Երաժշտություն լսելն օգտակար է տարեց մարդկանց կոգնիտիվ առողջության համար, անգամ եթե նրանք առաջ երաժշտություն չեն լսել կամ այնքան էլ չեն սիրել լսել, նշված է Սայմոն Ֆրեյզերի համալսարանի եւ Health Research BC-ի գիտնականների հետազոտությունում։
Network Neuroscience ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ երաժշտություն լսելը ակտիվացնում է տարեց մարդկանց ուղեղի պարգեւատրման հետ կապված հատվածները, անկախ երաժշտությանը նրանց ծանոթ լինելուց։
Հետազոտողները հետեւել են երաժշտություն լսած մասնակիցների երկու խմբի ուղեղային ակտիվությանը՝ ավելի երիտասարդ, որոնց միջին տարիքը 19 էր, եւ տարեց մարդկանց խմբերում, որոնց տարիքը 67 էր։
Մասնակիցները լսել են 24 նմուշ, ներառյալ այն երգերը, որոնք իրենք են ընտրել, հանրաճանաչ եւ ճանաչելի երաժշտությունը, որը միտումնավոր ընտրել են հետազոտողները, եւ ոչ միանշանակ երգերը, որոնք գրվել են հատուկ հետազոտության համար։
«Մենք հայտնաբերեցինք, որ ուղեղի կառույցները, որոնք պատասխանատու են ֆիզիոլոգիական եւ կոգնիտիվ պարգեւատրման մշակման՝ այսպես կոչված պարգեւատրման ցանցի համար, ակտիվանում են երիտասարդների մոտ, երբ նրանք լսում են երաժշտություն, որն իրենց դուր է գալիս կամ որին նրանք ծանոթ են։ Սակայն տարեց մարդկանց մոտ պարգեւատրման ցանցը երաժշտությամբ խթանվում է, անգամ եթե այն միանգամայն նոր է նրանց համար, կամ եթե նրանք տեղեկացնում են, որ այն իրենց այնքան էլ դուր չի գալիս»,- այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները։