Լիկա Սալմանյանին հեռուստադիտողն արդեն նոր նախագծում է տեսնում: Դերասանուհին նկարահանվում է Հանրային հեռուստաընկերության «Կյանքը շարունակվում է» հեռուստանախագծում: Լիկան նոր աշխատանքի և առաջիկա անելիքների մասին պատմել է Life.panorama.am-ին:
Լիկա, ինչպես արդեն հայտնի է, այսուհետ հանդես եք գալու «Կյանքը շարունակվում է» նախագծում: Նախ հետաքրքիր է իմանալ, արդեն հասցրե՞լ եք ինտեգրվել նոր թիմում:
– Այո, նոր աշխատանք ունեմ, որտեղ թիմը բավականին լավ ու պրոֆեսիոնալ մարդկանցից է բաղկացած: Ճիշտ է՝ երկար ժամանակ չէ, որ այս թիմում իմ ներգրավվածությունն ունեմ, սակայն հասցրել եմ հարմարվել նոր միջավայրին:
Այս նախագիծը դերասանների համար որքան հետաքրքիր, այնքան էլ դժվարություններ առաջացնող կարող է լինել, քանի որ անընդհատ մի կերպարից մյուսին պետք է անցնեք. այս առումով դժվարություններ չունե՞ք:
– Անկեղծ լինեմ՝ դեռ շատ չեմ նկարահանվել, ուստի կերպարային առումով ևս շատ փոփոխություններ դեռ չեն եղել:
Սա նախագիծ է, որը երկար ժամանակ չի պահանջում, հետաքրքիր է՝ այլ ծրագրեր ու հրավերներ ունե՞ք:
– Ընտրեցի հենց այս նախագիծը, որովհետև ժամանակային առումով այն ամբողջ օրս չի խլում: Այս աշխատանքս կարողանում եմ համատեղել մնացած գործերիս հետ: Այլ առաջարկներ ևս ունեմ, բայց դրանք բոլորը մերժել եմ՝ ելնելով և այս հեռուստաալիքի հոնորարից, և այլ պատճառներից:
Հետաքրքիր է՝ ի՞նչ փուլում են նաև դիմահարդարման դասընթացները, քանի որ նախորդ զրույցի ժամանակ պատմել էիք, որ փորձում եք Ձեզ նաև այդ ոլորտում:
– Արդեն իսկ ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու նույնիսկ սկսել եմ աշխատել նաև այդ ոլորտում: Ամեն ինչ հարթ հունով է ընթանում:
Լիկա, դուք չեք թաքցնում, որ սիրելի ունեք, սակայն նրա մասին բացահայտումներ ևս չեք անում: Գուցե այժմ, երբ օրեր առաջ նշում էինք սիրո տոները, փոքրիկ բացահայտումնե՞ր անեք:
– Անձնական հարցերի մասին ուզում եմ չխոսել: Անկախ տոներից՝ նախընտրում եմ մնալ իմ կարծիքին: