Չի՛ կարելի նման բաներ անել, Երևանը որևէ մեկի բոստանը չէ, որ ինչ ուզի՝ ցանի. Հաղթանակ Շահումյան
Advertisement 1000 x 90

Չի՛ կարելի նման բաներ անել, Երևանը որևէ մեկի բոստանը չէ, որ ինչ ուզի՝ ցանի. Հաղթանակ Շահումյան

Շուտով Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի արձանը։ Հեղինակը հայտնի քանդակագործ Դավիթ Երևանցին է:

Սոցիալական ցանցերում արձանի էսքիզն ակտիվորեն քննարկվում է, և քաղաքացիների կարծիքով՝ արձանն ամբողջությամբ չի բացահայտում Ազնավուրի կերպարը, և ըստ նրանց՝ լավ կլիներ, որ մրցույթ անցկացվեր:

«Դավիթ Երևանցու Ազնավուրի արձանի մակետը շատ նման է իր քանդակած ու Շառլի արձանի տեղադրվելիք վայրից մի քանի մետր հեռու տեղադրված Վիլյամ Սարոյանի հուշարձանին։ Չարժե մի քանի մետրի վրա նույն ձեռագրով ու իրար նման երկու արձան տեղադրել։ Բացի դա՝ այս տարբերակն, ա՛խր, հեչ նման չէ Ազնավուրին, ինչպես Սարոյանի արձանը այդքան էլ նման չէ Սարոյանին։ Դավիթ Երևանցին ահագին քանդակներ ունի քաղաքում, նոր անուններ է պետք բացահայտել ու իրենց պատվեր տալ»,- Ֆեյսբուքում գրել է քաղաքացիներից մեկը:

«Դեմ եմ, որ Շառլ Ազնավուրի արձանը դրվի Ֆրանսիայի հրապարակում։ Երևանում արդեն կա Ազնավուրի հրապարակ, իսկ Գյումրիում՝ Ազնավուրի արձան։ Իմաստը ո՞րն է ևս մեկ արձան տեղադրելու։ Շառլ Ազնավուրը ծնվել և մահացել է Ֆրանսիայում, երգել է ֆրանսերեն, եղել է ֆրանսիացի։ Չնայած իր հայկական ծագմանը՝ Ազնավուրն իրեն միշտ համարել է ֆրանսիացի, Հայաստանին օգնել է՝ որպես ծագումով հայ, բայց Ֆրանսիան միշտ եղել է առաջին տեղում։ Ազնավուրը Ֆրանսիայի փառքն է, այլ ոչ թե Հայաստանի։ Ուստի տրամաբանորեն Ազնավուրի արձանը պիտի լինի Ֆրանսիայում, այլ ոչ թե՝ Հայաստանում։ Եթե մենք պետություն ենք, մենք պիտի մեր պետությունը ստեղծողներին տարբերենք այլ պետության քաղաքացիներից, որոնք օգնել են մեզ»,- ընդգծել է մեկ այլ քաղաքացի:

Քանդակագործ Հաղթանակ Շահումյանի կարծիքով՝ Ֆրանսիայի հրապարակում որևէ մեկի արձան դնելը սխալ է, էլ ուր մնաց՝ էսքիզը քննարկի:

«Ում արձանն ուզում է լինի՝ քաղաքաշինական մեծ սխալ է այդտեղ տեղադրելը: Ազնավուրի արձանը դրվում է մի միջավայրում, որտեղ երկրորդական հրապարակում Հովհ. Թումանյանի, Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի արձաններն են: Դա նշանակում է՝ սևացնում ենք այդ մարդկանց մեծությունն ու հիշողությունը: Չի՛ կարելի այդտեղ անձնավորված արձան դնել: Շառլ Ազնավուրի հրապարակ կա, տուն-թանգարան, թող տանեն, այդտեղ դնեն: Եվ, վերջապես, Շառլ Ազնավուրը հո հայ ժողովրդի միակ դե՞մքը չէ:

Եթե մի բան են ուզում այդտեղ տեղադրել, պետք է հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող մի բան լինի կամ ընդհանրապես չլինի: Ռոդենի արձանը դրեցինք, կրակն ընկանք: Բա դրա տե՞ղն էր: Մի հատ խորհրդակցե՞լ են քաղաքաշինական խորհրդի, Ճարտարապետների, Նկարիչների միությունների հետ: Չի՛ կարելի նման բաներ անել, Երևանը որևէ մեկի բոստանը չէ, որ ինչ ուզի՝ ցանի: Դրա համար կան մասնագիտացված օղակներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հաղթանակ Շահումյանը՝ շեշտելով, որ նման տեղում արձան տեղադրելու համար պետք է մրցույթ հայտարարել և ընտրել լավագույնը:

Անի Կարապետյան

168.am