Ֆրանսիացի մեծ գրող, հումանիստ Անատոլ Ֆրանսը դեռեւս 1890-ական թվականներին հանդես է եկել արեւմտահայության պաշտպանությամբ, ակտիվորեն մասնակցել հայ որբերի համար միջոցների հայթայթմանը, աշխատակցել «Պրո Արմենիա» ամսագրին, եղել միջազգային այն կոմիտեի եռանդուն գործիչներից մեկը, որը հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի եւ Մակեդոնիայի (1903-1904)։
Այսօր Անատոլ Ֆրանսի հիշատակի օրն է։ Անատոլ Ֆրանսի հայապաշտպան ձայնն ավելի ուժգին հնչեց Մեծ եղեռնի շրջանում։
Անատոլ Ֆրանսի միայն մեկ ելույթի մասին, որով նա հանդես է եկել 1916թ. ապրիլի 9-ին` դատապարտելով թուրքական ոճրագործությունները հայերի նկատմամբ։ Ընդարձակ մեջբերում անենք. «Մենք հասկացանք, որ թուրք ճնշողի եւ հայի երկար ու անհավասար պայքարը բռնապետության պայքարն է, բարբարոսության պայքարն արդարության ու ազատության ոգու դեմ։ Եվ երբ մենք տեսանք Թուրքիայի այդ զոհին` դեպի մեզ հառած նրա խամրող աչքերով, որոնց մեջ փայլատակում էր հույսի ճառագայթը, մենք հասկացանք վերջապես, որ այդ մեր քույրն է մահանում Արեւելքում եւ մահանում է հենց նրա համար, որ նա մեր քույրն է, որի հանցանքն այն է, որ նա կիսել է մեր զգացումները, սիրել է այն, ինչ մենք ենք սիրում, մտածել է այնպես, ինչպես մենք, հավատացել է նրան, ինչին մենք ենք հավատում, եւ մեզ նման գնահատել է իմաստությունը, արդարությունը, պոեզիան, արվեստը։ Այդ է նրա անքավելի հանցանքը»։
Մեծ մտածողը, այդպիսով, հայ ժողովրդին տեսնում էր համաշխարհային քաղաքակրթության ծիրում, նրա հոգեւոր մշակույթը` այն արժեքների համակարգում, որ ստեղծել է Եվրոպան։ «Հետեւապես, տիկնայք եւ պարոնայք, հարկավոր է, որ ֆրանսիացիների ժողովն արժանին հատուցի այդ ժողովրդին նրա մեծ դժբախտության պահին։ Մենք կատարում ենք մեր սրբազան պարտքը, Հայաստանին հատուցում ենք իր արժանի պատիվը ոչ այնքան նրա բոլորին հայտնի տանջանքների, որքան դրանք համառությամբ տանելու համար»։
Մեծ մարդասերը, ուրեմն, ի դեմս հայերի տեսնում էր ոչ միայն սպանդի ենթարկվող, լլկվող, տառապող, այլեւ իր գոյության համար տոկացող, հարատեւության ձգտող ժողովրդի։ Հենց այդ ելույթում է նա հնչեցրել իր հրաշալի խոսքը, որ հետո հնչեցվել է նաեւ այլոց կողմից, դարձել թեւավոր խոսք, իմաստությամբ ներծծված ասույթ. «Այն ազգը, որը չի ուզում մեռնել, երբեք չի մեռնի»։
Հայ ժողովուրդը չուզեց մեռնել եւ ապրեց։ Ապրեց ի հեճուկս իր թշնամիների եւ հուրախություն իր բարեկամների, որոնցից մեկն էլ Անատոլ Ֆրանսն էր։ Իր ելույթում նա մարգարեացավ.
«Հայաստանը հոգեվարքի մեջ է, բայց նա կվերածնվի։ Ոչ մեծ քանակությամբ այն արյունը, որ նա դեռ պահպանել է, շատ թանկարժեք արյուն է, որից կծնվի հերոսական սերունդ»։