«Հրեական մի զորավար, նահանջելով հռոմեական լեգեոնների առջև, խոր դժգոհության առիթ է տալիս իր բանակին։ Զինվորների հարցումին՝ ինչու՞ չի դիմադրում, նա պատասխանում է, թե իրեն ազատ չի համարում աննշան վայրի համար թափելու այն արյունը, որ պահել է Սողոմոնի տաճարի պաշտպանության համար։
Եվ կրնկակոխ շարունակում է նահանջը։ «Զորավարը, սակայն, կանգ չառավ նաև Սիոնի պատերի տակ»,- ասում է պատմությունը։ Եվ Տիտոսի (Հռոմի կայսեր) լեգեոնները կործանեցին Երուսաղեմը։
Ո՛չ, ո՛չ, զորավա՛ր, դու սոփեստում էիր՝ սրբություն կեղծելով։ Դու մեռնել չէիր ուզում, դու երկչոտ էիր, որով և անազնիվ։
Կարևորագույն վայրերի պաշտպանությունն ապահովում են նվազ կարևորների համառ պաշտպանությամբ միայն։ Այսպես է, և ոչ այլ կերպ։ Ըստ իր կարևորության, «տաճար» է ամեն դիրք, և իբրև այդպիսին պիտի պաշտպանել դա։ Չկան ո՛չ աննշան դիրքեր, ո՛չ էլ աննշան գործեր կռվադաշտում։ Այնտեղ կարևոր է նշանակալից ամեն ինչ։ Եվ, եթե կա աննշան մի բան, դա էլ հենց մարդկային արյունն է, անգամ զորավարի արյունը։»։
Գարեգին Նժդեհ