Քչերը գիտեն, որ Հոլիվուդի լավագույն սցենարիստներից մեկն ազգությամբ հայ Սթիվեն Զայիլյանն է: Ներկայացնում ենք սցենարիստի կյանքի պատմությունը, անցած ուղին, ինչպես նաև այն ձեռբերումները, որոնք նա ունեցել է:
Սկիզբը
Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում, Կալիֆորնիա։ Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիոլրագրող: Մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմություններ լսելով։
12 տարեկանում Սթիվենն առաջին անգամ այցելել է կինոթատրոն և շատ տպավորվել։ Նա սկսել է թերթեր բաժանել՝ կինոյի տոմսեր գնելու համար։ Ֆրեզնոյում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Սթիվենն ընդունվել է Կալիֆորնիայի համալսարանի կինոարվեստի բաժինը, որտեղ սովորել է ֆիլմերի սցենարներ գրել և այնքան հաջողության է հասել այս գործում, որ նրան սկսել են ներգրավել մեծ կինոնախագծերում։
Ապրում է Լոս Անջելեսում իր կնոջ՝ Էլիզաբեթի, և երկու երեխաների հետ:
Հաջողությունը
Զայիլյանը հեղինակ է «Շինդլերի ցուցակը» (Schindler’s List), «Հաննիբալ» (Hannibal), «Նյու Յորքի ավազակախմբերը» (Gangs of New York), «Վիշապի դաջվածքով աղջիկը» (The Girl with the Dragon Tattoo), «Իռլանդացին» (The Irishman) և այլ հայտնի ֆիլմերի սցենարների:
Սակայն նրա առաջին ինքնուրույն աշխատանքը 1984թ.-ին նկարահանված «Բազեն և ձնեմարդը» (The Falcon and the Snowman) ֆիլմն է, որի գլխավոր դերերում խաղացել են Շոն Փենն ու Թիմոթի Հաթթոնը: Այս ֆիլմի հետ կապված Զայիլյանն ասել է.
«Այս ֆիլմի շուրջ աշխատանքը, հավանաբար, ամենահետաքրքիր բանն էր աշխարհում: Անկեղծ ասած, հավանաբար, դրանից հետո ոչինչ այդքան հուզիչ չի եղել: Ինձ կհեռացնեին, եթե լավ չգրեի։ Եվ հետո, ես շատ վախեցած էի, երբ առաջին անգամ հանդիպեցի ռեժիսոր Ջոն Շլեզինգերին, որն այդ ժամանակ այնքան հայտնի էր: Ես կարծում էի, որ յուրաքանչյուր փորձ լավն է լինելու, քանի որ առաջինը շատ լավն էր… Բայց աստիճանաբար պարզում ես, որ դա այդպես չէ: Ունես լավ ու վատ գործեր, և փորձում ես սովորել վատերի փորձի հիման վրա և շատ, շատ-շատ ես փորձում վայելել լավերը, որքան կարող ես, քանի որ դրանք ամեն րոպե չեն պատահում»։
Առաջին հաջողություններից հետո, Զայիլյանը 1990 թվականին նոմինացվել է «Օսկար»-ի՝ Ռոբերտ դե Նիրոյի և Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ «Արթնացում» ֆիլմի համար:
Սթիվեն Զայիլյանն «Օսկար»-ի է արժանացել 1994թ. Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար, ինչպես նաև «Օսկար»-ի հավակնորդների ցուցակում ընդգրկվել 1991, 2003 և 2012 թվականներին:
Այս ֆիլմի սցենարի համար նա ստացել է միանգամից 5 մրցանակ՝ բացի «Օսկար»ից, նաև «Ոսկե գլոբուս», HUMANITAS Prize, Գրողների ամերիկյան գիլդիայի և Սցենարիստների ասոցիացիայի մրցանակները։ Նա նաև ճանաչվել է տարվա սցենարիստ։
Որպես ռեժիսոր ու պրոդյուսեր
Լինելով Film Rites կինոընկերության հիմնադիրը՝ Սթիվեն Զաիլյանը, բացի գրելուց, զբաղվում է նաև պրոդյուսերությամբ և ռեժիսուրայով: 1998 թվականին, որպես ռեժիսոր, նկարահանել է Ջոն Թրավոլտայի գլխավոր դերակատարմամբ «Քաղաքացիական հայց» իրավական դրաման, որի համար ստացել է Գրողների ամերիկյան գիլդիայի երրորդ մրցանակը, իսկ 2007 թվականին թողարկվել է «Ամերիկյան գանգստեր» թրիլլերը` Դենզել Վաշինգտոնի մասնակցությամբ, որտեղ Սթիվեն Զաիլյանը հանդես է եկել որպես պրոդյուսեր:
Որպես հայ․․․
Հարցազրույցներից մեկում սցենարիստին հարցրել են, թե ինչու նա, լինելով ազգությամբ հայ, երբեք չի անդրադարձել «հայկական թեմային»։ Զաիլյանն ասել է, որ ցանկացել է պատմություն գրել հայ գաղթականների ամերիկյան փորձառության մասին, սակայն որպես երրորդ սերնդի կալիֆորնիացի, իրեն ինչ-որ չափով «պոկված է զգացել» իր նախնիների հայրենիքից. «Ինչպես շատ ամերիկահայեր, որոնք լիովին ձուլվել են ամերիկյան մշակույթին, ես համեմատաբար քիչ եմ շփում ունեցել այլ հայերի հետ»:
«… Փորձը, իհարկե, միշտ չէ, որ անհրաժեշտ է, հետազոտությունները երբեմն կարող են լրացնել դա, բայց այս դեպքում դրա բացակայությունն անինքնավստահություն առաջացրեց ինձ մոտ դա լավ անելու համար»,- ասել է Զաիլյանը: