Ներգաղթյալները պլանավորում են Միացյալ Նահանգների մի շարք խոշոր քաղաքներում փետրվարի 16-ին աշխատանքի դուրս չգալ «Օրն առանց ներգաղթյալների» ակցիայի շրջանակներում: Այդ մասին հայտնել է AP գործակալությունը:
Ակցիայի մասնակիցներն իրենց գործողությամբ ցանկանում են ցուցադրել, թե որքան կարևոր դեր են խաղում ներգաթյալներն ԱՄՆ-ի տնտեսությունում, ինչպես նաև դժգոհություն հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականությունից:
Սպասվում է, որ ակցիաներ տեղի կունենան ամբողջ երկրում, այդ թվում՝ Վաշինգտոնում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում, Հյուսթոնում, Չիկագոյում և Նյու Յորքում:
Հունվարի 27-ին Թրամփն ստորագրել է հրամանագիր յոթ պետությունների՝ Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին, որոնցում իսլամը գերիշխող կրոնն է: Բացի դրանից, նա 120 օրով դադարեցրել է Սիրիայից փախստականների ընդունումը: Փետրվարի 3-ին ֆեդերալ դատավոր Ջեյմս Ռոբարտը Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) ժամանակավորապես արգելափակել է սույն հրամանագրի գործողությունը: Թրամփը, մեկնաբանելով դատավորի վճիռը, այն համարել է ծիծաղելի և խոստացել, որ այն կչեղարկվի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: