Այսուհետ ականատես կլինենք բազմաթիվ ընտրակաշառքների՝ դրամաշնորհների տեսքով․ ցածր վարկանիշի փրկօղակը
Advertisement 1000 x 90

Այսուհետ ականատես կլինենք բազմաթիվ ընտրակաշառքների՝ դրամաշնորհների տեսքով․ ցածր վարկանիշի փրկօղակը

Արցախյան առաջին ազատամարտի մեկնարկին դեռևս կանոնավոր բանակ չկար։ Այն ձևավորվում էր պայքարին զուգահեռ, բնականաբար պատերազմի ողջ ծանրությունը փառքով իրենց վրա էին վերցրել տարբեր կամավորական ջոկատներ, որոնց հիման վրա հետագայում կազմավորվեց Երկրապահ կամավորականների միությունը։

Սակայն Հայոց կանոնավոր բանակի ի հայտ գալուն մեկտեղ ԵԿՄ-ն պետք է տարալուծվեր ՀՀ ԶՈՒ-ի շարքերում, ինչն իրականում տեղի ունեցավ, սակայն մասամբ, ոչ ամբողջապես։ 90-ականներին, երբ արդեն կար ամբողջովին ձևավորված բանակ, անհրաժեշտ էր կազմալուծել ԵԿՄ-ն, որովհետև չէր կարող պետության մեջ, պետական մարմիններից անջատ լինել կիսառազմանակացված միավոր, սակայն այդ տարիներին պետության կողմից քաղաքականապես շատ վտանգավոր քայլ կլիներ գնալ ԵԿՄ-ի լուծարմանը։ Մարդիկ նոր էին վերադարձել պատերազմից, շատ դեպքերում արդարացիորեն պահանջում էին հարգանք ու ակնածանք իրենց անձի հանդեպ, հատուկ ուշադրություն ու մեծարանք նաև սեփական կառույց ունենալու տեսքով։

Շատերը ենթադրում էին, որ պատերազմն ու քաղաքականությունը նույն բանն են, ու եթե լավ կռվել են, կարող են նաև հաջողությամբ քաղաքականությամբ զբաղվել։ Բարդ տարիներ էին․ թե՛ անձանց, թե՛ կառույցներին պետք էր մոտենալ խիստ զգուշորեն։ Ցանկացած շտապ ու անզգույշ քայլ, կարող էր վիրավորել մարդկանց ու կառույցի արժանապատվությունը, ինչն էլ կհարվածեր դեռ ոչ այնքան կայուն պետականությանը։

Ինչևէ, ԵԿՄ-ն չլուծարվեց, ու թեպետ փառք ու պատիվ բոլոր ԵԿՄ-ականներին, այնուամենայնիվ, երբեմն իրենց կամքից անկախ, այդ կառույցն աստիճանաբար վերածվեց քաղաքական գործիքակազմի։

Տարիներ անց նույն ԵԿՄ-ում տեղի ունեցավ շերտավորում, աստիճանաբար ԵԿՄ թափանցեցին մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեին Արցախյան ազատամարտի հետ, սկսեցին շքանշաններ ստանալ այնպիսի նորաթուխ ԵԿՄ-ականներ, որոնք ոչ մի մարտական գործողության չէին մասնակցել։

Տեղի էր ունենում մեկ այլ, բայց արդեն բնական գործընթաց նույնպես։ Իրական ԵԿՄ-ականները սկսում էին ծերանալ ու աստիճանաբար իրենց տեղը զիջել առավել երիտասարդների, որոնցից շատերի համար ԵԿՄ վկայականը հանդիսանում էր հոխորտալու ու հարցեր լուծելու միջոց։

2018 թվականի «հեղափոխությունից» հետո նորաթուխ իշխանությունները՝ ամեն ինչ վարկաբեկելու ու ապականելու իրենց առաքելությամբ, սկսեցին վարկաբեկել նաև ԵԿՄ-ն՝ մեղադրանքներ առաջադրելով ու կալանավորելով Արցախյան առաջին ազատամարտին իրենց հսկայական ու անուրանալի ավանդն ունեցող գեներալներին։ ԵԿՄ-ն անցավ մի մարդու ձեռքը, որը թեպետ մասնակցել է պատերազմին, սակայն 2018 թվականի իշխանազավթումն ավելի արժեքավոր համարեց, քան Արցախի ազատագրումը։ Արդեն իսկ ակնհայտ էր, որ ԵԿՄ-ն նույնպես գնում է քպ-ականացման ճանապարհով։ Բնականաբար խոսքն առանձին անհատներին չի վերաբերվում, այլ կառույցին՝ հավաքական իմաստով։

Եվ այսպես, այսօր կառավարության նիստով ԵԿՄ-ին է հատկացվել մոտ 235 միլիոն դրամ, որպեսզի նա 2024 թվականին շարունակի իր գործունեությունը ողջ ծավալով։

Պաշտոնական մեկնաբանությունն այն է, որ ԵԿՄ-ն օժանդակում է ՊՆ-ին՝ իր առջև դրված խնդիրների կատարմանը ու դաստիարակում է ապագա զինվորներ։

Իսկ ի՞նչ խնդիրներ է իր առաջ դրել ՊՆ-ն, առհասարակ ի՞նչ հարց է լուծում պաշտպանական գերատեսչությունը, երբ թշնամին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում ու դուրս գալու միտք էլ չունի, քանի որ չի տեսնում որևէ քայլ, որևէ դիմադրություն, որևէ հարված ՀՀ ՊՆ-ի կողմից։ Ի՞նչ առաջադրանք է կատարում մեր պաշտպանական գերատեսչությունը, երբ արգելել է կրակել թշնամու վրա նույնիսկ այն դեպքում, երբ թշնամին դիմում է սադրանքի, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կրակողները կենթարկվեն պատասխանատվության, ինչից թշնամին ավելի սանձարձակ է դառնում, և արդյունքում հաջորդ իսկ օրը Ներքին Հանդում զոհվում են ԵԿՄ-ականներ։

Բացի այդ, նոնսենս է առաջանում։ Մի կողմից երկրի իշխանությունները հանձնում են Ալիևի պահանջած ցանկացած տարածք ու պատրաստակամություն են հայտնում հետայսու նույնպես հանձնելու, Ալիևի ռազմատենչ հայտարարություններին պատասխանում են ոչ մեկին պետք չեկող խաղաղության օրակարգով, փակ հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանն անասնական վախով բռնված հայտարարարում է, որ պատերազմի դեպքում Ադրբեջանը կհասնի Երևան, երբ ՊՆ-ն զորավարժությունների փոխարեն բասկետբոլի ու ֆուտբոլի առաջնություններ է կազմակերպում, երբ դեռևս լուրջ զենք ձեռք չբերած ֆրանսիական ինչ-որ զրահամեքենաներ վերածում են փիառի, սակայն իրականում տեղի է ունենում բանակի ակնհայտ թուլացման ու գրեթե կազմալուծման գործընթաց, ապա տարօրինակ չէ՞, երբ հայրենասիրության ու զինվորներ կրթելու անվան տակ որևէ ՀԿ-ի տրամադրվում է այդչափ գումար։

Փառք ու պատիվ ԵԿՄ անդամներին, սակայն ավելի ողջամիտ կլիներ, եթե պետության միջոցները տրամադրվեին ուղիղ բանակին, առանց միջնորդի ու առանց այլևայլության։

Սակայն այս իշխանություններն ամենևին էլ մտահոգված չեն բանակի ամրապնդմամբ, ՊՆ ղեկավարի միակ առաքելությունն Ալեքսանդր Մակեդոնացի կեցվածքով ԱԺ-ի միջանցքներով ճեմելն է, ձեռի հետ վայր գցելով տեսախցիկները, ԳՇ պետի առաքելությունը լրագրողների վրա մուննաթ գալն է ու ցինիկաբար հայտարարել, որ ոչ մի տարածք չենք հանձնելու, մոռանալով, որ այս իշխանությունները առաջին հերթին հանձնեցին հենց իր հայրենիքը՝ Արցախը, իսկ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը միակ բանը որ անում է, բոլորին երեսով տալն է, որ իր մարմնում բազմաթիվ բեկորներ կան։

Ցավոք այս իշխանությունները երբեք անկեղծ չեն եղել ոչ իրենց խոսքերում, ոչ էլ իրենց գործողություններում, հետևաբար պետք է ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի վրա։ Պատահական չէ, որ կառավարությունը հենց այսօր որոշեց ԵԿՄ-ին հատկացնել շուրջ 235 միլիոն դրամ, որովհետև երեկ հարցման արդյունքներով պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իջել է պատմական մինիմումի։ Նա արդեն հստակ գիտակցում է, որ ցանկացած ընտրության դեպքում, լինի արտահերթ, թե հերթական, վերընտրվելու որևէ շանս չունի, ուստի գործի է դրվում պետության միջոցներից ընտրակաշառքների մեխամիզմը։

Շատ մոտ ապագայում մենք ականատես կլինենք, որ որոշակի անդամների քանակ ունեցող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ տարբեր ամպագոռգոռ պատճառաբանություններով կստանան տարբեր չափի դրամաշնորհներ։

Որպես վերջաբան ևս մեկ անգամ շեշտենք, ասվածն ամենևին չի վերաբերվում ԵԿՄ անդամներին, նրանք անկեղծ են իրենց մղումներում ու հայրենասիրության մեջ, ցավոք իշխանություններն են նենգ իրենց մտադրություններում ու անհայրենիք։

Կարեն Կարապետյան

yerevanlive.am