ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում փետրվարի 19-ին` Գիրք նվիրելու օրը, բազմաթիվ միջոցառումներ է նախատեսում: «Արմենպրես»-ում հրավիրված ասուլիսում ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը նշեց, որ դեռ հունվարի 28-ից մեկնարկել է «Գրքի շուրջ քննարկումներ» շարքը: Ամեն ամիս «Լոֆթ» կենտրոնում քննարկվում է մի գիրք, որը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փետրվարի 19-ին անցկացվելու է հաջորդ քննարկումը, որի ընթացքում մասնակիցներն անդրադառնալու են Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» գրքին: Ակտիվ 20 մասնակիցները նվեր են ստանում հաջորդ հանդիպմանը քննարկվող գրքի մեկ օրինակ: Գիրք նվիրելու օրն անակնկալ նվերներ կստանան բոլոր մասնակիցները:
«Հետաքրքիր նախաձեռնություն ունենք Ազգային գրադարանում: Քաղաքացիները, որոնք տանն ունեն գրքեր, դրանք չեն ընթերցվում և ցանկանում են նվիրել, համայնքներին, զինվորներին, ապա կարող են տանել Ազգային գրադարան, գրքի վրա գրել համայնքի կամ զորամասի անունը: Վստահ եղեք բոլոր գրքերը կհասցվեն հասցեատերերին»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 17-21-ն անցկացվելու է գրքի տոնավաճառ, որը 13-րդն է: Մասնակցում է 14 հրատարակչություն, Գրողների միությունը, Սփյուռքի նախարարությունը: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանը նշեց, որ եթե նախորդ տարիներին տոնավաճառը եռօրյա է լինում, ապա այս տարի 5-օրյա է:
«Նպատակը մեկն է, որ հասարակությունն ավելի ընթերցասեր դառնա: Ի դեպ, նախատեսել ենք «Նվեր զինվորին» ակցիան: Քաղաքացիները կարող են 50 տոկոս զեղչով գիրք գնել և հատուկ պիտակով թողնել զինվորների համար: Անցկացնելու ենք նաև գրական ցերեկույթներ, գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների հետ: Մի խոսքով, միջոցառումները բազմաթիվ են»,-ասաց նա:
ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանի մշակութային հիմնադրամի հետ փետրվարի 19-ին անցկացնելու է գեղեցիկ ակցիա, որը կոչվում է Գրաբուս: Հիմնադրամի նախագահ Մանուկ Նիգոյանի խոսքով, դա Հայաստանի առաջին շարժական գրախանութն է լինելու:
«Համապատասխան ավտոմեքենան արտաքին, ներքին կահավորմամբ կունենա գրախանութի տեսք: Այն կշրջի տարբեր համայնքներում: Հայտնի մարդիկ, հասարակության շրջանում սիրված դեմքեր մեկ օր կդառնան գրավաճառներ: Գրքերն այդ օրը վաճառվելու են 30 տոկոս զեղչով: Կարծում ենք, որ այս համատեղ նախագիծը շարունակական բնույթ կրի»,-ասաց նա: Գրաբուս միջոցառման մեկնարկը կտրվի փետրվարի 19-ին, Ազատության հրապարակում:
Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է: Այն Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահԼևոն Անանյանի նախաձեռնությունն էր, որը տարիների ընթացքում իր տեղը գտավ հասարակության սիրելիտոների շարքում: