Եթե տգետ ես, չի նշանակում, որ ուրիշ երկրների ղեկավարներն ավտոմատ դառնում են տգետ. ինքդ դիմում ես ՀԱՊԿ-ին, դեմ ես քվեարկում, հետո ասում՝ ՀԱՊԿ-ը չօգնեց. Էդգար Ղազարյան
Advertisement 1000 x 90

Եթե տգետ ես, չի նշանակում, որ ուրիշ երկրների ղեկավարներն ավտոմատ դառնում են տգետ. ինքդ դիմում ես ՀԱՊԿ-ին, դեմ ես քվեարկում, հետո ասում՝ ՀԱՊԿ-ը չօգնեց. Էդգար Ղազարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը հասարակական գործիչ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է։

Հարցազրույցի մանրամասները՝ ստորև.

2017թ․ դեկտեմբերին՝ 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից առաջ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախագիծ էր շրջանառել խորհրդարանում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։

ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները մինչև 2018 թվականը

Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է 1992 թվականի մայիսի 15-ից: Մի քանի անգամ Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ-ում նախագահությունը, վերջինը՝ 2016 թվականին: Հայաստանի նախագահության շրջանում ձևավորվել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժեր, միասնական հակաօդային պաշտպանության համակարգ:

Հայաստանը երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին ռազմական օգնության խնդրանքով՝ ոչ Արցախյան առաջին պատերազմի, ոչ էլ 2016 թվականի ապրիլյան 4-օրյա պատերազմի ժամանակ: ՀԱՊԿ-ում անդամակցության շրջանում Հայաստանը եղել է կազմակերպության անդամ միակ երկիրը, որն ունեցել է ՆԱՏՕ-ի հետ գործողությունների անհատական ծրագիր և ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո մասնակցել է միջազգային խաղաղապահ առաքելություններին՝ Կոսովոյում, Աֆղանստանում: Հայաստանի նախագահը մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին, վերջին անգամ 2016թ.՝ Վարշավայում:

ՀԱՊՀ-Հայաստան հարաբերությունները 2018 թվականից հետո

2019թ․Երևանում ձերբակալվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, և պարզվում է, որ ՀԱՊԿ անդամները, ովքեր միանձնյա քվեարկել են Խաչատուրովի օգտին, տեղեկացված չէին էլ եղել այդ մասին։ Սա Փաշինյանի կառավարության կողմից վերաբերմունք էր ՀԱՊԿ-ի նկատմամբ։

Հայաստանը ետ է կանչել Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ-ում ներկայացուցչի, նաև գլխավոր քարտուղարի պաշտոնից: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը վետո է կիրառել նոր գլխավոր քարտուղարի ընտրության ժամանակ՝ խախտելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը այբբենական կարգով հաջորդ երկրի ներկայացուցչին գլխավոր քարտուղար ընտրելու մասին, ինչի հետևանքով ՀԱՊԿ-ը շուրջ մեկ տարի չի ունեցել գլխավոր քարտուղար:

2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ռազմական դրություն է հայտարարել, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Ռուսաստանին:

Առաջին անգամ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է 2022թ․ ջերմուկյան ներխուժումների ժամանակ, այն էլ՝ ոչ թե ռազմական օգնություն ստանալու, այլ՝ խորհրդատվություն ստանալու նպատակով։ Ընդ որում, այդ ժամանակ Հայաստանում ռազմական դրություն չէր հայտարարվել, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը չի ընդունել, որ Ադրբեջանը ներխուժել է մեր երկիր։ Մեծ հարց է՝ ՀԱՊԿ-ին դիմել են ֆունկցիոնալ օգնություն ստանալո՞ւ նպատակով, թե՞ սաբոտաժի ենթարկելու արկածախնդիր քայլով։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, չնայած այն բանին, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայտարարվել է ռազմական դրություն, Հայաստանը պաշտոնապես չի դիմում ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Ռուսաստանին:

2021 թվականի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին՝ սակայն ոչ թե ռազմական աջակցության, այլ խորհրդատվության նպատակով։ Չնայած Ադբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման փաստերին՝ Հայաստանում ռազմական դրություն չի հայտարարվում։

2022 թվականից Հայաստանը ստանձնում է ՀԱՊԿ-ում նախագահությունը:

2022թ. հունվարի 5-ին ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով դիմում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

2022թ. հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կազմակերպությունը Ղազախստան է ուղարկում «հավաքական խաղաղապահական ուժեր»։ Առաքելությունն ավարտվում է հունվարի 13-ին:

2022թ. սեպտեմբերի 13-ին պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ռազմական օգնության խնդրանքով դիմում է ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ռուսաստանի Դաշնությանը՝ ռազմական օգնության խնդրանքով:

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի 2022թ. սեպտեմբերի 13-ի որոշմամբ Հայաստան է ուղարկվում ՀԱՊԿ առաքելությունը Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և Միասնական շտաբի պետ գեներալ- գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ:

Սեպտեմբերի 15-ին Հայաստան է ժամանում Անատոլի Սիդորովը:

Սեպտեմբերի 19-ին Հայաստան է ժամանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Հայաստանում մինչև սեպտեմբերի 21-ը գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է հանդիպել նրա հետ:

2022թ. սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Նյու Յորք, մասնակցում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստին, որտեղ խոսում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների, այդ թվում՝ մայրաքաղաքի նկատմամբ հավակնությունների մասին:

ՄԱԿ-ի ԳԱ-ին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Փաշինյանը հանդիպում է ունենում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ: Փաշինյանը չի հանդիպում այդ օրերին Նյու Յորքում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

2022թ. հոկտեմբերի 28-ին տեղի է ունենում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի առցանց ձևաչափով նիստ, որը վարում է Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվում են Հայաստանին տրամադրվելիք ՀԱՊԿ օգնության առաջարկությունները, որը չի ընդունվում՝ Հայաստանի առարկությունների պատճառով։ Որոշվում է հարցի քննարկումը տեղափոխել հաջորդ նիստին:

2022թ. նոյեմբերի 23-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ նախապես համաձայնեցված Հայաստանին տրամադրվելիք ՀԱՊԿ օգնության փաթեթը չի ընդունվել միայն Հայաստանի դեմ քվեարկելու հետևանքով (դիվանագիտական, դիտորդական առաքելության տեղակայման, ռազմա-տեխնիկական աջակցության):

Փաստորեն, ՀԱՊԿ անդամ միակ երկիրը, որը դեմ քվեարկեց Հայաստանին օգնություն տրամադրելուն, եղել է Հայաստանը։ Փաշինյանն ինքը դիմում է ՀԱՊԿ օգնությանը ու ինքն էլ դեմ է քվեարկում, հետո ասում է՝ ՀԱՊԿ-ն օգնություն չտրամադրեց։

Եթե ինքը տգետ է, չի նշանակում, որ ուրիշ մարդիկ, երկրների ղեկավարներ ու կազմակերպություններ ավտոմատ դառնում են տգետ։

Խնդիրը դրված է Հայաստանից հեռացնել ռուսական ռազմական ներկայությունը։ Հայաստանում այս պահին կա 3 ստացիոնար, իրարից տարբեր ռազմական ներկայություն՝ 102-րդ ռազմաբազա, Արցախի խաղաղապահ առաքելություն և Սյունիքում ու «Էրեբունի» և «Զվարթնոց» օդանավակայաններում տեղակայված սահմանապահ ռազմական ներկայություն։ Այս 3-ն անհանգստություն են ստեղծել Փաշինյանի իշխանության համար։

Ես հաճախ եմ ճամփորդում, և ինձ դեռևս «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահ չի հանդիպել։ Այդ ծառայությունը միայնակ չի գործում, այլ Հայաստանի՝ ԱԱԾ-ի հետ համատեղ, և հայ ժամկետային զինծառայողները նույնպես ծառայում են այդ ծառայության կազմում։

Սահմանը միայն ցամաքային չի լինում, այն ենթադրում է նաև օդային սահմանի պահպանություն։

Երբ դու չես պաշտպանում քո սահմանները նույն Սյունիքում, և նոյեմբերի 9–10-ին ամեն րոպե սպասելի էր ադրբեջանական ներխուժման վտանգ, միակ երաշխիքը դառնում է ռուսական դրոշի առկայությունն այդ տարածքում։

Ստորագրված բոլոր փաստաթղթերը ներպետական վավերացում չեն անցել, հետևաբար՝ դրանց կատարումը ոչ թե պետության, այլ այն ստորագրողի՝ Նիկոլ Փաշինյանի պարտավորությունն է։ Հայաստանի հաջորդ վարչապետը որևէ պարտավորություն չի ունենալու կատարել Նիկոլ Փաշինյանի ստորագրածը։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը Փաշինյանը չի կատարում, քանի որ ուզում է ճանապարհների վերահսկողությունը հանձնել ոչ թե ռուսական ФСБ-ին, ինչի տակ ստորագրել է, այլ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը, որում հնարավորություն կա ընդգրկել նաև Թուրքիային, որը ՆԱՏՕ-ի կարևորագույն երկրներից է և կուրատորն այս տարածաշրջանում։

ԵՄ դիտորդական առաքելության կազմում Կանադային մասնակցություն է տրվել 2 դիտորդով, այն դեպքում, երբ Կանադան ԵՄ անդամ չէ, սակայն ՆԱՏՕ-ի անդամ է:

ԵՄ նոր դիտորդական առաքելության վերաբերյալ պայմանագիրը տարել են Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն վարույթ է ընդունել փետրվարի 16-ին և 4 օրում կայացրել որոշում։ Սա ռեկորդ է ՍԴ պատմության մեջ, որը, վստահ եմ, չի էլ կրկնվի։ Սա խոսում է այն մասին, որ ՍԴ-ն դարձել է քաղաքական մարմին։ Նիկոլ Փաշինյանը երբեք ՍԴ ուղարկվող փաստաթղթերը չի ստորագրել․ դնում է միայն էլեկտրոնային ստորագրություն, որից ցանկացած պահի կարող է հրաժարվել։ Եվ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն այս գործով դրա վերաբերյալ բավականին կարևոր ու ծավալուն հատուկ կարծիք է գրել։

ԵՄ քաղաքացիական դիտորդներն ազատված են եկամտահարկից, ԱԱՀ-ից, պետությունը երաշխավորում է նրանց ազատ տեղաշարժը, նրանց ներկրած բեռները մաքսային հսկողություն չեն անցնում, առաքելությունն ունի դիվանագիտական առաքելության կարգավիճակ։

Նիկոլ Փաշինյանն այս պայմանագիրը մտցրեց ՍԴ, որ այն դառնա պետության պարտավորությունը, որ իրենից հետո պետությունը չկարողանա ոչինչ անել։ Սա նշանակում է՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը կարող է ցմահ մնալ Հայաստանում, եթե սա Պառլամենտը վավերացնի։ Եվ կրկնում եմ, նրանց թիվը կարող է ավելացվել ու համալրվել թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցներով։

Նիկոլ Փաշինյանն այս փոքր հողակտորի վրա սրում է բոլոր այն պետությունների խնդիրները, ովքեր գլոբալ հակամարտություններ ունեն իրար հետ։ Իմաստը հայկական պետության վերացումն է։

Մանրամասները՝ տեսանյութում։ 



Նման նյութեր