բնակչության թվաքանակի չափերով այն Հայաստանի մոտ կեսն է: Նախկինում Արևելյան Թիմորը Պորտուգալիայի գաղութ էր: 1976 թ.-ին վերջինիս Արևելյան Թիմորից դուրս գալուց անմիջապես հետո հարևան Ինդոնեզիան այնտեղ զորք մտցրեց (Ինդոնեզիան Արևելյան Թիմորից մեծ է մոտ 130 անգամ): Երկրի գրավումը հանգեցրեց միջազգային հանրության լայն բողոքի, ընդունվեցին ՄԱԿ-ի և բազմաթիվ այլ բանաձևեր: Արևելյան Թիմորը շարունակում էր պաշտոնապես ճանաչվել զավթված: Եվ այդպես… 23 տարի: Բանաձևեր, դատապարտումներ… Ընթացքում Արևելյան Թիմորում մի քանի ալիքով տեղի ունեցան ջարդեր, որի արդյունքում սպանվեց այդ փոքր երկրի բնակչության մոտ 20%-ը: Եվ միայն 1999 թ.-ին միջազգային հանրությունը Ինդոնեզիային համոզեց փոխել Արևելյան Թիմորի հանդեպ վերաբերմունքը, որի արդյունքում սահմանվեց Արևելյան Թիմորի անկախության ճանապարհային քարտեզը և տարածք մտցվեցին միջազգային խաղաղապահներ: Երկիրը հռչակվեց անկախ միայն 2002 թ.-ին` ծանր պայքարի սկզբից 26 տարի անց:
Ավելացնեմ, որ 1999 թ.-ից քիչ առաջ Արևելյան Թիմորում հայտնաբերել էին նավթի զգալի պաշարներ:
(Լուսանկարը` «The Diplomat» լրատվականի կայքից)
Միջազգայնագետ Վահագն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից