Այսօրվա դարաշրջանում, երբ մեծ տարածում ունեն սմարթֆոնները և թվային կապը, տեխնոլոգիայի ողջամիտ օգտագործման և կախվածության միջև սահմանը գնալով ավելի լղոզված է դառնում: Սմարթֆոններից կախվածությունը խնդիր է, որն օրեցօր ավելի ու ավելի շատ մտահոգիչ է դառնում և ազդում է ոչ միայն անհատական հոգեկան առողջության, այլև հասարակությունների ընդհանուր բարեկեցության վրա: Այդ առումով կապի մեջ լինելու և հոգեկան առողջության միջև հավասարակշռություն հաստատելը հրատապ մարտահրավեր է դարձել մարդկության համար:
Սմարթֆոնները դարձել են մեր մշտական ուղեկիցները՝ ապահովելով տեղեկատվության, հաղորդակցության և զվարճանքի ակնթարթային հասանելիություն: Թեև կապի մեջ լինելու հանգամանքն անհերքելիորեն արժեքավոր է, այն, այդուհանդերձ, մտահոգություններ է առաջացնում սմարթֆոնների օգտագործման կախվածություն առաջացնող բնույթի վերաբերյալ: Էկրանի դիմաց անցկացվող չափազանց շատ ժամանակը, անընդհատ սոցիալական մեդիայի էջերը թերթել և ծանուցումները ստուգելու անդադար ձգտումը նպաստում են մի երևույթի, որը հայտնի է որպես «նոմոֆոբիա»՝ վախ, որ մարդը կարող է մնալ առանց բջջային հեռախոսի։
Սմարթֆոններից կախվածության առաջացմանը նպաստող գործոններից մեկը սոցիալական մեդիայի համատարած օգտագործումն է: Սելեկտիվ բովանդակության, ծանուցումների և հավանումների մշտական հոսքը ստեղծում է դոֆամինի վրա հիմնված հետադարձ կապի փակ ցիկլ, որը խթանում է կախվածության ենթադրող վարքագիծ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայի չափից ավելի օգտագործումն ուղիղ կապ ունի սթրեսի, անհանգստության և անադեկվատության զգացողությունների հետ:
Թվային բարեկեցությունն առաջացել է որպես հայեցակարգ, որն ուղղված է տեխնոլոգիաների հետ ավելի առողջ հարաբերությունների ամրապնդմանը: Այն ներառում է ռազմավարություններ և գործիքներ՝ էկրանի դիմաց անցկացող ժամանակի կառավարման, տեղեկացվածությունը խթանելու և թվային դարաշրջանում հոգեկան առողջությանն առաջնահերթություն տալու համար: Հենց այդ նպատակով էլ արտադրողները սմարթֆոններում ներառում են այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են էկրանի ժամանակի հետագծումը և հավելվածների օգտագործման սահմանափակումները, որպեսզի օգտատերերը կարողանան վերահսկել իրենց թվային սովորությունները:
Թվային բարեկեցության մասին իրազեկող հավելվածներն ու գործառույթները (նաև մեդիտացիա, շնչառության վարժություններ) սկսել են մեծ ժողովրդականություն վայելել որպես սմարթֆոններից կախվածության բացասական հետևանքների դեմ պայքարելու գործիքներ: Դրանք խրախուսում են օգտատերերին ընդմիջումներ անել, զբաղվել ինքնավերլուծությամբ և անջատվել տեղեկատվության մշտական հոսքից: Այս գործիքները նպաստում խթանում են տեխնոլոգիայի օգտագործման գիտակցված մոտեցման ձևավորմանը:
Կրթական նախաձեռնությունները նույնպես կարևոր են սմարթֆոններից կախվածության դեմ պայքարում: Թվային գրագիտության խթանումը և անհատներին, հատկապես երիտասարդ սերնդին, սմարթֆոնների չափից ավելի օգտագործման հնարավոր որոգայթների մասին ուսուցանելը կարող է նրանց հնարավորություն տալ, որպեսզի տեղեկացված ընտրություն կատարեն իրենց գործողություններում: Հոգեկան առողջության վրա տեխնոլոգիաների ազդեցության գիտակցումը առաջին քայլն է դեպի ավելի առողջ թվային ապրելակերպ զարգացնելու համար:
Նաև կարևոր է, որ մարդիկ կարողանան ճանաչել սմարթֆոններից կախվածության նշանները և քայլեր ձեռնարկեն դրանք լուծելու համար: Հետևաբար կարևոր է, որ մարդն ինքն իր համար սահմաններ գծի սմարթֆոնի օգտագործման ժամանակի, առանց սմարթֆոնի անցկացված ժամանակի միջև և այդպիսով կարողանա հավասարակռշություն պահել կապի մեջ լինելու և հոգեկան առողջության պահպանման միջև։