Ջոնս Հոփքինսի համալսարանի և Ծերացման ազգային ինստիտուտի ամերիկացի գիտնականները պարզել են, որ ընդհատվող ծոմապահությունն ու առողջ սնունդը բարելավում են տարեց մարդկանց ճանաչողական ֆունկցիաները: Հետազոտությունը հրապարակվել է Cell Metabolism (CellMet) գիտական ամսագրում:
Փորձին մասնակցել է 40 տարեց մարդ, որոնց մոտ ախտորոշվել է գիրություն և ինսուլինի դիմադրություն: Օրգանիզմի այս վիճակը մեծացնում է ուղեղի արագացված ծերացման և մտավոր ունակությունների անկման վտանգը։
Կամավորներին նշանակվել է երկու սննդակարգ՝ ընդհատվող ծոմ պահել կամ առողջ սնվել: Առաջին խմբում մասնակիցները շաբաթական երկու օր անընդմեջ սահմանափակեցին իրենց կալորիաների ընդունումը մինչև օրական արժեքի քառորդ մասը՝ խմելով երկու շեյք, որոնք ապահովում էին օրական 480 կալորիա: Մնացած հինգ օրը նրանք առողջ սննդակարգի են հետևել։
Երկրորդ խումբն ամեն օր սնվում էր առողջ սննդակարգով՝ օգտագործելով մրգեր, բանջարեղեն, ամբողջական ձավարեղեն, անյուղ սպիտակուցներ և ցածր յուղայնությամբ կաթնամթերք, ինչպես նաև խուսափելով աղ ու շաքար պարունակող մթերքներից:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ինչպես ընդհատվող ծոմը, այնպես էլ առողջ ապրելակերպի դիետան հանգեցրել են ինսուլինի դիմադրության նվազմանը և ճանաչողական ֆունկցիայի բարելավմանը:
Երկու խմբերի մասնակիցները ցույց են տվել ինսուլինի դիմադրության նվազում, սակայն բարելավումները ավելի ցայտուն են եղել ընդհատվող ծոմ պահելու խմբում: Դրա մասին է վկայում նեյրոնային արտաբջջային վեզիկուլներում հայտնաբերված ինսուլինային դիմադրության հատուկ կենսամարկերների զգալի նվազումը:
Ինչ վերաբերում է ուղեղի առողջությանը, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկու դիետաներն էլ օգնում են դանդաղեցնել ուղեղի ծերացման տեմպերը, հատկապես ուղեղի այն հատվածներում, որոնք կարևոր են գործադիր ֆունկցիայի համար, ինչպիսիք են առջևի կեղևը և նախաճակատային կեղևը: