Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն ֆեյսբուքյան էջը հրապարակել է երջանկահիշատակ Պարիս Հերունու մասին մի դրվագ․
-Պարոն Հերունի, զանգը Մոսկվայի°ց էր,- հարցրի զգուշորեն և հանեցի ձայնագրիչս։
Նա օրորեց գլուխը.
-Ռուսները այդքան հարուստ չեն:
-Ուրեմն Ամերիկայի°ց էր։
-Իսրայելից։ Ինձ նույնիսկ թվում է` դա այն մարդն էր, որ 17 տարի խանգարեց տիեզերական անտենայիս կառուցմանը, հիմա էլ երևի տեղափոխվել է Իսրայել ու նոր գյուտս է ուզում գողանալ…
-Փո°ղ էր առաջարկում…
-Այն էլ ինչքա՜ն… Ասում էր` 80 հոգանոց քո թիմով արի Թել Ավիվ, մատդ դիր ցանկացած գիտական հիմնարկի վրա, ինչքան ուզում ես աշխատիր, փորձարկիր, փչացրու, մինչև ուզածիդ հասնես, հետո էլ վերադարձիր քո երկիր, գյուտդ աշխատացրու…
-Երանի իրական մի բան լիներ։
-Չհավատաս։ Մոսկվայում 5 հրեաներով իմ ռուս ղեկավարի դեմ էին աշխատում։ Մի օր չդիմացա, ասացի` ի՞նչ եք շակալների նման վրա տվել էս մեծ մարդուն։ Դուք ո՞ւր էիք, որ նա ռադիոլոկատորներ էր սարքում։ Սսկվեցին։ Էդ խեղճ մարդը վերջապես դրանցից ազատվեց, Մոսկվայի մոտակայքում իր հսկա լոկատորը սարքեց, ինձ էլ օգնեց, որ տիեզերական անտենաս Օրգովում սկսեմ կառուցել։
-Ես Ձեր անտենայի մասին ռուսական հաղորդումներից եմ իմացել ու զարմացել։
-Հա, Սենկեևիչը որ եկավ մոտս, աչքերին չէր հավատում։ Ասաց` չէր պատկերացնի, որ աշխարհում այսպիսի հրաշք կտեսնի։ Իսկ դուք` հայ լրագրողներդ, լրիվ անտեղյակ եք։ Բա ժուռնալիստը անտեղյակ կլինի՞։ Բյուրականից այն կողմ ի՞նչ գիտեք։
-Դե, եկել եմ, որ իմանամ։ Աստղերն ե՞ք ուսումնասիրում։
-Ամբողջ տիեզերքը։ Գիտե՞ս՝ ինչ բան է ռադիոալիքը։
-Լսել եմ` երկար ու կարճ։
-Ապրես։ Մենք հենց դրանք ենք որսում։
-Իսկ բանականություն կա՞:
Հերունին հոգոց հանեց.
-Դեռ չեմ հանդիպել։ Ասեղի մի անցքից ոնց որ նայես անսահմանությանը։ Քանի՜ տարի պետք կլինի… Բայց թող ոչ մի բանականություն էլ չլինի։
-Ինչո՞ւ։
-Լավ բանի սպասելիք չունեմ։ Իսկի մարդը մարդուն չի հասկանում։
Այ, օրինակ, ռուսական դպրոցը մեզ շատ բան տվեց, շատ գիտնականներ աճեցրեց, բայց փորձիր մի բան ուզել քո երկրի համար։ Չեն տա։ Ուզում են, որ ամեն ինչ իրենց մոտ լինի` իրենց հողում։ Ասում էին` բեր տիեզերական անտենադ Սև ծովի ափերին սարքիր, հինգ անգամ ավել փող կտանք։ 17 տարի պայքարեցի ռուսական բյուրոկրատիայի ու ներսի խառնակիչ հրեաների դեմ։
-Իսկ մերո՞նք…
-Մերոնք էլ ինձ անընդհատ ստուգում են։ Մի բան ասես, հազար հարց կտան։ Ասա` տո ֆիզիկայից ի՞նչ ես հասկանում, որ էդքան հիմար հարցեր ես տալիս, ա’յ տգետ։ Եղածդ հաշվապահ չի՞։
-Ֆինանսիստներին նկատի ունե՞ք։
-Հա էլի, բանկի փող հաշվողներին։ Իբր բյուջեն խնայում են։
…Արդեն 2000 թվականն ենք գլորում, հույս ունեի, որ գոնե էս տարի արևի կայանս կփորձարկեմ, երկրին օգուտներ կբերեմ։ 7-8 տարի է, չեն թողնում, որ մի կիսագնդի մակերես հայելապատեմ, վերջնական արդյունքները ցույց տամ։ Իսկ գիտե՞ս` Չինաստանը ո՜նց է սպասում։ Մարդիկ նախագծիս մասին մի թեթև լսել են ու արդեն հազար հատ կայան են պատվիրել։
-Բա մեր կառավարությունն ի՞նչ է մտածում։
-Դանդալոշների հավաքածու ասա, ի՞նչ կառավարություն։ Երեկ էկոնոմիկայի նախարարությունից նորից մի հիմար նամակ էին ուղարկել։ Ինչ-որ մեկը դրանց հուշել է, թե իբր իմ զանգը կհալվի, բարձր ջերմությանը չի դիմանա։ Բայց հրթիռները շփման մեծ ջերմությունից ինչո՞ւ չեն հալվում, կասե՞ս։ Եվ հետո ես հովացման հատուկ համակարգ եմ մշակել։ Դա հաշվապահների խելքի բանը չէ, որ գնամ, բացատրեմ։
-Հետաքրքիր է, իսկ այսօրվա հրեան հարցեր տալի՞ս էր։
-Ոչ մի հարց։ Հրեաներին գո’րծն է հետաքրքիր, գո’րծը։ Նույնիսկ պատրաստ են մեծ կորուստներ կրել, թանկարժեք փորձեր կրկնել, բարդ համաձուլվածքներ ստանալ, միայն թե մի ճիշտ արդյունք տեսնեն… Էդ մերոնք է, որ ուզում են` ամեն ինչ պատրաստի դնես բուռները, հետն էլ արդյունքը ստանաս քո միջոցներով, դրսից փող ուզելով… Իմ աճեցրած 40 դոկտորներց շատերը էս վերջին տարիներին ստիպված հեռուստացույց նորոգող են դարձել։ Բոլորի աչքը այս ծրագրի վրա է, լավ բանի են սպասում, գիտության մարդու համբերությամբ դեռ սպասում են։
Եվ իմացե’ք. որ օրը արևի մեր մեծ, կիսագնդաձև կայանները ստեղծենք, Հայաստանը դրախտ կդառնա։ Էն տափակ կայաններին մի’ խաբվեք։ Դրանք ի՞նչ են Հերունու նախագծածի դիմաց։
Դրանք իսկի մի տուն չեն տաքացնում։ Իմ կայանով մի ամբողջ թաղամաս կտաքանա, ասենք` մի ամբողջ Զեյթուն կամ մի Քանաքեռ։ Համեմատելու բա՞ն է… Էկոնոմիկայի նախարարդ էս քանի օրն ասում էր` պարո’ն Հերունի, տանիքներին որ դնում են, դրանցից ստեղծիր։ Ես գնամ էդ մարդուն նորից ի՞նչ ասեմ: Տասն անգամ արդեն բացատրել եմ, որ թանկից էժանը չկա։ Ասել ու ասում եմ` Էսօր հազարը որ ծախսես, էգուց կշահես միլիոններ……
Սիրելի’ Պարիս Հերունի, եթե մի օր գլուխդ բարձրացնեիր ու տեսնեիր, որ հիմա` քո գյուտից մի երեսուն տարի անց էլ հսկա նախագծերիցդ ոչ մի բան չենք փորձարկել ու անգամ հայտնի զենքերիցդ ոչ մեկը չենք կիրառել… Եթե տեսնեիր, որ հազիվ մի քանի տափակ կայան ենք դնում մի քանի ունևորների տանիքներին, դա մեծ ձեռքբերում համարում, իսկ պատերազմում առանց քո զենքերի տարվում, իրար միս ուտում ու աղքատության մեջ տապակվում, մեր մասին ի՞նչ կմտածեիր…
Տեսնես՝ ո՞վ է տեսնելու այն Հայաստան-դրախտավայրը, որ քո մտքի աչքով հազար անգամ տեսել ու գծել էիր, սիրելի’ Պարիս Հերունի։ Եվ ո՞վ է կրկին բացահայտելու Քարահունջի խոսող քարերի այն գաղտնիքները, որ գտար դու, բայց որոնք շատերը կուզենային թաղել քար լռության մեջ…
Արմենուհի Դեմիրճյանի հուշագրությունը ակադեմիկոս Պարիս Հերունու մասին։