Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի (Կուոպիո) գիտնականները պարզել են, որ թեթեւ ֆիզիկական ակտիվությունն ավելի արդյունավետ է քիչ շարժուն կյանքի հետեւանքների դեմ պայքարում, քան չափավոր կամ բարձր ակտիվությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Clinical Endocrinology & Metabolism-ում։
Հետազոտողներն ուսումնասիրել են 792 երեխաների տվյալները։ Դիտարկումների 13 տարում երեխաները սկսել են ավելի շատ նստել, քիչ ժամանակ նվիրել թեթեւ ֆիզիկական ակտիվությանը եւ ավելի շատ՝ չափավորին կամ բարձր ինտենսիվին։ Դրա հետ միաժամանակ բարձրացել է բորբոքման՝ արյան մեջ С-ռեակտիվ սպիտակուցի ցուցանիշի մակարդակը։ Ընդհանուր առմամբ, բորբոքումը զգալիորեն ցածր էր այն երեխաների մոտ, որոնք մշտապես ունեցել են թեթեւ ֆիզիկական ակտիվություն, նրանց մոտ ցածր է եղել նաեւ ճարպի պարունակությունն օրգանիզմում։
Այս արդյունքներն ընդգծում են, որ թեթեւ ֆիզիկական ակտիվությունը կարող է երկու-երեք անգամ ավելի արդյունավետ լինել, քան չափավորն ու բարձր ինտենսիվը, նշել են գիտնականները։ Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ կյանքի քիչ շարժուն կերպի եւ ճարպակալման ժամանակ օրգանիզմում առաջ է գալիս համակարգային բորբոքում, որը բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը։
Թեթեւ ֆիզիկական ակտիվության դեպքում շնչառության հաճախակիությունը եւ զարկերակը երեխաների եւ մեծահասակների մոտ գրեթե չեն փոխվում։ Թեթեւ ֆիզիկական ակտիվություն են համարվում զբոսանքը, ձգումները, պահմտոցին եւ այլն։