Ամերիկացիներին Արցախը հետաքրքրում է այնքանով, որ կա Իրանի հարց, Ռուսաստանն Արցախը համարում է ռուսական տարածք. Վարդան Հակոբյան
Advertisement 1000 x 90

Ամերիկացիներին Արցախը հետաքրքրում է այնքանով, որ կա Իրանի հարց, Ռուսաստանն Արցախը համարում է ռուսական տարածք. Վարդան Հակոբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Այս իշխանություններն ամեն ինչ անում են իրենց նպատակներին հասնելու համար։ 2018 թվականից սկսած ռուսաֆոբիան էմոցիոնալ դրսևորում է ստացել և դրա դրոշակակիրներից է ներկայիս ՀՀ Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը 2018-ի գունավոր հեղափոխությունից առաջ հրապարակավ այրում էր Ռուսաստանի դրոշը։ Իսկ իրենց նպատակներին հասնելու համար խանգարում են որոշակի հանգամանքներ, դրանցից մեկը ՀՀ Սահմանադրությունն է։ Այս իշխանությունների հետագա քայլերը, որոնք պատրաստվում են կատարել, հակասահմանադրական են, դրա համար ուզում են նոր սահմանադրություն ընդունել։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը շրջելու համար 2018թ. ծրագրավորվել էր գունավոր հեղափոխություն, այն նույն մեթոդով, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում։

Արտադաշինքային պետություն Հայաստանն արդեն դառնում է, Դաշինք ձևականորեն կա՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, բայց գործնականում քայլեր են ձեռնարկվում դրա դեմ։ 2017 թվականից Արևմուտքից ճնշումը Հայաստանի նկատմամբ ավելանում էր, իսկ 2018 թվականից արդեն միջազգային հարաբերություններում Հայաստանի ձեռք բերած կապերը սկսեցին թուլանալ։

2010-2013 թվականներից աշխարհում իրավիճակ փոխվեց և ճնշումը Հայաստանի նկատմամբ թե՛ Արևմուտքից, և թե՛ Ռուսաստանից ուժեղացավ։ Շատ տեղերում Հայաստանը ստիպված էր զիջել։ Ռուսներն իրենց տարբերակն էին առաջ քաշում, Արևմուտքը՝ իր տարբերակը։

Այն, ինչ եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ, նման էր ճակատը բացելուն, բայց ոչ պատերազմի։ Քաղաքականությունն այնպես փոխվեց, որ հիմա էլ դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում տարածաշրջանում և ինչ է կատարվում Հայաստանի արտաքին հարաբերություններում։ Նպատակը մեկն է՝ Ռուսաստանի և ռուսական ռազմաբազաները հանելը, իսկ այս 6 տարվա ընթացքում այս իշխանությունները քայլ առ քայլ մոտենում են դրան։

Ռուսաստանի համար Ադրբեջանն աշխարհաքաղաքական տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունի։ Արևմուտքը հետապնդում է այն ծրագիրը, որի մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ միանալ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան դաշինքին։

Եթե Հայաստանը հակառուսական արտաքին քաղաքականություն է վարում, ապա հասկանալի չէ, թե որն է նրանց կողմից Իրանի կամ Հնդկաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իմաստը։

ՀՀ իշխանությունները չգիտեն՝ ինչ են անում, պարզապես կատարում են դրսից եկող որոշակի հրահանգներ։ Սա կորած-մոլորված իշխանության արտաքին քաղաքականություն է, Հայաստանը նրանց գործունեության արդյունքում դարձել է արտաքին բազմաթիվ շահերի բախման դաշտ։

Մենք տեսնում ենք, որ մեր ժողովուրդը դարձել է անտեր, չունենք առաջնորդ, որը հետապնդի ժողովրդի շահերը, էսպես շարունակվելու դեպքում Հայաստանը դառնալու է արտաքին կառավարման տարածք, ավելի վատ, քան Խորհրդային Միության օրոք էր։ Մինչդեռ մեզ պետք է այնպիսի իշխանություն, որն ինքն իրեն գոնե հարգի։

Արևմուտքն իր հաղթական ընթացքը դեռ շարունակում է, Ռուսաստանին ջլատելու համար ստեղծեցին Ուկրաինա, այսօր Ռուսաստանը չի կարող դիմակայել Թուրքիային կամ Ադրբեջանին։

Համոզված եմ, որ Էրդողանն ատում է թե՛ Ռուսաստանին, և թե՛ Պուտինին, բայց զգուշավոր քաղաքականություն է վարում և փորձում է որպես բուֆեր ծառայել Արևմուտքի ճնշումների համար։

Այս իշխանությունները մինչև հիմա արտաքին քաղաքական կոնցեպցիա չունեն, հայտարարություններ են անում պահի ազդեցության տակ, ասում են՝ ինչ խելքներին փչում է։

Շուշիի հանձնումը, հետո էլ Արցախի հայաթափումը ռուսների համար մահացու վիրավորանք էր։ Քաղաքական տգիտություն է ռուսներին այդ հարցում մեղադրելը։ Ռուսաստանը մի բան էր ուզում՝ իր զորքերը տեղակայել Արցախում, Ռուսաստանն Արցախը համարում է ռուսական տարածք:

Արցախի հարցը հիմա էլ փակված չէ, Ռուսաստանը շահագրգռված է Արցախը պահելու հարցով: Այս իշխանությունները, ուզեն թե չուզեն, Արցախի հարցը փակված չէ։

Ամերիկացիներին Արցախը հետաքրքրում է այնքանով, որ կա Իրանի հարց, նույնը՝ ռուսները, պահում են Արցախի հարցը, իսկ ՀՀ գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արցախի հարցը սպանեն։ Սրանք, ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Արևմուտքի, ամեն ինչ անում են մեկ նպատակով՝ թեկուզ Հայաստանի համար 10.000 քկմ մի տարածք գծեն, կադաստրի թուղթ ստանան ու հանգիստ վայելեն իրենց իշխանությունը։ Սրանք օժտված չեն քաղաքական հատկանիշներով։ Ռուսներն էլ, Արևմուտքն էլ, ԱՄՆ-ն էլ Արցախի հարցը դեռ շահարկելու են։

Ցանկացած նորմալ պետության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նման հայտարարություններ անելու դեպքում հրաժարական կտար։ Մարդկանց կոտրեցին, նվաստացրեցին, դարձրեցին «հպարտ երջանիկ», բայց խոցելի քաղաքացիներ։ 1918 թվականին բոլշևիկներն ատելություն էին սերմանում արևելահայերի և արևմտահայերի միջև, հիմա էլ նույն բանն են անում հայաստանցիների ու արցախահայերի հանդեպ։ Սա Տրոցկուց եկած տեխնոլոգիա է, որն այսօր էլ կիրառվում է։

Ստորացման փայլուն օրինակ էր, վիրավորական, երբ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանները Նավալնու, էդ թափթփուկի նկարն ու ծաղիկներ են դնում Չարենցի արձանի մոտ: Նրանք էդ իրավունքը չունեն: Սա դիվանագիտական քայլ չէ, և եթե դու պետություն ես, պետք է դեսպաններին կանչես ու հարցնես՝ սա ի՞նչ էր նշանակում։ Սա՞ է ինքնիշխանությունը, սա՞ է պետությունը:

Մեր ժողովուրդը պետք է հասկանա՝ չի՛ կարելի ոչխարի պես գնալ մատաղացու գառ դառնալ:

Թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած ուժերը դրանք նույն նեոգլոբալիստներն են։ Մեր առջև դրել են հակառուսականության հարցը, և սրանք այդ հրահանգն են կատարում, սրանց չի հետաքրքրում ոչ ռուս, ոչ ամերիկացի, սրանք ոչինչ էին՝ սրճարաններում նստած, կասկածելի տեղերում «կրթություն» ստացածներ, որոնք կատարում են այն, ինչ իրենց հրահանգում են։



Նման նյութեր