Սերկևիլի ճակատամարտը
Հայոց աշխարհում 1021թ. էր: Բջնիի իր ամրոցում հանգստանալիս, Վասակ Պահլավունին նկատում է դեպի ամրոց տանող քարքարոտ ճանապարհին շտապող մարդու: «Այս մարդը բոթաբեր է», – ասում է Վասակը և կարգադրում, բացել բերդի դարպասը, ներս թողնելով նրան: Մարդը հասնելով դարպասին, աղաղակում է. «Ողջ Նիգ գավառը գրավվել է»: Այդ լսելով, քաջ Վասակը առյուծի պես մռնչալով, հագնում է իր զրահապատ զգեստները և իր հետևից պատրաստվում են նաև յոթ ազատներն ու այնտեղ գտնվող հեծյալները: Ինչպես գրել է պատմիչ Մատթևոս Ուռհայեցին. «Ազատները շարվեցին Վասակի ետևից: Եվ սլացավ քաջ և անվանի Փիլիպեն, նրա հետ և Գորգն և ուրիշներ. նրանք քաջ մարդիկ էին, պատերազմներում՝ հաղթող: Վասակը չէր կարողանում սպասել մինչև զորքը գումարվի. նա իր հրամանատարության ներքո հինգ հազար հոգի ուներ: Ապավինելով իր ուժին, նա հինգ հարյուր հոգով առյուծի պես առաջ նետվեց դեպի Նիգ գավառը, իր ընտանիք ու Բջնի ամրոցը հանձնելով իր Գրիգոր որդուն»: Վերջինս հանրահայտ Գրիգոր Մագիստրոսն էր:
Ինչպես պատմիչներն են գրել, թուրքերը, կոտորելով Սերկևիլ գյուղի բնակիչներին, շրջապատել են եկեղեցին ու անխնա սրախողող արել պատսպարված հավատացյալներին: Այն թուրքական երրորդ հարձակումն էր Հայաստանի վրա:
Սերկևիլ գյուղատեղին գտնվում է Օհանավան գյուղի հյուսիս-արևելյան մասում, Քասախ գետի կիրճի աջ եզրին, գործող գերեզմանոցից հյուսիս: Այն Արագածոտնի նշանավոր բնակավայրերից էր: Այստեղով է անցել Արարատյան դաշտից դեպի հյուսիս՝ Նիգ ու Լոռի ուղղված արքունական հին ճանապարհը:
Գյուղը, գրավոր աղբյուրներում, առաջին անգամ հիշատակվում է հենց այդ ճակատամարտով: Այդ մասին տեղեկացնում են պատմիչներ Մատթևոս Ուռհայեցին, Վարդան Արևելցին, Մխիթար Այրիվանեցին և ուրիշներ:
Ներկայումս գյուղատեղին ամբողջովին պատած է բնակելի շինությունների ավերակներով: Սերկևիլը միջնադարում բազմիցս հիշատակվում է: 1029թ. այստեղից մի այգի սպարապետ Վահրամ Պահլավունին նվիրել է Մարմաշենին, 13-րդ դարում իշխանաց իշխան Վաչե Վաչուտյանը՝ Հովհաննավանքին: Իսկ 1350թ.՝ Թեոդորոս Չրքինը ամբողջ գյուղն է նվիրել Հովհաննավանքին: Գյուղը 13-15-րդ դարերում պատկանել է Վաչուտյաններին:
Գյուղատեղիի արևելյան մասում, կիրճի եզրին, կիսակործան կանգուն է Սբ Հովհաննես եկեղեցին կառուցված 10-րդ դարում Պահլավունիների կողմից: Նրան հարավից կից է անավարտ գավիթը, որը կառուցվել է 13-րդ դարում Վաչուտյանների կողմից: Եկեղեցին արտաքինից ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է, երկթեք տանիքով, որտեղ թաղը նստած է զույգ կամարների վրա: Նրա արևելյան մասում կիսաշրջան խորանն է: Մուտքը եղել է արևմտյան կողմում: Եկեղեցու պատերին կան արձանագրություններ և խաչաքանդակներ: Ներկայումս Սերկևիլի եկեղեցին ավերակ վիճակում է, արևմտյան ճակատը կործանված, ծածկի երեսապատի քարերը թափված, շրջակայքը՝ փլատակներով լցված:
1442թ. այդ եկեղեցիում Հովհաննես Թմոքեցին (Թմբկաբերդցի) ընդօրինակել է ձեռագիր «Տօնական», որի հիշատակարանում գրել է նաև տեղի դպրոցի ուսուցիչ Խաչատուր կրոնավորի մասին: Նա նշել է, որ Խաչատուրը 70-ամյա հասակում ուխտ է գնացել Երուսաղեմ, և վերադառնալով իր հետ դպրոցի համար բերել է աշխարհագրական քարտեզ: Խաչատուրը Հովհաննես եպիսկոպոս Ոսկեփորի հետ եղել է տեղի դպրոցի ուսուցիչներից: Միաժամանակ նա եղել է կրոնավոր՝ Սբ Հովհաննես եկեղեցու սպասավորներից:
Մատթևոս Ուռհայեցին բավականին մանրամասն նկարագրել է ճակատամարտը և Վասակի նահատակվելը: Լսենք նրան. «Վասակը հասավ մի վանք, որտեղ ինքը և ամբողջ զորքը հաղորդություն ստացան (հավանաբար Եղվարդում)… ճանապարհին նրանք հանդիպեցին մի գյուղի և ականատես եղան, թե ինչպես այլազգիները գլխովին կոտորել էին գյուղի բնակչությանը, ինչպես նրանք շրջապատել էին եկեղեցին և անխնա սրախողող էին անում ներսում ապաստանած հավատացյալներին: Քաջ Վասակը, տեսնելով դա, առյուծի պես մռնչաց և հարձակվեց այլազգիների վրա և կոտորեց երեք հարյուր հոգի. մնացածները փախուստի դիմելով՝ միացան այլազգիների հիմնական զորաբանակին: Հայոց մեծաթիվ բանակը հարձակվեց այլազգիների վրա: Տեսնելով, որ այլազգիների զորքը անթիվ-անհամար է, բոլորը միասին, աչքի առջև ունենալով մահը, սրտապնդվեցին պատերազմի և, ինչպես գայլերը այծրի մեջ, և արծիվները՝ թռչունների երամների, ահա այդպես խիզախորեն դիմեցին պատերազմի և շստերին խողխողելով դիաթավալ գետին տապալեցին: Այդ միջոցին այլազգիների զորքի միջից դուրս եկավ մի քաջ մենամարտիկ՝ սևամորթ խափշիկ, որին Յոթ գայլ էին անվանում, որովհետև այն, ինչ յոթ գայլը կարող էին անել ոչխարի հոտի մեջ, սա ավելին էր անում պատերազմի դաշտում: Ահա գալիս է խափշիկը սև ամպի նման որոտալով. նրա զրահը բոցի պես փայլում էր. նա կանչում և հանվանե փնտրում էր Վասակին: Նայեց քաջ Եմրանը (Վասակի զինակից) և տեսավ նրան, որ գալիս էր ինչպես մրրկյալ լեռ. դիմելով Վասակին, ասաց. «Ահա անպարտելի և քաջ մի մարդ, որի նմանը երկրի վրա դեռ չի ծնվել»: Վասակը պատասխանեց. «Ո՜վ դու առյուծասիրտ և քաջդ Եմրան, ինչո՞ւ վախեցար նրա տեսքից. ահա, ես դուրս եմ գալիս նրա դեմ և նրան կտամ այն նույն պարգևը, ինչ Դավիթը տվեց աստծուն անարգող Գողիաթին»: Հենց այդ պահին վրա խուժեց այդ մարդ-գազանը և փորձեց քաջ Վասակին իր նիզակի ծայրին առնել: Վասակը, փութով անցնելով նիզակի տակից. պողովատիկ թրով հարվածում է նրա սաղավարտին և քաջ խափշիկին երկուսի բաժանելով, մարմնի մասերը փռում գետնին: Դրա վրա հայերը սրտապնդվեցին կռվելու և կատարելու անհնարինը: Մարտի թեժ պահին, երբ սուսերներից խոցվածները շատացան, քաջ Եմրանը կորավ. երկարատև և դժվարին մարտում ազատների խմբավորումները ցիրուցան եղան և մեկը մյուսի մահը չկարողացավ տեսնել: Մնալով միայնակ, քաջ Վասակը գազազած առյուծի նման մխրճվեց այլազգիների զորքի մեջ և ճեղքելով դուրս եկավ»:
Ահա այսպես կասեցվեց թուրքերի արշավանքը դեպի Անի: Նրանց բանակը մեծ կորուստներ կրելով հեռացավ Հայաստանից: Սակայն, կանցներ շուրջ 25 տարի և Տուղրիլ բեկը կգրավեր Անին:
Մատթևոս Ուռհայեցին շարունակելով պատումը գրում է, որ Վասակը «կատաղի մարտից հոգնած, գնաց բարձրացավ Սերկևիլի կոչող լեռը և պատերազմի տանջանքներից հանգստանում էր ժայռերի հովին: Փախստական գյուղացիները տեսնում են նրան և ոճրագործ կայենի նման մեկը, գտնելով նրան վշտահար քուն մտած, ուժգին հարված հասցնելով՝ ժայռից ցած է գլորում: Ահա այսպես մեռավ քաջ Վասակ Պահլավունին»:
Վարդան Արևելցին անդրադառնալով Վասակի մահվանը գրել է. «Թուրքը, երբ եկավ Դվին, ասպատակեց այն, և նրա դեմ դուրս ելավ քաջն Վասակը, ոը մեծ քաջագործություն ցուցաբերելով՝ վերադարձավ Սերկևլի: Եվ այնտեղ երբ նա մի փոքր քնում է, մեկը պատահաբար քարը խփում է նրա գլխին, և նա մեռնում է»: Ինչո՞ւ Վասակն այդպես անփառունակ նահատակվեց, պատահականություն էր, թե ո՛չ, դժվար է ասել…
Անմիջապես, Սերկևիլ է շտապում Վասակի ավագ եղբայրը՝ Հայոց սպարապետ Վահրամ Պահլավունին, և նրա դիակը տեղափոխում է Մարմաշեն, իրենց տոհմական գերեզմանոց: Այդ ճակատամարտը իր արտահայտությունն է գտնում Մարմաշենի 1029թ. արձանագրությունում, որպես «թուրքաց պատերազմ»: Նշենք, որ Մարմաշենի վանքի կառուցմանը իր եղբայրների և մոր՝ Շուշանիկի հետ միասին, մասնակցել էր նաև քաջ Վասակը:
Սերկևիլի ճակատամարտից անցել է շուրջ հազար տարի, և այսօր էլ դեռ, գյուղատեղիի ավերակներում կարծես նկատելի են մարդկային կոտորածների հետքերը, թուրքական վայրագություններն ու ավերմունքները, եկեղեցու հրդեհից մրոտված պատերը: Արդյո՞ք հնարավոր չէ, Սերկևիլի բարձունքներից մեկում, խճուղուն հարող մի տարածքում, կանգնեցնել ճակատամարտը խորհրդանշող հուշարձան, որտեղ կպատկերվեր նաև քաջ ու անվախ Վասակ Պահլավունին: Այսօր Սերկևիլում, նրանից մնաց միայն տեղանքի անվանումը՝ Վասակամուտ…
Լուսանկարում՝ Սերկևիլի եկեղեցին է: