Ինտերնետ-կախվածությամբ տառապող երիտասարդների ուղեղում քիմիական կազմի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել ավելի կախյալ վարքագծի, ենթադրում է հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Mental Health ամսագրում։
Հետազոտությունում կատարվել է նախորդ ուսումնասիրությունների վերլուծություն՝ ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ֆՄՌՏ) օգտագործմամբ՝ ուսումնասիրելու համար ինտերնետ-կախվածություն ունեցող մարդկանց ուղեղի հատվածների փոխգործակցությունը։
Հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են 12 նախորդ հետազոտությունները, որոնց մասնակցել է 10-19 տարեկան 237 դեռահաս՝ «ինտերնետ-կախվածություն» պաշտոնական ախտորոշմամբ 2013-2023թթ.։
Հայտնաբերվել է, որ երիտասարդների ուղեղում էֆեկտը դրսեւորվում է բազմաթիվ նեյրոնային ցանցերում, ինչպես նաեւ բարձր է ուղեղի հատվածների ակտիվությունը, երբ հետազոտության մասնակիցները գտնվել են հանգստի վիճակում։
Միեւնույն ժամանակ, նկատվել է ուղեղի այն հատվածների ֆունկցիոնալ կապի ընդհանուր նվազում, որոնք մասնակցել են ակտիվ մտածողությանը. ուղեղի կատարողական վերահսկման ցանց, որը պատասխանատու է հիշողության եւ որոշումների կայացման համար։
Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ փոփոխությունները դեռահասների մոտ հանգեցնում են ադիկտիվ վարքի առաջացման եւ հակում դրա հանդեպ, ինչպես նաեւ վարքային փոփոխությունների՝ կապված հոգեկան առողջության, զարգացման, մտավոր ունակությունների եւ ֆիզիկական կոորդինացիայի հետ։