Ավելի քան 40 տարվա կարիերայի ընթացքում ամերիկացի լուսանկարիչ Օրմոնդ Ջիլյին արել է հազարավոր լուսանկարներ և հրապարակել իր աշխատանքները ժամանակի ամենահայտնի ամսագրերում՝ Life, Paris Match, Collier’s, The Saturday Evening Post, Time: Բայց լուսանկարչության պատմության մեջ նա մտավ միայն մեկ կադրով, որը դարձավ 1960-ականների Ամերիկայի փոփոխությունների խորհրդանիշը։
«Աղջիկները պատուհաններին»՝ բեմադրված լուսանկար։ Վառ, գլամուր հագուստները և մոդելների էքստրավագանտ դիրքերը կտրուկ հակադրվում են շենքի ճարտարապետությանը: Այս կոնտրաստը հանրության կողմից ընկալվեց որպես չպարտադրված թեթևության և ծանր կլասիկայի կարգավորվածության հակադրություն։
Կադրն արվել է այն ժամանակ, երբ հետպատերազմյան 1950-ականների պահպանողական սկզբունքները կամաց-կամաց իրենց տեղը զիջում էին 1960-ականների մոդեռնիզմին ու ամենաթողությանը։
Գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ Օրմոնդ Ջիլյին հետևել է 58-րդ փողոցում գտնվող հին շենքի քանդմանը։ Լուսանկարիչը դիմել է նկարահանման թույլտվություն ստանալու համար։ Տեսուչը համաձայնել է՝ դնելով մի պայման՝ իր կինն էլ պետք է կադրում լինի։ Մինչ շենքի ամբողջական փլուզումը մնացել էր մեկ օր, իսկ մոդելներ գտնելուն՝ 24 ժամից էլ քիչ։ Սակայն նկարահանմանը ժամանեցին ինչպես պրոֆեսիոնալ մոդելներ, այնպես էլ լուսանկարչի ծանոթ աղջիկները:
Երբ շինարարները գնացին ճաշելու, երիտասարդ կանանց ամբոխը ներխուժեց շինություն։ Կադրերն արվել են շենքի դիմացի հրշեջ սանդուղքից։ Օգտագործելով 4×5 Speed Graphic տեսախցիկ՝ Ջիլյին արեց մոտ 15 կադր։ Նկարում պատկերված է ոչ միայն տեսուչի կինը, այլև հենց լուսանկարչի կինը՝ երրորդ հարկի աջ կողմի երկրորդ պատուհանին՝ վարդագույն զգեստով․․․