Microsoft Corporation-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը բլոգային գրառում է արել, որում կանխատեսումներ է անում արհեստական բանականության (ԱԲ) ապագայի և մեր առօրյա կյանքում դրա դերի վերաբերյալ։ Գեյթսը կարծում է, որ առաջիկա հինգ տարում ԱԲ-ի շնորհիվ արմատապես կփոխվեն մարդու կողմից համակարգիչների և շարժական սարքերի օգտագործման ձևերը։
Գեյթսի կարծիքով՝ շուտով տարբեր առաջադրանքների համար առանձին հավելվածներ օգտագործելու կարիք չի լինի։ Փոխարենը, մենք կկարողանանք մեր սարքերի հետ փոխազդել սովորական լեզվի միջոցով, և դրանք կկարողանան մշակել և կատարել մեր հրահանգները: Դա հնարավոր կլինի ԱԲ-ով աշխատող անհատական օգնականների մշակման շնորհիվ, որոնք զգալիորեն կգերազանցեն այսօրվա տեխնոլոգիաներին։
Այդպիսի ծրագրերը Գեյթսն անվանում է «գործակալներ»։ Նա կանխատեսում է, որ այս գործակալները ոչ միայն կփոխեն այն, թե մարդն ինչպես է փոխազդում համակարգիչների հետ, այլև արմատապես կվերափոխեն ծրագրային ապահովման արդյունաբերությունը: Սա կլինի ամենանշանակալի հեղափոխությունը հաշվողական տեխնոլոգիաների ոլորտում այն պահից ի վեր, երբ համակարգչային տերմինալում հրամաններ մուտքագրելուց անցում կատարվեց գրաֆիկական ինտերֆեյսների օգտագործմանը։
Ըստ նրա՝ գործակալների գործունեության հիմնական ասպեկտն օգտատիրոջը որպես անհատ ճանաչելու դրանց կարողությունն է: Որքան ավելի շատ դրանք իմանան մարդու մասին, այնքան ավելի լավ կարող են կանխատեսել նրա կարիքները և օգնել նրան:
«Դրանք նախաձեռնող են, կարող են լուծումներ առաջարկել նախքան կխնդրենք դա անել: Դրանք աշխատում են հավելվածների միջոցով, ժամանակի ընթացքում կատարելագործվում են, հիշում ձեր գործողությունները և ճանաչում ձեր մտադրություններն ու վարքի մոդելները: Այս տեղեկությունների հիման վրա դրանք առաջարկում են այն, ինչը իրենց կարծիքով ձեզ անհրաժեշտ է, չնայած վերջնական որոշումը միշտ ձերն է»,- գրում է Գեյթսը։
Գեյթսը նաև անդրադառնում է ԱԲ-ի ազդեցությանը առողջապահության, կրթության, արտադրողականության, զվարճանքի և մեր առօրյա կյանքի այլ ոլորտների վրա:
Առողջապահության ոլորտում, օրինակ, գործակալները կկարողանան օգնել հիմնական տրիաժային ախտորոշման և բուժման խորհրդատվության հարցերում, ինչպես նաև օգնել առողջապահության ոլորտի մասնագետներին որոշումներ կայացնելիս:
Կրթության մեջ գործակալները կլրացնեն ուսուցիչների աշխատանքը՝ անհատականացնելով ուսումը ուսանողների համար և ուսուցիչներին ազատելով առօրյա, կրկնվող սովորական առաջադրանքներից: Արտադրողականության ոլորտում գործակալները կօգնեն մի շարք առաջադրանքներ կատարել, օրինակ՝ բիզնես պլաններ գրելը կամ հանդիպումներ կազմակերպելը: Ժամանցի և գնումների ժամանակ գործակալները ոչ միայն առաջարկություններ կանեն, այլև կօգնեն գործել դրանց համաձայն: Գեյթսը ԱԲ-ն համարում է մեր գոյության բոլոր ասպեկտների անբաժանելի մասը:
Իր բլոգում Գեյթսը նաև կարծիք է հայտնում, որ գործակալները կդառնան հաշվողական տեխնիկայի արդյունաբերության հաջորդ մեծ հարթակը:
«Գործակալները կկարողանան օգնել գրեթե ցանկացած գործունեության և կյանքի ցանկացած ոլորտում: Համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում մենք խոսում ենք հարթակների մասին՝ այն տեխնոլոգիաների, որոնց վրա կառուցված են հավելվածներն ու ծառայությունները: Android-ը, iOS-ը և Windows-ը հարթակներ են: Գործակալները կլինեն հաջորդ հարթակը»,- գրել է Բիլլ Գեյթսը: