Ալավերդիի բժշկական կենտրոնում մահացած 33-ամյա ծննդկան Անժելա Ղազարյանի հարազատները կարծում են` կատարված ողբերգության պատճառն անուշադրությունն է եղել:
NEWS.am-ի հետ զրույցում Անժելայի ամուսինը` Արտակ Դավթյանը, պատմեց, որ կինը հոսպիտալացվել է փետրվարի 9-ին բժիշկների ցանկությամբ:
«Հղիության ընթացքում բոլոր հետազոտություններն անցել է, ամեն ինչ նորմալ է եղել: Փետրվարի 9-ին հերթական կոնսուլտացիայի ժամանակ որոշում կայացվեց, որ պետք է պառկի հիվանդանոցում: Փետրվարի 10-ին, 11-ին գնացել եմ կնոջս տեսակցության, բժիշկներին անընդհատ ասել եմ` կարո՞ղ ա` ինչ-որ բան կա, ինչ-որ բանով կարող եմ օգնել, թեկուզ դեղեր բերեմ դրսից, բայց ասացին` ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա»,- պատմեց Արտակ Դավթյանը:
Մահացած ծննդկանի ամուսնու խոսքով, փետրվարի 12-ին գիշերը 01:00-ի սահմաններում իրեն զանգել են հիվանդանոցից և խնդրել անմիջապես գալ. «Ինձ բժիշկներն ասացին` Ձեր կինը վատ է, վիրահատության կարիք կա, շուտ եկեք հիվանդանոց, Ձեր ստորագրության կարիքը կա: Ես գնում եմ հիվանդանոց գիշերը, բժիշկն ասում է` կյանքի ու մահի կռիվ ենք տալիս, արյունահոսություն է սկսվել: Բայց ինչպես կարո՞ղ էր մի քանի օր շատ լավ լինել ու մեկ էլ կյանքի ու մահվան կռիվ տալ»:
Արտակ Դավթյանի համար մութ է մնացել հարցը` ինչու սկսվեց արյունահոսությունը, ինչու մահացավ երիտասարդ կինը: Նա առայժմ չի որոշել` բողոք ներկայացնելու է, թե ոչ:
«Հիմնական պատճառը կարող է լինել մենակ անուշադրությունը, չեմ կարող ասել` բժիշկների անուշադրությունն է, իմ, թե չգիտեմ` ում»,- ասաց նա:
Ալավերդիի բժշկական կենտրոնից նույնպես հաստատեցին, որ Անժելա Ղազարյանը հղիության ընթացքում որևէ խնդիր չի ունեցել, ծննդաբերությունը նույնպես նորմալ է ընթացել: Սակայն թե ինչու է կինն արնահոսել, իրենք էլ չեն հասկանում: Բժշկուհի Մարինե Մատիչյանի խոսքով` կնոջ մոտ, նախնական տվյալով, եղել է արգանդի պատռվածք:
«12 տարվա ընթացքում կնոջ մոտ 8 հղիություն է եղել. երկու վիժում, երկու արհեստական ընդհատում և սա արդեն 4-րդ ծննդաբերությունն էր… մենք ամեն հնարավորն արել ենք, որ կնոջ կյանքը փրկենք»,- ասաց բժշկուհին:
Նշենք, որ Անժելա Ղազարյանի երեխան տեղափոխվել է Երևան:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` նախնական տվյալներով փետրվարի 12-ին պտուղը ծնվել է պորտալարը պարանոցի երկու անգամյա փաթաթումով, և անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական միջամտություն։ Կնոջ մոտ սկսվել է արյունահոսություն, բժիշկների կողմից ախտորոշվել է պատճառը և ձեռնարկվել բուժական միջոցառումներ, հրավիրվել են նեղ մասնագետներ, կատարվել վիրահատություն, սակայն հիվանդը մահացել է։
Լուսանկարը՝ hetq.am-ի