Աբովյան փողոցի սկզբնամասը մի յուրօրինակ պատմական հանգույց է, որտեղ քայլելիս ակամա զգում ես երբեմնի Աստաֆյան փողոցի հմայքն ու համակվում բարձրաճաշակ շենքերի պատմական հիշողությամբ: Մեր նախորդ համարում անդրադարձել էինք Աբովյան 8 հասցեում գտնվող մի տպավորիչ շենքի` Բարսեղ Եղիազարյանի առանձնատան պատմությանը, որտեղ շուրջ 130 տարի անց տեղակայվեց «Նոյյան տապան» գրախանութը: Այժմ ներկայացնում ենք նույն հասցեում և անմիջականորեն այդ տան հետ կապված մեկ այլ շինության` Գրիգոր Եղիազարյանի տան պատմությունը:
Գրիգոր և Բարսեղ Եղիազարյանները հարազատ եղբայրներ էին, երկուսն էլ` հայտնի վաճառական ու հասարակական գործիչ: Գրիգոր Եղիազարյանն աղյուսի գործարանատեր էր: Նրա առանձնատունը կառուցվել է 1884 թ., եղբոր առանձատունը` ավելի ուշ: Ճարտաապետ Մարիետա Գասպարյանը, որ ուսումնասիրել է XIX դարավերջի և XX դարասկզբի երևանյան պատմամշակութային շենքերը, ցավով է նշում, որ Երևանի ճարտարապետական պատմությունը կերտած անձանց մասին քիչ բան է հայտնի: «Առհասարակ ականավոր շատ երևանցիների անունները, որոնք իրենց գործարար, ստեղծագործ մտքի և ջանքերի շնորհիվ միջնադարյան կեցությունից XIX դարում վերակերտել են այս քաղաքը, գրեթե ոչինչ չեն ասում նոր սերնդին: Նույնը` Գրիգոր Եղիազարյանի պարագայում:
Գիտենք միայն, որ նա անվանի հասարակական գործիչ է եղել, քաղաքային խորհրդարանի պատգամավոր, իբրև կապալառու ֆինանսավորել է քաղաքի համար կարևոր մի շարք կառույցների շինարարությունը, նրա տանը ինչ-որ ժամանակ գտնվել է Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի` հանրահայտ Ամերկոմի՝ հայ որբերի խնամքով ու դաստիարակությամբ զբաղվող բարեգործական հաստատության որբանոցը»: XX դարասկզբին այս տան որոշ սենյակներ տրամադրվել են նաև Հնդեվրոպական հեռագրատանը:
Այստեղ է տեղավորված եղել նաև ՀԿԿ Կենտկոմի հրատարակչությունը, իսկ ավելի ուշ՝ պրոֆտեխնիկական կրթության պետական կոմիտեն, ապա՝ Գեղագիտական դաստիարակության կենտրոնի թատրոնը: Շենքը երկհարկանի է: Առաջին հարկը որոշ չափով ցածր է մայթի նիշից, իսկ փողոցների հատման անկյունում` ավելի բարձր: Կառույցի հեղինակը ճարտարապետ Վասիլի Միրզոյանն է, որը նաև Բարսեղ Եղիազարյանի առանձնատան ճարտարապետն է: Հետաքրքիր է, որ այս շենքն ամբողջությամբ նարնջագույն (Անիի տուֆ), իսկ եղբոր շենքը` ամբողջությամբ սև տուֆից է: Ճարտարապետական լուծումներում առանձնանում է գլխավոր ճակատը` շեշտված կոպտաշար դորիական սյուներով։ Շենքի ճարտարապետական լուծումների մասին խոսելիս՝ ճարտարապետ Մարիետա Գասպարյանը նույնպես առանձնացնում է գլխավոր ճակատի սյունազարդ հատվածները: «Ժամանակին կառույցի ճակատի ճակտոնը «զարդարում» էր հնգաթև աստղ, որն այնտեղ էր հայտնվել որպես Հայաստանում նոր իշխանության խորհրդանիշ: Հավանաբար աստղը փորագրվել էր, երբ շենքը վերածվել էր կոմերիտական ակումբի, կամ երբ դարձել էր ՀԿԿ քաղկոմի շենք»,- ասում է Մարիետա Գասպարյանը:
Ամբողջությամբ՝ ankakh.com