Մայիսի 4-ին լրանում է հայկական արմատներ ունեցող եթովպացի նկարիչ Ալեքսանդր «Սկանդեր» Բոգոսյանի մահվան 20-րդ տարելիցը։
Սկանդերը Եթովպիայի ամենահայտնի ժամանակակից նկարիչներից էր, եւ նրա աշխատանքները ցուցադրվել են միջազգային մակարդակով: Մի քանի տասնամյակ նրա արվեստն ու ոճը սահմանում էին ժամանակակից եթովպական գեղանկարչությունը: Նա բազմաթիվ մրցանակներ է ստացել Եվրոպայում, Աֆրիկայում ու Միացյալ Նահանգներում, ինչպես նաեւ առաջին եթովպացի նկարիչն է, ում աշխատանքը ձեռք է բերել Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը: Նրա մահվան տարելիցին «Ethiopia Observer»-ը պատմում է Սկանդեր Բոգոսյանի կյանքի ու ժառանգության մասին։
Սկանդերը ծնվել է Ադիս Աբեբայում 1937 թվականին։ Նրա մայրը եթովպուհի է, իսկ հայրը հայ Խոսրով Բոգոսյանն է, ով Հայլե Սելասիեի կայսերական գվարդիայի գնդապետ էր։ Սկանդերն իր մանկությունն անցկացրել է Ադիս Աբեբայում, իսկ պատանեկությունը՝ Լոնդոնում՝ սովորելով Սուրբ Մարտինի Slade School of Fine Arts-ում, ապա սովորել Փարիզում եւ դասավանդել Grande Chaumière-ում։
Նկարչի իրական անունը Էսկանդեր (Ալեքսանդր) Բոգոսյան է, սակայն նա օգտագործել է Սկանդեր՝ անվան կրճատ ձեւը, որը դարձել է նրա ազգանունը։
Չնայած երկու տասնամյակ առաջ մահացած արվեստագետն Ադիս Աբեբայի Գեղարվեստի դպրոցում դասավանդել է ընդամենը երեք տարի (1966-1969), սակայն նա հսկայական ազդեցություն է թողել ինչպես իր հասակակիցների, այնպես էլ արվեստագետների երիտասարդ սերնդի վրա։ Համաձայն Հենրի Լուի Գեյթսի եւ Էմմանուել Ակյամպոնգի կողմից խմբագրված Աֆրիկյան կենսագրության հանրագիտարանի (2012), Սկանդերը «սիրում էր փորձեր կատարել տարբեր նյութերի եւ տեխնիկայի հետ ու իր սյուրռեալիստների հետ կիսում էր ենթագիտակցական հետաքրքրությունը՝ կտավի կամ այլ մակերեւույթների վրա։
The New York Times-ը նկարագրել է նրա աշխատանքը որպես «եվրոպական տեխնիկայի համատեղում, ինչպիսիք են յուղաներկը, մատիտը եւ թանաքը կեղեւի ու կենդանիների մաշկի հետ»: «Հաճախ որակով հալյուցինոգեն ու բարդ մանրակրկիտ պատկերներով ու նախշերով, նրա աշխատանքները եղել են Փոլ Կլեի, Մաքս Էռնստի եւ կուբացի նկարիչ Ուիֆրեդո Լամի ազդեցության ներքո, բայց մեծամասամբ՝ կոպտյան եւ արեւմտյան Աֆրիկայի արվեստը», – գրում է NYT-ը:
Ամենասրտանց շնորհավորանքներից մեկը եղել է Էլիզաբեթ Վ․ Գիորգիսի՝ Ադիս Աբեբայի Եթովպիայի հետազոտությունների ինստիտուտի նախկին տնօրեն եւ համալսարանի կատարողական ու վիզուալ արվեստի քոլեջի դեկանի կողմից։
Իր «Եթովպիայի մոդերնիստական արվեստը» գրքում Էլիզաբեթ Վ․ Գիորգիսը պատմել է նկարչի հետ հանդիպման մասին․
«Հիշում եմ, երբ առաջին անգամ հանդիպեցի Սկանդերին 1996 թվականին։ Ես ամբարտավանորեն այցելեցի նրա ստուդիան (որը նաեւ նրա տունն էր) Վաշինգտոնում: Հնչում էր երաժշտություն, եւ եթովպական խունկի քաղցր բույրը լցված էր օդում։ Նախ լսեցինք եթովպական ուղղափառ երգեր, հետո Կոլտրեյն եւ երաժշտություն Մալիից։ Տարօրինակ կերպով, ընտրանին, թվում էր, համապատասխանում էին փոխլրացնող մեղեդիներին, եւ Սկանդերն ամրապնդեց այս տպավորությունը: Նրա համար աֆրոամերիկացու ջազային երգերի, եթովպական ուղղափառ եկեղեցու մեղեդային երգեցողության եւ Մալիից երգչի ռիթմիկ մեղեդու միջեւ կապը բնական իրականության մի մասն էր: Նա այն ժամանակ ինձ ասաց, որ իր ամբողջ աշխատանքը «սեւության տարատեսակների հավերժական տոն է»: