Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է. «Երկիր ղեկավարող անձը ասում է, որ ոչ չորս գյուղերի հանձնումը, ոչ դելիմիտացիան ու դեմարկացիան ընդհանրապես չեն երաշխավորում պատերազմական սպառնալիքից։
Մենք, ըստ էության, հող ենք հանձնում, որ Ալիևի լեզուն կարճ լինի։ Այսինքն` սահմանի ամբողջ երկայնքով ռազմավարական նշանակության տարածքներ են հանձնվում` միջազգային հարթակներում չմոյի նման նվնվալու իրավունք ձեռք բերելու համար` ախպեր, ինչ ուզեցիր, տվեցինք, հիմա ինչու ես հարձակվում։
Կարճ ասած, միակողմանի զիջումների նպատակը Հայաստանի վրա լեգիտիմ հարձակման հնարավորությունը չեզոքացնելն է։
Իհարկե, միայն տկարամիտ քաղաքական գործիչները չգիտեն, որ աշխարհում գոյություն չունի այլ պետության վրա հարձակվելու կամ չհարձակվելու լեգիտիմ իրավունք։ Իրենց քաղաքական տգիտությունը լեգիտիմ իրավունք, իրական հայրենիք պուպուշ եզրույթների տակ փաթեթավորող թերուսների իշխանությունը երևի չգիտի, որ հարձակման համար լինում է պատրվակ, իսկ պատրվակները քննելու լեգիտիմ մարմիններ գոյություն չունեն։
Պատրվակ կարող է դառնալ որևէ սահմանային սադրանք, որևէ ռազմական պատահար, հետևաբար մեկ րոպեում կարող է հողերը հանձնվելով Ադրբեջանին հարձակման իրավունքից զրկելու ցնորամիտ մտավարժանքը Հայաստանը վերածել խաբեությամբ կուսությունից զրկված աղջկա, ով դասարանի ուժեղ տղային տրվել է ամուսնանալու թաքուն հույսով, բայց որևէ պատրվակով դուրս է վռնդվել նրա կյանքից։
Ավելին, բոլոր միակողմանի զիջումներին պատրաստ Նիկոլը, ում փայլուն հրամանատարությամբ տարերայնորեն բաց դաշտերում անկազմակերպ, անտեր մնացած մեր երեխաները ուղղակի թշնամու երախը նետվեցին, գուժում է պատերազմի հնարավորության մասին` արդեն իսկ կանխորոշելով նրա ելքը։
Մի կողմ թողնենք՝ «Խոսելու փոխարեն գնացեք սահման պահեք» ու նման ոչխարային բառակույտերը, ի՞նչ է անում նախապատերազմական վիճակում գտնվող երկրի իշխանությունը, ինչպե՞ս է պատրաստվում կանխել նոր արհավիրքը, ո՞ւմ հրամանատարությամբ։ Թե՞ պատրաստվում եք կրկին պատերազմ ղեկավարել` պարտության վախը ներարկելով հանրային բոլոր շերտերի գիտակցության մեջ։
Ձեր ղեկավարությամբ մենք մեկ անգամ արդեն հոշոտվել ենք։ Հիմա ժամանակն է եկել հմուտ ղեկավարների ու բանագնացների։
Հա, ու մի լեգիտիմ իրավունք, այնուամենայնիվ, կա…
Հեռանալու կամ, ձեր սիրած լեզվով ասած, ջհանդամվելու իրավունքը…»։