2023թ.ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է 1644 տոննա կենդանական ծագման չվերամշակված սննդամթերքի մուտքը Հայաստան՝ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերելով 74 խախտում։
Կենդական ծագման մթերքը համարվում է բարձր ռիսկային մթերք, ԵԱՏՄ տեխկանոնակարգերով էլ պահանջվում է փորձաքննել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծված ապրանքները՝ բոլոր ցուցանիշներով՝ հավաստիանալու, որ դրանք անվտանգ են։
Այնինչ ՍԱՏՄ պետ Արմեն Հայրապետյանն ասում է, որ բոլոր ցուցանիշները փորձաքննելը «ծախսատար կլինի տնտեսվարողի համար», հետևաբար, ռիսկայնությունը գնահատում են արդեն իսկ հայտնաբերված խախտումների մասով՝ փորձաքննելով առավելագույնը 6 ցուցանիշ։
Այս մոտեցմանը հակառակ պատասխան է տալիս Էկոնոմիկայի նախարարությունը՝ նշելով, որ Հայաստան ներկրվող անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքները պետք է համապատասխանեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության բոլոր ցուցանիշներին։
Սննդամթերքի անվտանգության տեսչկական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն վերջերս ամփոփում էր 2023թ. գործունեությունը, ներկայացնում՝ ինչքան և ինչ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել, ինչ խախտումներ են հայտնաբերել և այլն։
Օրինակ, նշվում էր, որ 2023թ.ին լաբորատոր փորձաքննության են ներկայացվել Հայաստան ներմուծվող բեռների 2261 նմուշ, որից 74-ում հայտնաբերվել են խախտումներ (2022թ.ի 16 խախտումների համեմատ, հեղ.)։ Արդյունքում, արգելվել է 1644 տոննա կենդանական ծագման սննդամթերքի մուտքը Հայաստան (ավելի քան 10 անգամ շատ, քան 2022թ.ին)։
ԵԱՏՄ տեխկանոնակարգերով՝ տարբեր սննդատեսակների համար սահմանված են տարբեր անվտանգային ցուցանիշներ, որոնք բոլորը պարտադիր են փորձաքննության համար. դրանցից են՝ մանրէաբանական ցուցանիշները, ծանր մետաղները, հակաբիոտիկները, պեստիցիդները, ռադիոնուկլիդները և այլն։
ՍԱՏՄ պետ Արմեն Հայրապետյանին խնդրել էինք պարզաբանել՝ ինչպես են երաշխավորում, որ Հայաստան ներկրված ապրանքները, օրինակ, մսամթերքն անվտանգ է մարդկանց համար, եթե ոչ բոլոր ցուցանիշներն են ստուգում, և չկա ռիսկերի վերլուծություն։
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության» մասին օրենքի համաձայն՝ ռիսկերի գնահատումը գիտական կազմակերպությունների (կենտրոնների) կողմից իրականացվող գիտականորեն հիմնավորված գործընթաց է, որը կազմված է վտանգի աղբյուրի նույնականացման, վտանգի աղբյուրի բնութագրման, վտանգին ենթակա լինելու կամ վտանգի հանդեպ անպաշտպանվածության աստիճանի գնահատման և ռիսկի բնութագրման փուլերից։
Ռիսկերի վերլուծությունն իրականացնում է գիտական կազմակերպությունը, որին նշանակում է ՀՀ Կառավարությունը։
Ա. Հայրապետյանն ասաց, որ ՍԱՏՄ-ն աշխատում է մի «համակարգով», որտեղ ներկայացվում են տարբեր երկրներում արձանագրված խախտումները, և ներմուծման ժամանակ ստուգվում են հենց այն ցուցանիշները, որոնց մասով որ խախտում է հայտնաբերվել.
«Մեզ մոտ դրված է համակարգ, ըստ որի՝ Եվրոպայում, ԵԱՏՄ երկրներում և Հայաստանում անհամապատասխանության բոլոր դեպքերը համախմբվում են, և եթե X երկրից A կազմակերպությունը ներմուծում է Հայաստան, արդեն մենք տվյալ բազայից տեսնում ենք՝ տվյալ երկրից ներմուծված ապրանքի մասով կա՞ն գրանցված անհամապատասխանություններ ԵԱՏՄ-ում, եվրոպական շուկաներում և Հայաստանում։ Եվ եթե կան, օրինակ, հավի մսի մասով արձանագրված խախտումներ, դա համարվում է պարտադիր ցուցանիշ, և այդ ցուցանիշի մասով պարտադիր ստուգվում է»,-ասում է Ա. Հայրապետյանը։
Օրինակ, թռչնամսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի համար ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 051/2021, ՄՄ ՏԿ 021/2021 տեխկանոնակարգերով սահմանված են 10-ից ավելի պարտադիր փորձաքննության ցուցանիշներ։
Բայց ՍԱՏՄ պետի խոսքով՝ բոլոր ցուցանիշներն ստուգելը ծախսատար է.
«Բոլոր անվտանգային ցուցանիշները շատ ծախսատար կլինի տնտեսվարողների համար, հետևաբար, մենք գործարկել ենք ռիսկերի նոր համակարգ, որտեղ հենց վերլուծության և գնահատման հիման վրա ենք հանում. եթե կա, օրինակ, լիստերիայի ցուցանիշ Բրազիլայից ներմուծված թռչնամսի վերաբերյալ՝ Եվրամիություն, ԵԱՏՄ և Հայաստանի շուկայում արձանագրված դեպք, անպայման լիստերիայով դրվում է պարտադիր փորձաքննության»,-ասում է Ա. Հայրապետյանը։
Իսկ եթե որևէ ցուցանիշի մասով խախտման վերաբերյալ տեղեկություն չկա, ապա ՍԱՏՄ-ն 4 խումբ անվտանգային ցուցանիշներից ընտրում է 1-2 ցուցանիշ՝ 6-ը չգերազանցող, և փորձաքննության է ներկայացնում։ Եթե խախտումներ չեն հայտնաբերվում, հաջորդ ներմուծման ժամանակ արդեն փորձաքննվում են այլ ցուցանիշներ.
«Մենք ռիսկայնությունը գնահատում ենք արդեն իսկ հայտնաբերված ցուցանիշի մասով, իսկ այն ցուցանիշներիի մասով, որտեղ հայտնաբերված չի, այն յուրաքանչյուր ներմուծման ժամանակ պտտվելու է այնքան ժամանակ, ենթադրենք, ծանր մետաղների մասով, մինչև հայտնաբերվի»։
Ա. Հայրապետյանի խոսքով՝ ԵԱՏՄ երկրներն էլ են այդ տրամաբանությամբ հրապարակում անվտանգության ցուցանիշները, որպեսզի դա ուղենիշ լինի մյուս երկրների համար. «միջազգային պրակտիկան էդպես է»։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք ՍԱՏՄ այս մոտեցումը չի հակասում ԵԱՏՄ տեխկանոնակարգերին, կարելի՞ է փորձաքննել սահմանված ոչ բոլոր ցուցանիշներով, ընտրովի, եթե մթերքը ենթակա է անասնաբուժասանիտարական գնահատման։ Սրան ի պատասխան՝ Ա. Հայրապետյանն ասաց, որ ներկայումս «կարգավորումներն այդպիսին են, որ, նոր համակարգի ներդրմամբ, փորձում են գտնել ռիսկային ցուցանիշներ և կիրառում են այդ մոտեցումը».
«ԵԱՏՄ տեխկանոնակարգով թվարկված են բոլոր անվտանգային ցուցանիշները, տարբեր դեպքերում տարբեր են։ Ենթադրենք, 40 ցուցանիշ, ամբողջ ցուցանիշները եթե փորձաքննության առաջադրենք, դա շատ ծանր է։ Անգամ մենք հաշվարկներ ունենք, միջին հաշվարկներով, իմ հիշելով, 1,5-2 մլն ՀՀ դրամի մասին է խոսքը, որպեսզի բոլոր ցուցանիշներով փորձաքննություն անցնի։ Եվ քանի որ այդ ապրանքները գալուց EAC համապատասխանություն են անցնում, ենթադրվում է, որ գնահատող մարմիններն արդեն իսկ փորձաքննած պետք է լինեն ցուցանիշների ամբողջ սպեկտորը։ Հետևաբար, մեր խնդիրն ավելի շատ՝ գտնել այն ցուցանիշները, որոնք, հնարավոր է, առավել ռիսկային են, իսկ դրանք այն ցուցնաշիշներն են, որոնք ժամանակի ընթացքում հայտնաբերվել և հրապարակվել են, և երկրորդ, այն ցուցնաիշներն են, որոնց մասով ԵԱՏՄ տեխկանոնակարգում փոփոխություններ են եղել, օրինակ, չափի վերաբերյալ, կա’մ ցուցանիշ է ավելացել, կա’մ պակասել. սրանք հենց պարտադիրներն են, մնացածը, եթե չունենք նման իրավիճակ, այդ նշված 40 ցուցանիշները 5-6 ներմուծումից հետո իրենք ամբողջությամբ կծածկվեն»,-ասում է ՍԱՏՄ պետը։
Տարբեր լաբորատորիաներից փորձեցինք ճշտել՝ որքան կարժենա թռչնամսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի համար ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 051/2021, ՄՄ ՏԿ 021/2021 կանոնակարգերով սահմանված բոլոր ցուցանիշների փորձաքննությունը, պատասխանը՝ 120-130 000 ՀՀ դրամ՝ մեկ նմուշի համար։
Նաև հարցում ուղարկեցինք Էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե Հայաստան ներկրվող անասնաբուժական հսկողության ենթակա բեռների համար (միս, մսամթերք, թռչնամիս և այլն, հեղ.)անվտանգության որ ցուցանիշներն են պարտադիր փորձաքննության համար։
Էկոնոմիկայի նախարարությունից հաստատեցին, որ անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքները պետք է համապատասխանեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության ցուցանիշներին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ սննդամթերքի ներմուծման սահմանային պետական վերահսկողությունն իրականացվում է ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշման համաձայն։
ՍԱՏՄ և Էկոնոմիկայի նախարարության միջև եղած «տարաձայնությունները» հստակեցնելու և ի վերջո հասկանալու՝ ճիշտ է արդյոք ներմուծման ժաման փորձաքննել տեխկանոնակարգի ընդամենը մի քանի ցուցանիշ, կդիմենք նաև ԵՏՀ տեխկանոնակարգման բաժին։