2023թ. մարտի 2-ին «Հետք»-ի ընթերցողներից մեկը Գյումրիից տեսանյութ էր ուղարկել, որտեղ երևում էր, որ դեղատան տարածքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչը նախ միսը դնում է սպասասրահում, ապա՝ հանձնում աշխատակցին։
Տեսանյութը ստանալուց որոշ ժամանակ անց «Հետք»-ն այցելել է Գյումրու այդ դեղատուն՝ «Տոնուս-Լես ռեմեդի» և պարզել, որ այդտեղ է գտնվում «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա»-ի «նմուշների ընդունման կետը»։
«Էֆ-Դի-Էյ լաբորատորիա»-ն Շիրակի մարզում չունի պարենային և ոչ պարենային ապրանքների փորձարկումներ իրականացնելու, ինչպես նաև՝ նմուշներ ընդունելու և/կամ նմուշառման հավատարմագրում։
Ավելին, 2022թ․ հոկտեմբերին Վարչական դատարանի վճռով մերժվել և անհիմն է ճանաչվել «Էֆ-Դի-Էյ լաբորատորիայի»՝ ՍԱՏՄ-ի դեմ հայցը, ըստ որի՝ ընկերությունը պահանջում էր պարտավորեցնել ՍԱՏՄ-ին Շիրակում լաբորատոր փորձաքննության ծառայությունների իրականացման համաձայնագիր կնքել իր ընկերության հետ։
Այնուամենայնիվ, դատարանի վճռից հետո՝ 2023թ.-ին, ՍԱՏՄ-ն պայմանագիր է կնքել «Էֆ-Դի-Էյ լաբորատորիայի» հետ ու մինչ օրս նմուշներ է հանձնում Գյումրիում գտնվող ընդունման կետում, սակայն, ըստ Կառավարության որոշման, պետական վերահսկողություն իրականացնելու շրջանակում, պետք է հանձներ փորձարկման լաբորատորիա։
2023թ. ապրիլի 6-ին՝ տեսանյութը ստանալուց հետո, «Հետք»-ն այցելեց «Էֆ-Դի-Էյ լաբորատորիայի»՝ Գյումրու «նմուշների ընդունման կետ»։
Այն գտնվում է Գարեգին Նժդեհ 2 հասցեում՝ «Տոնուս-Լես ռեմեդի» դեղատան տարածքում, զբաղեցնում է 7,32 քմ ընդհանուր տարածք, որտեղից նաև մուտք կա նույն հասցեում գործող ատամնաբուժարան։
Անմիջապես մուտքի մոտ տեղադրված է մեծ սառնարան, որի վրա փակցված է նշումներով թուղթ, քիչ այն կողմում ընդունման սեղանն է և փոքր սառնարան՝ «Էֆ-Դի-Էյ լաբորատորիայի» լոգոյով՝ «նմուշների փոխադրման համար»։
Մեր այցելության պահին ընդունման սեղանի մոտ նստած աշխատակցից հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ ենք, արդյոք, ապրանք բերել փորձաքննության համար։ Պատասխանը բացասական էր։ Նշեցինք, որ Երևանից ճշտել ենք, ասել են՝ ընդունում են։ Այդ ընթացքում ընդունարանի աշխատակիցն արդեն հեռախոսով կապ էր հաստատել «Էֆ-Դի-Էյ լաբորատորիայից» Անահիտի հետ։ Նա նախ հետաքրքրվեց՝ ով ենք, ինչ ընկերություն ենք, ինչու ենք հարցնում։ Ապա ասաց, որ նմուշներ չենք կարող թողնել այդտեղ, քանի որ դա միայն ՍԱՏՄ-ի համար է։
Եթե լաբորատորիան ունի նմուշների ընդունման և/կամ նմուշառման հավատարմագրված կետ, ինչու՞ է խտրականություն ցուցաբերում և նմուշներ ընդունում միայն ՍԱՏՄ-ից, չէ՞ որ նմուշների ընդունումը լաբորատոր փորձաքննության փուլերից մեկն է՝ առաջինը։
Ամբողջությամբ՝ hetq.am