Խաչատուր Աբովյանը Դորպատ ուղևորվելիս հայրական այգում ծառեր է տնկում և զանազան պատվաստումներ կատարում` դրանց հաջող աճի հետ կապելով իր նվիրական իղձերի ցանկալի կատարումն օտար հորիզոններում…
Դեռ մանկուց Աբովյանն առանձնահատուկ սեր ուներ այգեգործության նկատմամբ: Վաղ գարնանից մինչև ուշ աշուն հոր հետ անցկացնում էր Ապով պապի տնկած վիթխարի այգում, մշակում ու խնամում էր նորատունկ ծառերն ու մարգերը: Իսկ ուսանողական տարիներին հափշտակությամբ լսում էր դասախոսություններ գործնական տնտեսագիտության, գյուղատնտեսության, երկրագործության վերաբերյալ: Ավելի ուշ Աբովյանը կազմում է Հայաստանի հոգևոր և տնտեսական կյանքի վերակառուցման հատուկ նախագիծ, վերջինիս մեջ հանգամանորեն քննում է նաև Հայկական մարզի գյուղատնտեսության վիճակը և վերակառուցման ուղիներ մատնանշում:
Մանկավարժական գործունեության տարիներին Աբովյանը գործնական քայլեր էր անում ուսումնական գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ․ աշակերտները հմտանում էին արհեստների, այգեգործության մեջ, ինչը մեծապես նպաստում էր նրանց ֆիզիկական և աշխատանքային դաստիարակությանը։
Այսպես, օրինակ, Երևանի գավառական դպրոցին կից Աբովյանը հիմնադրում է պարտեզ և հիմնավորում․ «Այսպիսի տաք և այսքան արգավանդ երկրում, այս ձեռնարկումը կունենա շատ բարերար հետևանք, և պատանեկության առողջությունը տեղիս խորշակալից մահաբեր կլիմայի ազդեցությունից պահպանելու, և երեխաներին նրանց մանկական հասակից գեղեցիկ և շահեկան զբաղմունքի ընտելացնելու տեսակետից»:
Այգին զբաղեցնում էր 1800 քառ. մետր տարածք, որտեղ աճեցնում էին Հայաստանի համար բնորոշ ծառատեսակներ, թփեր, մերձարևադարձային մշակաբույսեր: Էքսկուրսիաների ժամանակ Աբովյանը սաներին հանձնարարում էր հանդիպած բույսերից վերցնել և դպրոցի բակում տնկել: Աշակերտների յուրաքանչյուր խումբ ուներ իր առանձին մարգը, որը խնամում էին սեփական ուժերով: Սա արդեն նոր երևույթ էր, երբ դպրոցամերձ հողամասում երեխաների ձեռքով ստեղծվում էր յուրահատուկ հայրենագիտական բուսաբանական այգի:
Աբովյանը հմուտ այգեգործ լինելուց բացի, նաև այգեգործ-գեղագետ էր, հատուկ սկզբունքներով էր տնկում ու դասավորում ծառերն ու մարգերը, գցում ճեմուղիները՝ ելնելով եվրոպական այգեգործության մեջ իշխող տեսական և գեղագիտական հայեցողություններից, որոնք այլ կերպ կոչվում էին՝ այգիների պոետիկա: Օրինակ՝ դպրոցական պարտեզի մուտքի դուռը կառուցել էր տվել գոթական ոճով: Պատահական չէ, որ անգամ Երևանում, ուր քիչ չէին հին ու փորձված այգեպանները, երբ հարկ էր լինում նոր այգիներ տնկելու, դիմում էին Աբովյանի խորհրդին ու օժանդակությանը: