Հեղուկ գազի գինը մեկ շաբաթում բարձրացել է՝ որոշ տեղերում հասնելով 250 դրամի:
«Նախորդ շաբաթ գնել եմ 200 դրամով, երեկ երեկոյան լցրել եմ 210 դրամով, մի քանի գազալցակայան անցա, տեսա՝ դարձել է 250 դրամ: Տեղեկություն կա, որ հայկական բեռնատարները, որոնք ուղևորվում են Ռուսաստան՝ հեղուկ գազը Հայաստան տեղափոխելու համար, մնացել էին կուտակումների մեջ, ինչը կապված է եղել Լարսի անցակետի վերանորոգման աշխատանքների հետ; Ըստ օդում կախված լուրերի՝ մայիսի 20-ից հետո կարգավորվելու է իրավիճակը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարորդը Արմեն Իսրայելյանը:
Գրիգոր Ավետիսյանն էլ վերջին 15 օրերին սկսել է բենզինով մեքենան լիցքավորել:
«Հեղուկ գազի խնայողությունը բենզինի համեմատ 30% է, հիմա, եթե 250 է հեղուկ գազը, իսկ բենզինը՝ 320-350 դրամ, կարծում եմ՝ բենզինով ավելի ձեռնտու է մեքենա վարելը: Ասեմ, որ ավելացել են նաև թերլցումների դեպքերը»,- նշեց վարորդը:
Նշենք, որ Հայաստանում մեկ շաբաթից ավելի է՝ հեղուկ գազի դեֆիցիտ է, որը իշխանությունները և տնտեսվարողները պայմանավորում են հեղուկ վառելիքի ներմուծման հետ կապված դժվարություններով։
2022թ. մայիսին հեղուկ գազի գինը եղել է 190-200 դրամ: Իսկ 2023թ. ապրիլի 15-ին եթե 120-130 դրամ էր, ապա վերջերս գինը բարձրացել է՝ դառնալով 180-220 դրամ:
Սեղմված գազի արժեքը նախորդ տարի տատանվել է 310-350 դրամի սահմաններում: Այս գինը գրեթե պահպանվել է:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ նախնական ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում, մասնավորապես դիտարկվել են վերջին շրջանում արձանագրված գնային փոփոխությունները:
Հանձնաժողովից տեղեկացրեցին, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուկան խիստ մրցակցային է. հեղուկ գազի ներմուծում են իրականացնում 86 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից առավել խոշոր տնտեսավարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս, հետևաբար՝ շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունները բնորոշ չեն մրցակցային շուկաներին:
Անի Կարապետյան