ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն է տարածել փետրվարի 16-ին Արարատում տեղի ունեցած սպանության վերաբերյալ, ըստ որի որդին 7 հարված է հասցրել հորը:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 71-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Ձերբակալվել է տուժողի որդին:
2017թ. փետրվարի 16-ին` ժամը 17:50-ին, Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ իրենց հարևանի տղան դանակով հարվածել է հորը:
Անմիջապս դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` Արարատի մարզային քննչական վարչության պետ Գեւորգ Սիմոնյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում` տան խոհանոցում հայտնաբերել է նույն տան բնակիչ՝ 71 տարեկան տղամարդու դին` մեջքի վրա ընկած:
Զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել են կտրած –ծակած բազմաթիվ վնասվածքներ. Մասնավորապես` որովայնի առաջային պատին և կրծքավանդակի ձախ կեսի հետին մակարեսին հայտնաբերվել են հապատասխանաբար 4 և 3 հատ կտրած-ծակած վնասվածքներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 հատ խոհանոցային դանակ, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր:
Արարատի մարզային քննչական վարչության Արարատ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի որդին` ծնված 1971թ.: Վերջինս համատեղ ապրել է հոր հետ, չի աշխատում, տառապում է «Շիզոֆրենիա» հիվանդությամբ:
Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցներ սպանության պատճառները պարզելու ուղղությամբ: