Հոր սիրտը
(Կներեք տողերիս համար, ինձ համար էլ էր ծանր գրելը)
Ասում են՝ գյուղից զինվոր է զոհվել,
Ամիսներ անց են մարմինը գտել,
Հետո բերեցին՝ փակված դագաղով,
Իսկ վրան ծածկած մեր եռագույնով։
Լալիս էր մայրը, բոլորն էին ողբում,
Ողջ գյուղն էր նրա կորուստը սգում,
Բայց կար մի հոգի, որ լուռ էր այնքան,
Կարծես ներքուստ էր նա լալիս անձայն։
Զինվորի հայրն էր՝ մի հզոր անհատ,
Ով շատ էր տեսել օրեր լավ ու վատ,
Իր օրում երբեք չէր հուսահատվել,
Կյանքի հարվածից երբեք չէր կքել։
Կռիվ էր տեսել, ընկերներ կորցրել,
Անգամ եղբորն էր մայր հողին հանձնել,
Կրծքի բեկորից երբեք չէր նեղվել,
Նրա բողոքը ոչ ոք չէր լսել։
Եղբորից հետո երդում էր կերել
Ինչ էլ որ լինի, երբեք չլացել,
Սակայն կա մի դեպք, որ չդիմացավ,
Երբ ավագ որդին լույս աշխարհ եկավ։
Մինչև լույս խմեց, մի լավ քեֆ արեց,
Եղբոր անունով իր որդուն կնքեց
Սա էլ մեծացավ, հորեղբոր նման
Կյանքը նվիրեց հանուն հաղթության։
Գալիս են մարդիկ, ցավակցում, գնում,
Նայում են հորն ու զարմացած մնում՝
Մի՞թե քարից է այս մարդու սիրտը,
Թե՞ ցավից արդեն չի զգում վիշտը։
Ծափերի ներքո տարան մեր քաջին,
Այսպես ենք ճամփում մեր հերոսներին,
Հայի ճակատին գրված է «պայքար»,
Իսկ մեր տղերքը սուրբ են մեզ համար։
Իջավ երեկոն, օրը վերջացավ,
Մութն իր քողի տակ ամեն ինչ առավ,
Եվ իրար «բարի գիշեր»մաղթելով՝
Մարդիկ գնացին իրենց տներով։
Իսկ առավոտյան, երբ արևն ելավ,
Հայրիկին տանը ոչ ոք չտեսավ,
Փնտրեցին նրան, սակայն չգտան,
Քայլելով հասան մինչև գերեզման։
Տեսան՝ փարվել էր որդու շիրիմին
Եվ հենց այդ դիրքով ավանդել հոգին…
Մի ուժեղ մարդ էլ գնաց աշխարհից,
Նա մահացել էր սրտի կաթվածից։
Կարեն Ադամյանի ֆեյսբուքյան էջից