Փետրվարի 8-ին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները «Սիներջի» ընկերության նախկին ու ներկա աշխատակիցներ Անի Գևորգյանին ու Լիլի Մկրյանին, ինչպես նաև ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին կալանքից ազատելու վերաբերյալ անձնական երաշխավորություն կիրառելու միջնորդություն էին ուղարկել Գլխավոր դատախազին։
Հիշեցնենք, որ կալանավորված երկու կանանցից մեկը՝ Անի Գևորգյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է։ Դատախազը մի քանի օր անց բավարարել էր պատգամավորների միջնորդությունը, բայց միայն կանանց մասով։ Ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը շարունակում է մնալ կալանքի տակ։
Այդ ժամանակ խոսվում էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 64 պատգամավոր է ստորագրել երաշխավորության տակ։ Դատախազության հաղորդագրության մեջ, սակայն, նշված չէ՝ արդյոք հենց պատգամավորների երաշխավորությո՞ւնն է առիթ ու հիմք հանդիսացել, որ փոխվի երկու կանանց խափանման միջոցը, թե՞ ոչ։
Հաղորդագրության մեջ միայն նշված է, որ «վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը»։ Ուստի դատախազությունը որոշել է կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:
Իրականում, բավականին ուշագրավ գործընթացներ են տեղի ունեցել այս հարցում։ Mediahub-ին հայտնի դարձավ, որ դատախազությունից ՔՊ խմբակցությանն արդեն իսկ ուղարկվել է պատասխանը, որտեղ նշված է նույնը, ինչ տարածված հաղորդագրությունում, որ մեղադրյալները ցուցմունքներ են տվել, և վերջում ավելացված է, որ դատախազությունը կիրառել է նաև ՔՊ խմբակցությունից երկու պատգամավորի անվամբ անձնական երաշխավորությունը։ Եւ այդ երկու պատգամավորը ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարն են՝ Ալեն Սիմոնյանի «ոխերիմ» թիմակիցներ Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը։ Այսինքն՝ ՔՊ ամբողջ խմբակցությունը կամ դրա մեծ մասը, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանը չեն ստորագրել այդ երաշխավորության տակ։
Մեզ ասացին, որ ի սկզբանե խնդիր է դրված եղել, որ կալանավորված կանայք պետք է ցուցմունքներ տան կոնկրետ անձանց դեմ, և Ալեն Սիմոնյանին ու ՔՊ-ականներին ուղիղ հասկացրել են՝ ուզում է ամբողջ ԱԺ-ն ստորագրի երաշխավորության տակ, իրենք այդ կանանց կալանքից չեն ազատի, եթե գործին նպաստող էական ցուցմունքներ չտան նրանք։ Ուստի առաջարկել են ոչ թե ամբողջ կազմով երաշխավորություն ներկայացնել, այլ մեկ-երկու հոգի ընդամենը՝ զուտ ձևական կողմը ապահովելու համար։ Եւ որոշվել է, որ երաշխավորությունը պետք է ստորագրեն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը՝ որպես խմբակցության ամենաբարձր պաշտոնյաներ։
Դատախազությունից հաստատեցին, որ ստորագրողները եղել են երկուսը՝ Կոնջորյանն ու Հովյհաննիսյանը, և հիշեցրին, որ սա նաև Քրդատօրենսգրքով է կարգավորվում, որ «առնվազն երկու անձինք իրենց հեղինակությամբ ստանձնում են գրավոր պարտավորություն»։ Եւ այդ երկու «հեղինակավոր» անձինք ՔՊ-ից եղել են հենց Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը՝ զուտ ի պաշտոնե։
Mediahub-ին պատմեցին նաև, որ դեռ ձերբակալումից առաջ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից Անի Գևորգյանին և Լիլի Մկրյանին փոխանցվել էր, որ իրենց ձերբակալելու են, և եթե ցուցմունք տան կոնկրետ անձանց դեմ, չեն կալանավորվի։ Կանայք հավանաբար լուրջ չեն ընդունել ՔԿ նախագահի «բարեկամական հորդորը» և սկզբում ոչինչ չեն խոսել։ Հետո, երբ կալանավորվել են ու հասկացել, որ առանց ցուցմունքի դուրս չեն գա, ստիպված կատարել են պահանջը։
Վահե Մակարյան